Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գնացողներ կան, վերադարձողներ՝ ոչ

Նոյեմբեր 18,2009 00:00

Խաղողագործությամբ եւ գինեգործությամբ հայտնի Արենին ոչ մանկապարտեզ ունի, ոչ էլ ազատ ժամանցի որեւէ վայր:

Առիթ եղել է տեղեկացնելու, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղը պատմության մեջ հիշատակվում է Քրիստոսից առաջ 3-րդ դարից: Այստեղ աճեցնում են շուրջ երկու տասնյակ խաղողի տեսակներ, ամենատարածվածը հանրահայտ «արենին» է, իսկ վայրի խաղող մշակել սկսել են դեռեւս վաղ բրոնզե դարից, Արենիի «Սուրբ Աստվածածին» եկեղեցին կառուցել է ճարտարապետ Մոմիկը՝ 1321 թվականին: Այսօր Արենին պահում եւ պահպանում է պապերից եկած ավանդույթները:
Ոչ մի բանից օգուտ չի մնում
\"\"Արենցիների հիմնական զբաղմունքը այգեգործությունն է՝ ծիրան, խաղող եւ ոչ մեծ չափերի՝ նաեւ անասնապահություն: Այս տարի Արենիում խաղողի բերքը, նախորդ տարվա համեմատությամբ, գրեթե կրկնակի է եղել, սակայն գյուղացիների խոսքով՝ եղանակն այնքան էլ տաք չէր, խաղողը լավ չի քաղցրացել, ուստի մթերող կազմակերպությունները բարձր գին չեն տվել, 1 կգ-ը՝ 180-220 դրամ: Արենցիների մեծամասնությունը նախընտրել է խաղողը ոչ թե հանձնել գործարաններին, այլ ինքը գինի պատրաստել, ասում են՝ այդպես ձեռնտու է: Իսկ պատրաստած գինին սպառում են Երեւան-Մեղրի ճանապարհի՝ իրենց գյուղի հատվածի ամբողջ երկայնքով: Այստեղ, սակայն, «Արենիի» դառը, քաղցր եւ կիսաքաղցր տեսակները գնորդներին մատուցվում են «Կոկա-կոլայի», «Պեպսիի», «Ֆանտայի», «Ջերմուկի» պլաստիկ շշերով: Երբեմն շիշն այնքան հին է, որ «ֆիրմային» պիտակը բացակայում է: «Գինին արել ենք, մնում է տեսնենք ոնց ենք սպառելու: Գործարանին չենք հանձնելու, գինը շատ ցածր է, ծախսերը հաշվում ես՝ քեզ բան չի մնում, ոչ մի բանից օգուտ չկա, խաղողի մեջ էլ չկա»,- ասաց արենցի Արտյոմ Ծատուրյանը: Գյուղապետ Ժիրայր Եղյանն էլ «Առավոտին» վստահեցրեց, որ չնայած բերքի մեծ ծավալներին, տեղի 2 գործարանները կկարողանան մթերել այն: «Արենի» ՓԲԸ-ն մթերում է բացառապես «արենի» տեսակի խաղող: «Գործարանը փոքր է, մթերում ենք 150-200 տոննա, բայց այս տարի արդեն 200 տոննա մթերել ենք, 1 կգ-ը 200 դրամով, որը նախորդ տարվա համեմատությամբ 70 դրամով էժան է, այս տարի շաքարայնությունն է ցածր»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց գործարանի տնօրեն Ռաֆիկ Սիմոնյանը: Իսկ արենցի 40-ամյա Արեւիկ Նազարյանն էլ դժգոհում է. «Մի տոննայից ավելի հանձնել ենք «Արենի» գինու գործարանին, բայց գինն էլ չգիտեմ, գումարը դեռ չեմ ստացել: Պատահում է մինչեւ 7-8 ամիս ձգվում է, մինչեւ ձեռներից փողն առնում ենք, պատահում է՝ մյուս տարվա խաղողը հանձնելու ժամանակն է լինում»:
«Մանկապարտեզի գլխին աղուն ա աղացվում»
Սահմանամերձ Արենին ունի մշակույթի տուն, գործում են պարի եւ այլ խմբակներ: Գյուղում նախորդ տարի 30 երեխա է ծնվել, մանկապարտեզի տարիքի երեխաների թիվը 120-130 է, սակայն մանկապարտեզ չկա: Արենցիները, մատնացույց անելով կարմիր տանիքով շենքը, հիշում են՝ 70-80-ական թվականներին կահույք բերեցին մանկապարտեզի համար, հետո ոնց բերել էին՝ այնպես էլ տարան. շենքում ինչ-որ քիմիական արտադրություն ծավալվեց: Հետո գյուղապետարանը մի լքված տուն վերցրեց, 15-20 երեխայի համար 2 դաստիարակչուհի եւ մեկ խոհարար էին աշխատում: Սա էլ 93-ին թուրքերը հեռահար կրակոցներով ավերեցին: Երկու երեխաների հայր, Արենիի ընտանեկան բժիշկ Արամ Հարությունյանի խոսքով՝ «Արենիում մանկապարտեզ չկա, չի եղել, չի էլ լինի: Մեր գյուղում մանկապարտեզի գլխին աղուն ա աղացվում, փոզվում ա»: Հիմա էլ գյուղի հիվանդանոցի հին մասնաշենքն են փորձում մանկապարտեզ դարձնել: Բայց գյուղացիներն ասում են, որ այդ շենքում չի կարող մանկապարտեզ լինել: «Շենքը Նիկոլայ ցարի ժամանակ է սարքած՝ կես կիրպիչ է, կես հող: 1998 թվականին իբր վերանորոգում կազմակերպեցին, ցեխի վրա «աբոյ» կպցրեցին, ասին՝ ռեմոնտ արեցինք, բայց տանիքը, պատերը հող են, փայտե հատակը՝ փտած: Մանկապարտեզ սարքելու դեպքում այդտեղ կարիճների ու տարականների հախից չենք կարող գալ»,- ասաց Արամ Հարությունյանը: Խնդրին լավատեղյակ Արենիի գյուղապետը «Առավոտին» հայտնեց, որ նախորդ տարվա նոյեմբերի 4-ին ԱԺ-ում, սահմանամերձ գյուղերի մասին լսումների ժամանակ, բարձրացրել է մանկապարտեզի հարցը: «Բյուջեն հնարավորություն ունի մանկապարտեզ պահելու, եթե այն լինի: Դիմել ենք մարզպետարան, ունենք հիվանդանոցի հին շենք, որը պետական գույքի կառավարման վարչությունից պետք է փոխանցվի համայնքին, որպեսզի մանկապարտեզի հարցը լուծենք»,- ասաց գյուղապետ Ժիրայր Եղյանը:
Գյուղը լքողները շատ են, վերադարձողներ չկան
Այս տարի գյուղում առաջին դասարանցիների աննախադեպ ցածր թիվ է եղել՝ 13 աշակերտ: Արենցիները հպարտանում են՝ շրջանավարտների մեծ մասը բուհեր են ընդունվում, բայց թե քանիսն է ուսում ստանալուց հետո վերադառնում Արենի, դժվարանում են պատասխանել: «Մտածում ենք՝ էրեխեքին ո՞ր բաժինը տանք սովորելու, որ գան, կարողանան գործ գտնել, որտեղ էլ սովորում են, գալիս են էստեղ պարապ մնում: Մեծամասնությունը Երեւանում են աշխատանք փնտրում, ամուսնանում, ով գյուղ ա հետ գալիս, հողագործությամբ ա զբաղվում: Ջահելներին գյուղում պահող ոչ մի բան չկա»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում է 40-ամյա Արեւիկ Նազարյանը:
Արենիի ընտանեկան բժիշկ Արամ Հարությունյանն էլ, ներկայացնելով գյուղի վիճակագրությունը, ցավով հայտնում է՝ աճ չկա. «1992 թվականին Արենիի առողջության կենտրոնը, որ սպասարկում է 5 գյուղերի՝ Արենի, Ռինդ, Ելփին, Խաչիկ, Չիվա, ունեցել է 212 ծնունդ, հիմա տարեկան 50-80 ծնունդ ենք ունենում: 2001-ին մահերը գերազանցել են ծնունդները: 2000-ին ունեցել ենք 1996 բնակիչ, ասինք՝ շուտ արեք, 4 երեխա բերեք, որ 2000-ի սահմանը անցնենք, բայց արդեն 2010-ն է, այդպես էլ 2000-ի սահմանը չկարողացանք հատել՝ գյուղը լքողները շատ են, իսկ վերադարձողներ, ցավոք, չկան: Պապիկներն են, որ մեծացել են տրեխներով, սկսել հոսանքից, անցել ռադիոյի, անգույն, հետո գունավոր հեռուստացույցի, այսինքն՝ անընդհատ առաջընթաց են նկատել, որից ուրախացել են: Ցավոք, հիմա մենք հետ ենք գնում, մեր ժամանակ ընտրում էինք՝ գնանք կինո՞, թատրո՞ն, թե՝ սրճարան, ներքին աշխուժություն կար, մրցույթներ կային, դասարան-դասարան ֆուտբոլ էին խաղում, հիմա, ցավոք, երեխաները չեն խաղում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել