Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՎԵՐԱԳՐԵԼ ԵՆ

Նոյեմբեր 18,2009 00:00

Ըստ «Արմինֆո»-ի,  ԼՂՀ նախկին նախագահի օգնականը հերքել է ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ Արկադի Ղուկասյանին վերագրված հայտարարությունները: Հիշեցնենք, որ վերջերս «USA Armenian Life Magazine» հանդեսը ԼՂՀ նախկին նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Արկադի Ղուկասյանին վերագրել էր մի շարք գնահատականներ ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ: Մեկնաբանելով հրապարակումը՝ Արկադի Ղուկասյանի օգնական Էդուարդ Աթանեսյանը հայտարարել է հետեւյալը. «Հայտնի է, որ հարկ եղած ժամանակ պրն Ղուկասյանը միշտ էլ հրապարակայնորեն արտահայտել է իր տեսակետը օրակարգային ամենակարեւոր հարցերի վերաբերյալ։ Ուստի, իր անունից, այն էլ կեղծ եւ բամբասանքների վրա կառուցված գնահատականներ հնչեցնողների կարիք նա չունի։  Բնական է, որ ամենամյա հեռուստամարաթոնի շրջանակներում Կանադայի եւ ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում պրն Ղուկասյանը իրեն չէր կարող թույլ տալ եւ թույլ չի տվել նման գնահատականներ հնչեցնել եւ, առավել եւս՝ քաղաքավարության շրջանակներից դուրս արտահայտվել այն գործիչների հասցեին, ում անձամբ գնահատում եւ հարգում է։ Ակնհայտ է, որ գործ ունենք պրն Ղուկասյանին՝ ենթատեքստից կտրված եւ խեղաթյուրված մեջբերումներ եւ պրիմիտիվ գնահատականներ վերագրելու անհաջող փորձի հետ»։
Ըստ «USA Armenian Life Magazine» հանդեսի խմբագիր Ափո Ջաբարյանի, հոկտեմբերի 3-ին Լոս Անջելեսում առաջիկա հեռուստամարաթոնին նվիրված հանդիպման ընթացքում Ղուկասյանն իբր «թույլ եւ անպատրաստ» է անվանել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել