Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՋՆՋԵԼԻ ՀԵՏՔ, ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ՎԱՍՏԱԿ

Նոյեմբեր 18,2009 00:00

Խոսք Գեորգի Սարաջեւի մասին

Այս տարի երաժշտական հասարակայնությունը նշում է հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, վաստակավոր արտիստ, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Գեորգի Սարաջեւի ծննդյան 90-ամյակը, բազում տաղանդներով օժտված մի երաժշտի, որն անջնջելի հետք թողեց Հայաստանի երաժշտական մշակույթի պատմության մեջ։
Երջանիկ են նրանք, եւ ես այդ թվում, ովքեր կարողացան սովորել Սարաջեւի՝ այդ մեծ ուսուցչի դասարանում, լսել նրա խոսքը, հիանալ նրա նվագով, այդ բարձրագույն ինտելիգենտի անմիջական ազդեցության ներքո կրթվել եւ դաստիարակվել ոչ միայն իբրեւ մասնագետ-երաժիշտ, այլ նաեւ իբրեւ մարդ-անձնավորություն։
Նա փայլուն դաշնակահար էր, փորձառու, իմաստուն մանկավարժ, տաղանդավոր կոմպոզիտոր, եռանդուն երաժշտական գործիչ։ Անցած տարիների հեռավորությունից ավելի ցայտուն է երեւում նրա այդ բազմակողմանի, արգասավոր գործունեության իսկական մասշտաբները, որ զարմանք եւ պատկառանք են առաջացնում։
Գ. Սարաջեւն իբրեւ դաշնակահար սովորեց եւ ձեւավորվեց Լենինգրադի դաշնամուրային նիկոլաեւյան հռչակավոր դպրոցի ներկայացուցիչ, հմուտ մանկավարժ Սամարի Սավշինսկու դասարանում, ժառանգելով այդ առաջավոր դպրոցի լավագույն ավանդույթները։ Մասնագիտական ժառանգականության մի չափազանց հետաքրքրական «տոհմածառ» է ուրվագծվում, երբ շարժվում ես աշակերտից դեպի ուսուցիչ. Սարաջեւ- Սավշինսկի- Նիկոլաեւ- Պուխալսկի եւ Սաֆոնով – Լիստ եւ Լեշետիցկի – Չեռնի-Բեթհովեն։ Այս «տոհմածառը» ես շատ եմ գնահատում եւ սիրում եմ հիշեցնել, որովհետեւ սրանով շատ բան է ասվում։ Այս շղթան ցույց է տալիս Սարաջեւ-երաժիշտ-դաշնակահարի կատարողական կուլտուրայի խոր եւ նշանավոր արմատները։ Այս յուրատեսակ «տոհմածառը» բերված է Շուշանիկ Բաբայանի Գ. Սարաջեւին նվիրված ոչ մեծ, բայց փաստերով հարուստ մենագրության մեջ։
Գ. Սարաջեւը 1942 թվականին գերազանցությամբ ավարտեց Լենինգրադի կոնսերվատորիան։ Ավարտական քննության ժամանակ նա այնպես կատարեց իր ծրագիրը, որ պետական հանձնաժողովի նախագահ, անվանի տեսաբան եւ կոմպոզիտոր, պրոֆեսոր Ք.Կուշնարյովը այսպիսի բնութագիր տվեց նրան. «Գ. Սարաջեւը բարձրագույն օժտվածության դաշնակահար է՝ մեծ մասշտաբի, ցայտուն արտահայտված արտիստական անհատականությամբ։ Նրա մեջ ներդաշնակ կերպով զուգորդվում են կատարվող երաժշտության բովանդակության մեջ խորապես թափանցելու կարողությունը, վառ հուզականությունը եւ վիրտուոզ կատարումը»։
Հատկանշական է հռչակավոր դաշնակահար Սոֆրոնիցկու կարծիքը. «Գեորգի Սարաջեւը լավ հայտնի է ինձ իբրեւ տաղանդավոր դաշնակահար՝ օժտված մեծ վիրտուոզային տվյալներով եւ գեղարվեստական նուրբ զգացողությամբ։ Նրա բազում ելույթները Լենինգրադի կոնսերվատորիայում միշտ ամենալավ տպավորությունն են թողել իմ մեջ։ Առանձնապես հիշելի են Լիստի հ-moll սոնատի եւ Շոպենի էտյուդների նրբագեղ կատարումները»։
Մենք հատկապես Ք. Կուշնարյովին ենք պարտական, որ նրա խորհրդով Երեւանի կոնսերվատորիայի ղեկավարությունը Կ. Սարաջեւի գլխավորությամբ 1944 թվականին «այդ տաղանդավոր հայ դաշնակահարին», ինչպես ներկայացրեց նրան Կուշնարյովը, հրավիրեց Երեւան։ Եվ ահա 42 տարվա իր բազմակողմանի գործունեությունը Գ. Սարաջեւը նվիրեց Հայաստանին, դառնալով ազգային առաջադեմ դաշնամուրային դպրոցի հիմնադիրներից մեկը։
Գ. Սարաջեւի մանկավարժական համբավը վաղուց դուրս է եկել Հայաստանի սահմաններից եւ բարձր գնահատվել մասնագիտական շրջանակներում։ Ռուսական դաշնամուրային դպրոցի փայլուն ներկայացուցիչներից մեկը՝ Գրիգորի Գինզբուրգը գրել է. «Անվիճելի է, որ Սարաջեւն իբրեւ մանկավարժ լավագույններից մեկն է Սովետական Միության մանկավարժների մեջ»։ Սա, անշուշտ, շատ բարձր գնահատական է։
Սարաջեւի դասարանն են ավարտել տարբեր ստեղծագործական անհատականություններ ներկայացնող 100-ից ավելի դաշնակահարներ, որոնց թվում են փայլուն կատարողներ, կոնսերվատորիայի առաջատար պրոֆեսորներ, տարբեր երաժշտական ուսումնական հաստատությունների դասատուներ, հայտնի կոմպոզիտորներ եւ երաժշտագետներ։
Բավական է հիշել տարբեր սերնդի սաներից մի քանիսի անունները, որպեսզի պարզ լինեն Գ. Սարաջեւի մանկավարժական վաստակի չափն ու կշիռը։ Նախ հիշենք առաջին շրջանավարտ Էլեոնորա Ոսկանյանին, ապա Նինա Ստեփանյանին, Ամալյա Բայբուրտյանին, Զելինե Զաքարյանին, Էլեոնորա Տեր-Գաբրիելյանին, Էլեոնորա Գալստյանին, Սեդա Սիլախտարյանին, որոնք եղան իրենց ուսուցչի մանկավարժական դպրոցի առաջին ժառանգորդները։
Հայաստանի երաժշտական արվեստում մեծ վաստակ ունի Սարաջեւի սան՝ դաշնակահարուհի եւ երգչուհի, բազմամյա մանկավարժ, կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարիաննա Հարությունյանը։
Այսօր կոնսերվատորիայում հաջողությամբ գործում են Աիդա Մելիք-Հայկազյանը, Իրինա Կոստանյանը, Մարգարիտա Մելիք-Ստեփանյանը, Զեմֆիրա Բարսեղյանը, Սերգեյ Սարաջյանը, Ալլա Սմբատյանը եւ ուրիշներ, որոնք ժառանգելով իրենց ուսուցչի հիմնած ավանդույթները, անմնացորդ նվիրվեցին մանկավարժական աշխատանքին՝ կրթելով բազմաթիվ տաղանդավոր դաշնակահարներ: Նրանց ջանքերի շնորհիվ պահպանվում եւ զարգանում են սարաջեւյան դաշնամուրային դպրոցի տոհմական գծերը՝ ընդհանուր երաժշտական բարձր կուլտուրան, պրոֆեսիոնալիզմը, բանիմացությունը, արվեստի նկատմամբ լուրջ եւ պահանջկոտ վերաբերմունքը։
Սարաջեւի սաներից են նաեւ կոմպոզիտորներ Էդուարդ Բաղդասարյանը, Ինեսա Սմբատյանը, Մարտին Վարդազարյանը, Լեւոն Չաուշյանը, Ստեփան Լուսիկյանը, Արտյոմ Ղազարյանը, երաժշտագետ Գեորգի Գյոդակյանը։
Սարաջեւի սաները դարձել են Անդրկովկասյան մրցույթների դափնեկիրներ եւ դիպլոմանտներ։ Առաջիններից էին Զեմֆիրա Բարսեղյանը, Կոնստանտին Սիրունյանը, Լոլիտա Բաբաջանյանը, Անահիտ Եղիազարյանը, Հարություն Փափազյանը, Սերգեյ Բաբայանը։ Հետագայում Փափազյանը եւ Բաբայանը եղան նաեւ խոշոր միջազգային մրցույթների դափնեկիրներ։ Նրանք այսօր մեծ ճանաչում վայելող դաշնակահարներ են։
Անհնար է Սարաջեւի սաներից թվարկել բոլորին, սակայն պետք է նշել, որ նրա բոլոր աշակերտներն էլ այսօր՝ յուրաքանչյուրն իր տաղանդի չափով, ծառայում են հայրենի արվեստին, բարձր պահելով սարաջեւյան դպրոցի անունը։ Եվ չկա մեկը, որ սիրով ու ակնածանքով, մեծ երախտագիտությամբ չհիշի իր ուսուցչին։
Ահա Գ. Սարաջեւի լավագույն սաներից մեկի՝ երաժշտագետ, արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Գյոդակյանի կարծիքն իր ուսուցչի մասին. «Գեորգի Վարդովիչին հատուկ էր դաշնամուրային հսկայածավալ գրականության հիանալի իմացությունը, կատարման հուզականությունը, սակայն առանց ծայրահեղությունների, առանց ավելորդ աֆեկտացիայի, դաշնամուրով «երգելու» կարողությունը: Այսինքն՝ կանտիլենայի անսխալ զգացողությունը։ Նա տանել չէր կարող երաժշտության մեխանիկական վերարտադրումը, նույնիսկ ամենաարագ պասաժներում պետք է լիներ եւ ոչ մի աննշանակ, անցողիկ հնչյուն։ Տեքստի իմաստավորված ընթերցման պահանջը արտակարգ երաժշտականություն էր հաղորդում թե՛ իր եւ թե՛ սաների կատարմանը։ Գեորգի Վարդովիչը աչքի էր ընկնում զարմանալի ինքնակարգապահությամբ, բարոյական բարձր հատկանիշներով, իսկական ինտելիգենտ էր բառի ամենաբարձր իմաստով՝ մեր օրերում, ցավոք, գրեթե անհետացող մարդկային տեսակ…»։ Այս կարծիքը, համոզված եմ, համահունչ է բոլոր նրանց կարծիքներին, ովքեր ճանաչել են Գեորգի Վարդովիչին եւ շփվել նրա հետ, ունկնդրել նրա նվագը, աշակերտել նրան։
Գ. Սարաջեւի կատարողական եւ մանկավարժական ավանդույթների կրողներն են ոչ միայն նրա սաները, այլ նաեւ նրա սաների սաները։ Գեորգի Վարդովիչի այդպիսի մասնագիտական «թոռներից» է հանրապետության վաստակավոր արտիստուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, կոնսերվատորիայի պրոֆեսոր Անահիտ Ներսիսյանը։ Նա եւ՛ Սարաջեւի սան Էլեոնորա Գալստյանի դուստրն է, ե՛ւ Էլեոնորա Ոսկանյանի աշակերտուհին։ Իր կատարողական կյանքի ողջ ընթացքում նա նաեւ բազմաթիվ առիթներ է ունեցել անմիջականորեն շփվել եւ արժեքավոր խորհուրդներ ստանալ մեծ ուսուցչից։ Սարաջեւի մասնագիտական տաղանդավոր «թոռներից» են նաեւ Սերգեյ Սարաջյանի սաները՝ միջազգային մրցույթների դափնեկիրներ, մայր եւ դուստր Արմինե Գրիգորյանը եւ Սոնա Բարսեղյանը, որոնք Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի սրահում կայացած համերգին իրենց հիանալի ելույթով զարդարեցին Գ. Սարաջեւին նվիրված փառատոնը։
Գ. Սարաջեւն իբրեւ կատարող նաեւ հիանալի անսամբլիստ էր։ Նրա կատարողական գործունեության կարեւոր մասն էին կազմում փայլուն ելույթները դաշնամուրային տրիոյի կազմում. Գ. Սարաջեւ՝ դաշնամուր, Հ. Աբաջյան՝ ջութակ, Ա. Չաուշյան՝ թավջութակ։ Տրիոն գործեց երկար տարիներ եւ նրա կատարումների ձայնագրությունները զարդարեցին Հայաստանի ռադիոյի ոսկե ֆոնդը: 
Սարաջեւը մնաց հայ երաժշտության պատմության մեջ նաեւ իբրեւ տաղանդավոր կոմպոզիտոր, որն իր հիանալի դաշնամուրային մանրանվագներով, կոնցերտային փայուն ստեղծագործություններով հարստացրեց ազգային դաշնամուրային երկացանկը։
Անգնահատելի նշանակություն ունեցավ առաջին հայկական դաշնամուրային «շկոլայի» ստեղծումը երեխաների համար՝ հիմնված հայկական նյութերի վրա։ Այստեղ Սարաջեւի համահեղինակը եղավ հայտնի մանկավարժ, պրոֆեսոր Վաչե Ումր-Շատը։ Այս չափազանց արժեքավոր ձեռնարկում մարմնավորվեցին, մասնավորապես, Սարաջեւի դաշնամուրային մանկավարժության մեթոդական սկզբունքները, իրագործվեց նրա հիմնական գաղափարը՝ ամենավաղ հասակից սկսնակ երաժշտի մեջ դաստիարակել մտածողություն եւ ճաշակ, եւ դա անել առաջին հերթին ազգային երաժշտության հիման վրա, որպեսզի համաշխարհային դաշնամուրային գրականության հիմքով դաստիարակվող երեխան չօտարվի իր հայրենի երաժշտական լեզվից եւ մտածողությունից։
Զարմանալի էրուդիցիայի տեր էր, բազում հետաքրքրություններ ուներ, սիրում էր սպորտային խաղեր՝ սեղանի թենիս, շախմատ։ Հայտնի է, որ նա շախմատի գծով Լենինգրադի կոնսերվատորիայի չեմպիոնն է եղել, հայտնի է նաեւ, որ նա իր ուժերն է չափել գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանի, Մարկ Տայմանովի, Կորչնոյի, Վահանյանի հետ։ Ընդ որում, հայտնի դաշնակահար եւ շախմատիստ Մարկ Տայմանովը Գեորգի Վարդովիչի մտերիմ ընկերն էր եւ շատ բարձր էր գնահատում նրա շախմատային կարողությունները։ Զվարճասեր էր, օժտված հումորի սուր զգացողությամբ։ Բացի իր բոլոր արժանիքներից, նա պարզապես արտակարգ գեղեցիկ տղամարդ էր, որի արիստոկրատական տեսքով հմայվում էին բոլորը, հատկապես թույլ սեռի ներկայացուցիչները՝ անկախ տարիքից։
Գ. Սարաջեւը երջանիկ մարդ էր, որովհետեւ հիանալի ընտանիք ուներ՝ սիրող, անձնվեր մայր, հավատարիմ, համախոհ կին, տաղանդավոր երեխաներ։ Նրա կինը՝ Աննա Միխայլովնա Սարաջեւան ճանաչված երգչուհի է, հմուտ մանկավարժ, Երեւանի կոնսերվատորիայի վոկալ բաժնի վաստակաշատ պրոֆեսոր։
Առհասարակ, արվեստում մեծ նշանակություն ունի նաեւ տոհմական ժառանգականությունը։ Այդ իմաստով Գ. Սարաջեւն իր մեջ խտացրել է Սարաջյան-Բաբայան տոհմի ողջ երաժշտական տաղանդը։ Ալեքսանդրապոլի Բաբայանների նշանավոր տոհմը, որից սերվում էր Գեորգի Վարդովիչի մայրը՝ Աննա Հայկովնան, հայտնի էր իբրեւ երաժշտականապես օժտված, երաժշտասեր եւ ձայնեղ տոհմ, որը գլխավորում էր հայտնի հասարակական գործիչ եւ բժիշկ Ավետիք Բաբայանը։ Այս ձայնեղ տոհմից են սերվել Կոմիտասի աշակերտ եւ բարեկամ, երգչուհի Մարգարիտ Բաբայանը, հռչակավոր երգչուհի Զարուհի Դոլուխանյանը, նրա քրոջ զավակներ՝ Կարինե, Ռուզաննա եւ Ռուբեն Լիսիցյանները։ Եվ ահա այսօր այդ երաժշտական տոհմի ավանդույթների շարունակողներն են դաշնակահար Սերգեյ Սարաջյանը, թավջութակահար Վահրամ Սարաջյանր, Սերգեյի զավակները՝ դաշնակահարներ Գեորգի եւ Աննա Սարաջյանները եւ Վահրամի որդի՝ ջութակահար Ռուբեն Սարաջյանը։
Գեորգի Վարդովիչը արտակարգ ջերմ եւ ուշադիր էր իր սաների նկատմամբ։ Ու թերեւս այդ ջերմությունն է համախմբում նրա բոլոր սաներին՝ հարազատության զգացում առաջացնելով նրանց մեջ։ Այդ հզոր ձգողական ուժի հետեւանքն է, որ մեզանում կան նաեւ «սարաջեւյան» ընտանիքներ՝ դաշնակահարներ, մայր եւ դուստր Ալլա Բալայանը եւ Լոլիտա Բաբաջանյանը, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, կինը՝ Իվետա Ազնաուրովան եւ նրանց հարսը՝ Լիանա Գասպարյանը, երաժշտագետներ Գեորգի Գյոդակյանը եւ Ալինա Փահլեւանյանը։
Որքան տարի էլ անցնի, ժամանակն անզոր է ջնջել այն լուսավոր հետքը, որ թողեց Գ. Սարաջեւն իբրեւ մասնագետ, իբրեւ մարդ։ Նա ապրում է իր գործերով, իր հիմնած դպրոցի ժառանգական շարունակությամբ, իր ստեղծագործություններով, ապրում է իր երաժիշտ որդիների եւ թոռների մեջ։ Նրա անունը հավերժանում է ավանդական դարձած՝ Գ. Սարաջեւի անվան դաշնակահարների մրցույթի շնորհիվ:
Երբ ես կոնսերվատորիայում Գեորգի Վարդովիչի դասարանում ուսանելու տարիներին ընդունվեցի նաեւ երաժշտագիտական բաժին՝ երաժշտագիտությունն ընտրելով իբրեւ երկրորդ մասնագիտություն, Գեորգի Վարդովիչը հարցրեց ինձ. «Ինչի՞դ է պետք երկրորդ մասնագիտությունը»։ Ինչպես ասում են. «Անմեկնելի են Աստծու նշած ուղիները»։ Թերեւս դա պետք էր, որ ես այսօր իբրեւ երաժշտագետ իմ սրտի խոսքն ասեի իմ պաշտելի ուսուցչի մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել