Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապետն անցավ մաֆիայի շարքերը

Նոյեմբեր 18,2009 00:00

\"\"Վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ՀՀԿ շարքերն անցնելու
վերաբերյալ նման կարծիքի է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Արտաքին քաղաքականության բնագավառում արձանագրված ձախողումները եւ անհարկի զիջումները հետեւանք են իշխանությունների ոչ լեգիտիմության, կեղծված նախագահական ընտրությունների եւ մարտիմեկյան սպանդի հետեւանքով Հայաստանում առաջացած խորը քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի, որը մինչ օրս հաղթահարված չէ»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, հավելելով, որ «եթե իշխանությունները սեղմ ժամկետներում ժողովրդավարական ազատությունների ապահովմանն ուղղված համակարգված աշխատանքներ չիրականացնեն, երկրում ստեղծված խորը ճգնաժամը սոցիալական դժգոհություն կծավալի եւ համաժողովրդական ընդվզման ալիք կբարձրանա»: Պարոն Զուրաբյանն իր կարծիքը հայտնեց նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի` ՀՀԿ-ի շարքերն անցնելու վերաբերյալ: Նրա խոսքերով. «Մաֆիոզ-օլիգարխիկ համակարգում դա մի էտապ է, որ յուրաքանչյուր ոք պետք է անցնի, երեւի կարելի է շնորհավորել պարոն Սարգսյանին` մաֆիա ընդունվելու կապակցությամբ»:
Լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի առաջին նախագահի ելույթում տեղ գտած Եղիազար Այնթապցու առակի վերաբերյալ օրինակը, պարոն Զուրաբյանն ասաց. «Չնայած Եղիազար Այնթապցու դրվագը վերաբերում է պատմական իրողությանը, բայց կոնկրետ Տեր-Պետրոսյանի ելույթում տեղ գտած առակն ակնարկում էր, որ Սերժ Սարգսյանն այսօր սեփական ժողովրդի դեմ վարում է պատերազմ եւ լեգիտիմությունը փնտրում է արտասահմանում, մինչդեռ ճիշտ կլիներ, եթե իր լեգիտիմությունը փնտրեր Հայաստանում եւ փորձեր շահել հայ ժողովրդի վերաբերմունքը»:
Ի պատասխան հաճախ հնչող այն դիտարկումների, թե առաջին նախագահի ելույթը «հեռացող կարապի երգ էր» հիշեցնում, Լ. Զուրաբյանը նշեց. «Նույն բանը երկու տարի առաջ էին ասում, սա իշխանական քարոզչամեքենայի սովորական դարձած հնարքներն են, որոնք ցույց են տալիս նրանց թույլ լինելը»:
Լրագրողները Լ. Զուրաբյանին խնդրեցին նաեւ իր կարծիքը հայտնել նախօրեին Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջին նախագահին ուղղված հայտարարության վերաբերյալ: Հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանը, ի պատասխան առաջին նախագահի կողմից իրեն հասցեագրված մեղադրանքների, ասել էր. «Հիմարությունն արժանի է միայն արհամարհանքի» եւ պատմել էր Աֆրիկայում մի քանի ամիս առաջ պատահած մի դեպք, երբ որսի ժամանակ մի եվրոպացի ասել էր, թե կենդանիներից ամենավտանգավորն ու ուժեղը արջն է։ Երբ Ռ. Քոչարյանը հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ է արջը նման մեծ տպավորություն գործել, պարզվել է, որ 5 տարի առաջ որսի ժամանակ «արջը եվրոպացուն լավ ջարդոտել է»։ «Հավանաբար, ես ինչ-որ կերպ ոգեշնչում եմ Տեր-Պետրոսյանին, այդ պատճառով էլ նա այդքան հաճախ է ինձ հիշում»,- ասել էր Ռ. Քոչարյանը: Այս առնչությամբ Լ. Զուրաբյանն ասաց. «Ես մեծ հաճույքով կմեկնաբանեի քաղաքական հայտարարությունը: Ցավոք սրտի, այդ հայտարարությունը որսկանի հայտարարություն է, որսկանի բառապաշարով, որը քաղաքականության մեջ մենք չենք հասկանում, քանի որ սաֆարիներում որս չենք անում: Տեր-Պետրոսյանի ելույթում կոնկրետ մեղադրանքներ էին հնչել ու կոնկրետ փաստեր էին նշված, դրանց պետք էր անդրադառնալ, եթե ասելու բան կար»:
Մեկնաբանելով Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանի այն խոսքերը, թե՝ ընդդիմությունն ի վիճակի չէ հասնել արտահերթ ընտրությունների, Լ. Զուրաբյանը նշել է. «Նա այս ընդդիմության մաս է կազմում: Ինքը հնարավորություն ունի՞ առաջարկներով,  ծրագրերով ներկայանալու. ունի՛։ Ուրեմն եթե դժգոհություն կա այսօվա ընդդիմության գործունեությունից, առաջին հերթին դա ինքնագնահատական է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել