Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարգ են ուզում, որ անվճար բուժվեն

Նոյեմբեր 18,2009 00:00

Մայրաքաղաքի տարածքային բժշկասոցիալական փորձագիտական (ԲՍՓ) գործակալությունում մշտապես մեծ հերթեր են գոյանում: Սա այն մարմինն է, որն առողջական խնդիրներ ունեցող մարդկանց հաշմանդամության կարգ է տալիս:
Այս ոլորտի պատասխանատուների ներկայացմամբ, քաղաքացիները հիմնականում  դիմում են կարգ ստանալու համար, որպեսզի անվճար բուժծառայություններից օգտվեն եւ դեղորայք ստանան:
2008 թ. տվյալներով, Էրեբունու ԲՍՓ գործակալություն է դիմել 3210 հիվանդ, որոնցից հաշմանդամ է ճանաչվել 3073-ը: Էրեբունու տարածքային բժշկասոցիալական փորձագիտական գործակալության նախագահ Դանիել Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 2007-ի համեմատությամբ նախորդ տարի իրենց գործակալություն դիմածները 1,5%-ով ավելացել են: Այս ոլորտի պատասխանատուներին անհանգստացնում է այն, որ հիվանդները պատշաճ իրազեկված չեն, թե երբ պետք է դիմեն կարգ ստանալու: «Միակ անհարմարությունը գոյացող հերթերն են: Հիվանդներից շատերը հաշմանդամության կարգ ստանալու են գալիս անմիջապես հիվանդանոցից դուրս գրվելուց հետո: Դա նույնպես սպասարկման ոլորտում անհարմարություններ է ստեղծում այն առումով, որ մենք ստիպված ենք լինում հիվանդներին հետ ուղարկել եւ խնդրել, որ առնվազն 3 ամիս լինեն իրենց տարածքային պոլիկլինիկայի հսկողության տակ, քանի որ, ըստ կառավարության որոշման, դա համարվում է նվազագույն վերականգնողական ժամանակահատվածը, որից հետո միայն ըստ անհրաժեշտության կարելի է դիմել հաշմանդամության այս կամ այն կարգը ստանալու: Միայն, եթե կասկածելի կանխատեսում կա, ինչպիսին է, օրինակ, քաղցկեղը, թոքախտը, դիմում են հենց հիվանդության ընթացքում»,- ասաց Դ. Մանուկյանը: Նա վստահեցրեց, որ՝ «Հաշմանդամները մշտապես մնում են հսկողության տակ: Յուրաքանչյուր տարի նրանք դիմում են ԲՍՓ՝ հաշմանդամության կարգի փոփոխման կամ հաստատման նպատակով: Ցավոք, լինում են վիճակի վատթարացման դեպքեր, որի ժամանակ եւս կարգը վերանայվում է: Մեր աշխատանքի նպատակն է հաշմանդամներին ներգրավել բժշկավերականգնողական, սոցիալվերականգնողական ծրագրերին, այսինքն՝ այնպես անել, որ այն բժշկական օգնությունը, որի կարիքը հիվանդը ունի,  ստանա ստացիոնար պոլիկլինիկայում, որպեսզի հաջորդ տարի նրան կարողանանք ճանաչել կամ գոնե մասնակի աշխատունակ, կամ էլ հասարակության լիարժեք անդամ՝ ինտեգրենք հասարակությանը: Վերջիվերջո, հաշմանդամ կատեգորիան պայմանավորված է կենսագործունեության որեւէ տեսակի սահմանափակմամբ եւ ըստ այդմ բերում է սոցիալական անբավարարության եւ սոցիալական պաշտպանվածության կարիքի, ինչի ուղղությամբ էլ աշխատում ենք»,- ավելացրեց ԲՍՓ նախագահ Դ. Մանուկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել