Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱԾԱԽՍԱՏԱՐ ՄԵՔԵՆԱՆ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆՆ Է

Նոյեմբեր 18,2009 00:00

Մշակույթի, պաշտպանության նախարարները չե՞ն տեղաշարժվում

 2009թ. հոկտեմբերի 1-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) տեղեկատվություն ստանալու հարցումներով դիմել էր ՀՀ նախարարներին՝ խնդրելով տեղեկացնել, թե այս տարվա օգոստոսին որքա՞ն վառելիք է ծախսել եւ քանի՞ կիլոմետր վազք է գրանցել նախարարներից յուրաքանչյուրի ծառայողական ավտոմեքենան:
ԻԱԿ-ի տեղեկացմամբ, 2009թ. օգոստոսի ընթացքում ՀՀ բոլոր նախարարների մեքենաները միասին ծախսել են 5128 լ վառելիք եւ անցել են 26978 կմ ճանապարհ: ՀՀ պաշտպանության եւ մշակույթի նախարարները, քանի որ չեն տրամադրել ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունները, տարածքային կառավարման նախարարությունն էլ չի տրամադրել նախարարի ծառայողական մեքենայի վազքը, հետեւաբար, վերոնշյալ հաշվարկը չի վերաբերում վերջիններին:
ԻԱԿ-ի հաշվարկներով ու ստացված պատասխաններով, վառելիքի ծախսի առումով անվիճելի առաջատարը տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ծառայողական ավտոմեքենան է, որի շահագործման համար օգոստոսին տրամադրվել է 1075 լ բենզին՝ ավելի քան 10 անգամ ավելի, քան ամենահամեստ վառելիքը ծախսած Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ծառայողական ավտոմեքենան. վերջինը ծախսել է 100 լ բենզին: Երկրորդ հորիզոնականում է քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի ծառայողական ավտոմեքենան՝ 450 լ վառելիքով, իսկ երրորդ տեղը բաժանեցին տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի եւ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի մեքենաները՝ 400 լ վառելիքով:
«Ամենախնայող նախարարների» եռյակում են Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, ծառայողական ավտոմեքենաները, համապատասխանաբար՝ 100, 110 եւ 139 լ վառելիքով: Մնացած նախարարների մեքենաների ծախսը 160-360 լ է:
ԻԱԿ-ի դիտարկմամբ, օգոստոսին ամենաշատ ճանապարհ անցած նախարարական մեքենաների առաջատարը քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի մեքենան է՝ 2743 կմ վազքով: Այս ցուցանիշը մոտ 4 անգամ ավելի է, քան ամենաքիչ ճանապարհն անցած ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի ծառայողական ավտոմեքենայի ցուցանիշը՝ 700 կմ: Երկրորդ եւ երրորդ տեղերում են արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանի մեքենաները, համապատասխանաբար՝ 2700 եւ 2550 կմ վազքով:
Տեղեկատվություն ստանալու հարցումներ ուղարկվել էին 18 նախարարների (այդ թվում՝ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին): ԻԱԿ-ի հարցումն անպատասխան է թողել միայն մշակույթի նախարարությունը, իսկ պաշտպանության նախարարությունը մերժել է տեղեկատվության տրամադրումը՝ նշելով, որ ՀՀ պաշտպանության նախարարի ծառայողական ավտոմեքենայի շահագործման վերաբերյալ տեղեկատվություն չեն կարող տրամադրել՝ հաշվի առնելով ՀՀ պաշտպանության նախարարի գործառույթները. նշված տեղեկատվությունը պարունակում է ծառայողական գաղտնիք: Մնացած բոլոր դեպքերում ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունները տրամադրվել են, եւ դրանց մեջ որեւէ թերի, ոչ լիարժեք պատասխան չի եղել: Միակ էլեկտրոնային տարբերակով պատասխանը ստացվել է արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ 14.10.09թ.-ին: Մնացած բոլոր պատասխանները ստացվել են փոստի կամ նախարարության աշխատակցի միջոցով:
Չնայած ոչ լիարժեք պատասխան չի եղել, սակայն բովանդակության առումով աչքի են ընկել մի քանի նախարարություններ: Ամենաուշը պատասխանած բնապահպանության նախարարությունը պատասխան գրության բովանդակության առումով ամենալավ արդյունքն է ցույց տվել՝ տրամադրելով ոչ միայն պահանջվող տեղեկությունները (նախարարի ծառայողական մեքենայի վազքը եւ ծախսած վառելիքի քանակը օգոստոս ամսվա համար), այլ նաեւ նշելով բնապահպանության նախարարի ծառայողական մեքենայի մակնիշը, պետհամարանիշը, ինչպես նաեւ լրացուցիչ տեղեկացրել է, որ նախարարը մինչեւ օգոստոսի 14-ը գտնվել է արձակուրդում, հետեւաբար տրամադրված տեղեկատվությունը վերաբերում է օգոստոսի 15-31-ը ընկած ժամանակահատվածին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել