Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՔՍԱՅԻՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ

Նոյեմբեր 18,2009 00:00

\"\"ՏՀՏ ոլորտում գործող ընկերությունները ապրանքների ներկրման կամ
վերաարտահանման ժամանակ մաքսայինի հետ մշտապես խնդիրներ են ունենում:

Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում աշխատող ընկերությունները ապրանքների ներկրման ժամանակ Հայաստանի մաքսային կետերում բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնում։ Մաքսային մարմինները մաքսային արժեքի հաշվարկման ժամանակ տվյալ ապրանքի համար հիմք են ընդունում այն գինը, որը հարմար են գտնում, ինչն էլ խոչընդոտում է արտադրանքի արտահանմանը կամ վերաարտահանմանը: Այս խնդրի վերաբերյալ «Առավոտը» զրուցեց «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ։ Նրա խոսքերով, օրինակ, համակարգչի որեւէ անսարք մասի արտահանումը տվյալ սարքը արտադրող երկիր՝ փոխանակման նպատակով, չափազանց բարդ է. «Այս գործընթացն անհրաժեշտ է կազմակերպել 15-օրյա ժամկետում, բայց քանի որ այս ապրանքները մայր ընկերությանը հետ ուղարկելը դիտվում է որպես արտահանում եւ դասվում է երկակի նշանակության ապրանքների շարքում, նշված ժամկետում այդ գործընթացն իրականացնելը դառնում է անհնարին: Արդյունքում, այդ ընկերությունները ստիպված են լինում վճարել նոր մասի փոխանակման համար՝ այն դեպքում, երբ կարող էին այն ստանալ անվճար՝ երաշխիքի սահմաններում: Այդ պատճառով էլ մենք առաջարկել ենք Պետեկամուտների կոմիտեին ՀՀ մաքսային օրենսգրքում նախատեսել «Երաշխիքային սպասարկման ներքո գտնվող ապրանքների փոխանակության ռեժիմ», որը հնարավորություն կտա անսարք մասը կամ սարքավորումը արտահանել արտադրող երկիր փոխանակման նպատակով՝ առանց ավելորդ մուծումների»։ Պարոն Վարդանյանի կարծիքով, մաքսային մարմինների ոչ ճիշտ աշխատանքն է պատճառը, որ անսարք սարքավորումների՝ հատկապես համակարգչային տեխնիկայի արտահանումը, փոխանակման նպատակով, դառնում է վճարովի:
Բացի այս, ըստ Կ. Վարդանյանի, մաքսային մարմինների կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների ներմուծման ժամանակ կիրառվող «կողմնորոշիչ» գները եւս խոչընդոտում են ոլորտի զարգացմանը, մանավանդ՝ այդ գները բավականին ճկուն չեն, որպեսզի կարողանան հետեւել ՏՀՏ ապրանքների ու սարքերի շուկայում տեղի ունեցող հաճախակի փոփոխություններին. «Պետք է նկատի ունենալ այն առանձնահատկությունը, որ երբեմն տեխնոլոգիական արագ առաջընթացի հետեւանքով միջազգային շուկայում որեւէ ապրանքի գինը նշանակալիորեն նվազում է, սակայն մեր մաքսային կոմիտեն դեռեւս երկար ժամանակ շարունակում է նախկին «կողմնորոշիչ» գներով որոշել ներմուծվող ապրանքի մաքսային արժեքը: Դա իր հերթին ներքին շուկայում առաջացնում է ՏՀՏ ապրանքների գների արհեստական աճ, ինչի պատճառով ապրանքները չեն իրացվում»։ Նրա ներկայացմամբ, համակարգչային տեխնիկա արտադրող այնպիսի խոշոր կազմակերպություններ, ինչպիսին, օրինակ, «Հյուլեթ Պակկարդն» (HP) է, իր ապրանքները մատակարարում է միայն «CIF» պայմանով, այսինքն՝ այս ընկերութունից ապրանք գնելու դեպքում, այն տեղափոխելու ծախսն էլ է ներառված գնի մեջ, սակայն Պետեկամուտների կոմիտեն «CIF» պայմանով մատակարարված ապրանքների համար պահանջում է ճանապարհածախսի առանձին հաշվարկ, որի արդյունքում էլ ՏՀՏ կազմակերպությունները ստիպված են լինում մաքսազերծումն իրականացնել կրկին «կողմնորոշիչ» գնով՝ վճարելով արդեն վճարված ճանապարհածախսի համար:
Այս խնդիրների լուծման համար եւս Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը դիմել է Պետեկամուտների կոմիտեին եւ առաջարկել ՊԵԿ կայքում հրապարակել այդ «կողմնորոշիչ» գները, դրանք պարբերաբար նորացնել, նախատեսել խոշորագույն ՏՀՏ ոլորտի ապրանքներ արտադրող կազմակերպությունների ցանկ, որոնց հաշիվ-ապրանքագրերը հիմք կընդունվեն՝ անկախ այդ ապրանքները արտադրող կազմակերպությունների աշխարհագրական վայրից, իսկ երաշխիքի մեջ եղած ապրանքների կամ դրանց մասերի փոխանակման ժամանակ լրացուցիչ գումարներ չգանձեն ՏՀՏ ընկերություններից։
Վերոնշյալ խնդիրների լուծման հնարավոր տարբերակներ գտնելու համար, կառավարության որոշմամբ, ՊԵԿ-ի եւ ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները ստեղծել են աշխատանքային խումբ: Կ. Վարդանյանի ներկայացմամբ, արդեն իսկ քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ, իսկ իրենց միության կողմից արվել են կոնկրետ առաջարկություններ՝ նշված խնդիրների լուծման ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել