Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽԱՉՔԱՐ ԵՎ ԾԱՌԱՏՈՒՆԿ

Նոյեմբեր 18,2009 00:00

Արցախյան հերոսամարտում զոհված Լոռու մարզի Բազում համայնքի 3 քաջորդիների՝ 1987 եւ 1992 ուստարվա շրջանավարտներ Արամ Ծատուրյանի, Ասատուր Սելիմյանի եւ Լավրենտ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող խաչքար կանգնեցնելու գաղափարը վաղուց հանգիստ չէր տալիս Բազումի դպրոցի տնօրեն Մեխակ Ալավերդյանին: Խաչքարի տեղադրման թույլտվություն ստանալու խնդրանքով նա դիմել է մարզային իշխանություններին եւ ստացել նրանց հավանությունը: Խաչքարը կերտել է քարի գեղարվեստական մշակման ժողովրդական վարպետ Սերգեյ Դանիելյանը: Խաչքարի՝ օրերս կայացած բացման արարողությանը ներկա էին համայնքի բնակիչները, դպրոցի ուսուցչական եւ աշակերտական կազմը: Նախաձեռնության հեղինակ Մ. Ալավերդյանի եւ զոհվածների մայրերի ձեռքերով կատարվեց խաչքարի բացումը: Գուգարքի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Սողոմոն քահանա Ավետիսյանը հնչեցրեց Տերունական աղոթքը, կատարեց խաչքարի օրհնության կարգ:
Դպրոցի աշակերտները հնչեցրին Հայաստանի օրհներգը եւ հայրենասիրական թեմայով ստեղծագործություններ:  Յուրաքանչյուր ելույթի ժամանակ ներկաների եւ հատկապես հերոսների մայրերի աչքերին արտասուք էր նշմարվում, բայց, ինչպես հավաստեցին՝ դրանք թեեւ խոր վշտի, սակայն հուսահատության արցունքներ չէին, այլ հպարտության ու լավատեսության:
«Այս խաչքարը կարեւոր ու նշանակալից է այնքանով, որ անմահացան իմ աշակերտները,  սա յուրաքանչյուր ուսումնական տարեսկզբին ու տարեվերջին երդման վայր կդառնա»,- ասաց Մ. Ալավերդյանը:
«Իմ լավ ընկեր Մեխակ Ալավերդյանը դիմեց ինձ, եւ ես հաճույքով համաձայնեցի, աշակերտիս օգնությամբ կարճ ժամանակում խաչքարը կերտեցինք, եւ այն շուտով իր տեղը գտավ բակում, աղբյուրն էլ  իմ կողմից նվիրեցի»,- հայտարարեց վարպետ Սերգեյ Դանիելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել