Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անկախություն են ուզում

Նոյեմբեր 18,2009 00:00

Ուսխորհուրդները, որոնք հիմնականում կուսակցականացված կառույցներ են եւ երիտասարդ կարիերիստների
համար տրամպլին՝ դեպի քաղաքականություն, ուզում են անկախանալ:

Երեկ՝ Ուսանողության միջազգային օրը, Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ուսանողն այսօր» խորագրով համաժողով, որի ընթացքում հնչած զեկույցները հիմնականում ուսանողական ինքնակառավարման հիմնախնդիրներին էին վերաբերում: Սակայն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ելույթի սկզբում նշեց, որ ուսանողի այսօրվա խնդիրները չեն սահմանափակվում դրանցով: Նա իր ելույթում խնդրեց ուսանողներին սովորել եւ պահանջել, որ իրենց տված վճարի դիմաց ստանան որակյալ կրթություն: Անդրադառնալով ուսանողական ինքնակառավարման խնդիրներին՝ նա նկատեց. «Իհարկե, կարելի է հավակնել ավելի մեծ լիազորությունների, լծակների, օրենքով ամրագրված երաշխիքների եւ այլն, բայց նախեւառաջ պետք է օգտվել ներկայումս ընձեռված հնարավորություններից, որը չեք անում»: Ակտիվ եւ բարեխիղճ գործունեության համար պատվոգրերի արժանացան ԵՊՀ, ԵՊՏՀ, ԵՊԼՀ, ՀՊԱՀ, ԵՊԲՀ ուսխորհուրդները, իսկ Մանկավարժական համալսարանի ուսխորհրդին ակտիվ գործունեության համար ԿԳՆ-ն նվիրեց հեռուստացույց: Պարգեւատրվեց նաեւ «Ոչ պետական բուհերի ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Արմինե Բարսեղյանը: Այնուհետեւ ուսանողները հարցախեղդ արեցին նախարարին: Մտահոգություն հնչեց գիտաշխատողների ցածր աշխատավարձի մասին, որին ի պատասխան նախարարն ասաց. «Վերանայման են ենթակա ասպիրանտուրա ընդունվելու մեխանիզմները, քանի որ ասպիրանտուրա են ընդունվում հաճախ ոչ միայն գիտությամբ զբաղվելու, այլեւ ասպիրանտական կարգավիճակում որոշակի արտոնություններից օգտվելու համար: Իհարկե, մեծ բանակ են կազմում նաեւ նվիրյալները: Իրոք, գիտության ֆինանսավորումը մեր երկրում դեռ հեռու է ցանկալի մակարդակից: Բայց նաեւ նկատենք, որ գիտությունն այն միակ ոլորտն է, որտեղ գալիք տարվա բյուջեով բյուջետային կրճատումներ չեն նախատեսվում»: Ամսական 5000 դրամի չափով հատկացվող ուսանողական կրթաթոշակների հարցը եւս բարձրացվեց: Նախարարը «մխիթարեց» ուսանողներին. «Մենք հակված ենք ընդհանրապես վերացնելու ուսանողական կրթաթոշակները: Իրականում գումարի այդ ծավալն այնքան փոքր է, որ չի բավարարում ուսանողի անգամ տարրական կարիքներին: Բայց ընդհանուր կտրվածքով դա դառնում է մեծ գումար, որը, փաստորեն, ամսական փոշիացվում է: Մենք նպատակ ունենք Համաշխարհային բանկի 2-րդ վարկային ծրագրի միջոցով այդ ֆինանսական միջոցներն օգտագործել ավելի արդյունավետ՝ ուսանողական վարկերի մեխանիզմների ներդրման համար»: Ուսխորհուրդների իրավական դաշտի կարգավորման հիմնախնդիրների մասին «Առավոտը» զրուցեց նաեւ ուսխորհուրդների ղեկավարների հետ: ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահ Նարեկ Մանթաշյանը նշեց. «Ուսանողական ինքնակառավարման հիմնախնդիրներն ուղղակիորեն ազդում են ուսանողների խնդիրների լուծման վրա: Օրինակ՝ մենք տեղյակ ենք լինում տարբեր դրամաշնորհային ծրագրերից, բայց զրկվում ենք միջազգային կառույցների ուսանողական կազմակերպությունների հետ համագործակցությունից՝ միայն այն պատճառով, որ չունենք որեւէ իրավական կարգավիճակ: Մենք գործում ենք բուհի ներսում՝ բուհի ադմինիստրացիայի մեջ: Այսօր Բոլոնյան համակարգի գործընթացները դանդաղ են ընթանում, իրազեկումն է թերի, կան այլ թերություններ, բայց չենք կարողանում այդ հարցերը լուծել՝ ունենալով պոտենցիալ, չունենալով իրավական կարգավիճակ»: Նշենք, որ ուսխորհուրդների ղեկավարների մասնակցությամբ կազմվել է «Ուսանողական խորհուրդների մասին» օրենքի նախագիծ: Ն. Մանթաշյանը հավելեց. «Ուսխորհուրդները պիտի ունենան արհմիությունների նման կարգավիճակ եւ կարգավորվեն առանձին օրենքով: Ըստ նախագծի՝ ուսխորհուրդներն ունենալու են հիմնադրամային կարգավիճակ եւ ֆինանսավորում պիտի ստանան ուսանողների վարձերից՝ 0.5%-ի չափով»: ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը եւս կողմ է անկախ իրավական կարգավիճակին. «Իհարկե, համալսարանում անկախության հարցը մի փոքր այլ է, քանի որ ուսխորհրդի բյուջեն հաստատվում է խորհրդի նիստում՝ ամեն տարի: Բայց, միեւնույն է, պետք է ունենանք ֆինանսավորման մեր սեփական աղբյուրը»: «Առավոտի» հարցին՝ չե՞ն կարծում, որ այս «ըմբոստության» պատճառով  բուհերի ղեկավարության հետ խնդիրներ կունենան, ԵՊԼՀ ուսխորհրդի նախագահ Հասմիկ Ափյանն այսպես պատասխանեց. «Խնդիրներ կլինեն սկզբնական շրջանում, բայց երբ արդեն ուսխորհուրդներն իրավական ուժ կունենան, այդ խնդիրները կշտկվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել