Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԴՊՐՈՑ ԵՆ ՓԱԿՈՒՄ

Նոյեմբեր 18,2009 00:00

\"\"Իսկ Շիրակի մարզի դպրոցի տնօրեններին մասսայաբար պաշտոնազրկում են

Կառավարությունը մոտ մեկ ամիս առաջ որոշում է կայացրել լուծարել Գյումրիի ամենահին՝ 55 տարվա պատմություն ունեցող դպրոցներից մեկը՝ թիվ 23-ը, որը տեղակայված է 8-րդ զինվորական կամ «Պետուշոկ» կոչվող թաղամասում եւ սպասարկում է այստեղի ինչպես հայ, այնպես էլ ռուս երեխաներին: Պատճառը, ըստ պաշտոնական մեկնաբանության, այն է, որ վերոհիշյալ կրթօջախի շենքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, եւ այժմ անհրաժեշտություն է առաջացել այն վերադարձնել, չնայած կառավարության «Գյումրու N 23 միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը լուծարելու եւ ՀՀ 2002 թ. հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման մեջ այս մասին բառ անգամ չկա: Երկրաշարժից հետո՝ 1989 թ.-ին, այս դպրոցի ամբողջովին փլված շենքը նորից կառուցվեց նախկին ԽՍՀՄ ժողովուրդների՝ ուզբեկների, ղրղզների, ղազախների ուժերով, ու Գյումրիի համայնքի հաշվեկշռում չգրանցվեց: Դպրոցը լուծարելու փաստն անակնկալի է բերել ինչպես 80 հոգանոց կոլեկտիվին, այնպես էլ ծնողներին, որոնք մոլորվել են՝ որտե՞ղ պետք է սովորեն իրենց երեխաները: Նրանք չեն հասկանում, թե կառավարությունը գրչի մի հարվածով ինչպես կարող է «ջնջել» ամենահարուստ ավանդույթ ունեցող դպրոցը, որի շրջանավարտները, փայլելով ռուսերենից, համալրում էին ԽՍՀՄ նախկին երկրների լավագույն բուհերը:
 Բացի այդ՝ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը 10 օր առաջ պաշտոնազրկել է դպրոցի 13 տարվա տնօրեն Արփինե Արարքչյանին: Պատճառը, ըստ պաշտոնական տեղեկատվության, վերջինիս հետ կնքած պայմանագրի ժամկետի լրանալն է: «Առավոտը» Արփինե Արարքչյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է իրեն աշխատանքից ազատելու իրական պատճառը եւ ինչո՞ւ են 500 աշակերտ ունեցող դպրոցը լուծարում: Տիկին Արարքչյանը իր պաշտոնազրկման մասին գերադասեց  չխոսել, սակայն դպրոցի լուծարման հետ կապված չկարողացավ թաքցնել իր վրդովմունքը: «Կառավարությունը ծրագրել է աշակերտների մի մասին ավագ դպրոց տեղափոխել, մնացածին էլ ուղարկել այլ դպրոցներ: Կարծես խանութ է՝ ուզում են ցրեն, փակեն-պրծնեն: Գյումրիի շատ դպրոցներում 200 աշակերտ հազիվ է սովորում, իսկ մեզ մոտ՝ 500, ունենք ինչպես ռուսական, այնպես էլ հայկական դասարաններ: Բոլորն ահազանգում, բողոքում են կառավարություն՝ հորդորելով չիրականացնել այս խայտառակ որոշումը: 400 ծնող եւ 80 հոգանոց կոլեկտիվը ստորագրահավաք են կազմակերպել ու բողոք-նամակ հղել կառավարությանը, գնացել ենք քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մոտ՝ խնդրելով մի ճար գտնել: Միակ պաշտոնյան, ով այս պահին շահագրգռված է օգնելու՝ քաղաքապետն է: Նա խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի դպրոցի շենքն անցնի համայնքի հաշվեկշռին: Եթե դպրոցը ռուսներինն է,  ապա ինչո՞ւ է այն 17 տարի շարունակ ծառայել որպես ընտրատեղամաս»,- զարմանում է Արփինե Արարքչյանը: Իր պաշտոնանկման հետ կապված՝ նա ընդամենն ասաց, որ ինքը նշանակած տնօրեն է եղել, ոչ թե ընտրված, ուստի մարզպետն իրավունք չուներ իր հետ 1 տարի ժամկետով պայմանագիր կնքել, ապա պատճառաբանել, որ ժամկետը լրացել է ու ազատել աշխատանքից:
Ի դեպ, Գյումրիում նման պատճառաբանությամբ ազատել են նաեւ ֆրանսիական թեքում ունեցող թիվ 10 դպրոցի բազմամյա տնօրեն Մարտին Փաշինյանին: Իսկ Գյումրիից դուրս նույն պատճառաբանությամբ ազատել են նաեւ Պեմզաշենի, Մարալիկի թիվ 2, Ղազանչիի եւ Հովիտի դպրոցի տնօրեններին: Նրանցից մի քանիսը դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ դժգոհելով, որ մարզպետն իրենց շանս չի տվել պաշտոնավարել մինչեւ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը: Պաշտպանը այս հարցը պարզաբանելու համար անցած շաբաթ եկավ Գյումրի ու աշխատանքային խումբ թողեց Շիրակի մարզում: Մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանից: Պարոն Մինասյանը վստահեցրեց, որ թիվ 23 դպրոցի լուծարման հետ կապված կառավարության որոշումն այնպիսի մեխանիզմով կիրագործվի, որ ոչ մի մանկավարժ ու ոչ մի աշակերտ չի տուժի, իսկ տնօրենների մասսայական կրճատման հետ կապված՝ պարզաբանեց, որ նրանց բոլորի պայմանագրերի ժամկետները լրացել էին, իսկ նոր պայմանագիր չի կնքվել, որովհետեւ ազատված տնօրենները ժամանակին մարզպետից նկատողություն են ստացել: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնախմբի ուսումնասիրությունների հետ կապված ասաց, որ խախտումներ չկան, ամեն ինչ հարթ է ընթացել: «Հատկապես դժգոհ էինք Ղազանչիի դպրոցի տնօրենի աշխատանքից, եւ ոչ միայն մենք, այլ ամբողջ համայնքը»,- տեղեկացրեց կրթության վարչության պետը: «Առավոտը» դիմեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ են պարզել իրենց ուսումնասիրությունները: «Թող ոչ մեկը մեր կառույցի անունից հանդես չգա, մեր ուսումնասիրությունները Շիրակի մարզի դպրոցների նախկին տնօրենների աշխատանքային պայմանագրերի հետ կապված՝ դեռ ուսումնասիրման փուլում են, դեռեւս խնդիրներ կան»,- ասաց Օմբուդսմենի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գրիգորի Գրիգորյանը՝ խոստանալով տեղեկություններ հաղորդել՝ ուսումնասիրություններն ավարտելուն պես: Իսկ «Առավոտի» աղբյուրները պնդում են, որ տիկին մարզպետը Պեմզաշենի դպրոցի տնօրեն Ժորա Նազարբեկյանին աշխատանքից ազատել է այն պատճառով, որ նախագահական ընտրությունների ժամանակ նա կոլեկտիվին ու աշակերտներին չի պարտադրել մասնակցել Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզին, վերջերս էլ գյուղապետի ընտրությունների ժամանակ սատարել է ոչ թե ՀՀԿ-ի թեկնածուին, այլ՝ ընդդիմադիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել