Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրական ընդդիմություն. այլընտրանք չկա

Նոյեմբեր 18,2009 00:00

Արձանագրում են անկախ վերլուծաբանները

Երեկ Թեքեյան կենտրոնում Հասարակական հաղորդակցման կենտրոնի կազմակերպած քննարկման ընթացքում «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ-ի նախագահ Ստեփան Դանիելյանն անդրադարձավ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին՝ ցավ հայտնելով, որ մի քաղաքական ուժ, որն իրեն այլընտրանք էր հռչակել իշխանությանը՝ «hանկարծ փորձ է անում մոտենալ իշխանությանը: Դա նշանակում է նույնիսկ տեսականորեն զրկվել այլընտրանքից: Սա այլընտրանքի գողություն է մեր կողմից, եթե այդ գիծը շարունակվի: Նույնիսկ ձեւական առումով, նույնիսկ պոտենցիալ առումով զրկվում ենք այլընտրանքից»:
Թեման շարունակեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը. «Մինչեւ քաղաքական ուժերն ու վերնախավը չհասկանան, որ պետք է խնդիրը դնել ոչ թե լոկ պարզունակ իշխանափոխությունը կամ լոկ արձանագրությունների դեմ պայքարը, այլ ի վերջո հասկանան, որ ամեն ինչ պետք է հանգեցնել նրան, որ այս հասարակության մեջ պետք է ներսից փոփոխություններ արվեն՝ մենք ոչ մի բանի չենք հասնի: Ողբերգությունն այն է, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանությունը չունի իրեն իրոք վերահսկող մեխանիզմներ, քանի որ իրական ընդդիմություն այսօր փաստորեն գոյություն չունի: Փողոցային ընդդիմությունը երբեք չի կարող այդքան երկար գոյատեւել, քանի որ կա՛մ պետք է դառնա համակարգային փոփոխություն պահանջող ուժ, կա՛մ ուղղակի վերանա»:
Նաեւ հավելեց. «Եթե փողոցային ընդդիմության հիմնական մեխը, գաղափարը մի մարդուց կառչելն է, որ հասնեն իշխանափոխության՝ այդ ընդդիմությունը երկար ապրել չի կարող»: Երվանդ Բոզոյանն ընդգծեց՝ «21-րդ դարում կուռքերի ինստիտուտը չի գործի»՝ մասնավորեցնելով, թե ասվածն ընդհանուր է ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ղեկավարների համար:
Նա նաեւ հետեւյալ հաստատումն արեց, թե քաղաքական դաշտում գիտակցում չկա՝ ուր ենք հասել եւ ինչ պետք է անենք. «Մի մասը ծայրահեղ պահանջատիրական կոնցեպցիայով է շարժվում (գիտեք, թե ում մասին է խոսքը), մյուս բեւեռը՝ ծայրահեղ զիջողական կոնցեպցիայով՝ Ղարաբաղի հարցում փուլային տարբերակի կողմնակից է եւ այլն: Եվ այս երկուսը համարվում են քաղաքական հիմնական ուժեր: Քաղաքական ուժեր, որոնք իմ պատկերացմամբ՝ պետականության հետ որեւէ կապ չունեն: Դրա վառ ապացույցը, օրինակ, հետեւյալն է՝ ԱԳՆ նախկին խոսնակն այսօր խոսում է ծայրահեղ պահանջատիրության դիրքերից, թուրքերին դատի տալու մասին եւ այլն: Երկար տարիներ աշխատել է ԱԳՆ մամուլի խոսնակ ու դրա մասին չի խոսել: Մյուս խոսնակը, ճիշտ հակառակը, որ 10 տարի աշխատել է ԱԳՆ-ում եւ հիմնավորել, որ շատ ճիշտ է՝ Ցեղասպանությունը պիտի լինի պետական քաղաքականություն, այսօր հայտնվել է մեկ այլ քաղաքական դաշտում եւ հայտարարում է, թե դա կործանարար քաղաքականություն է: Սրանք անսկզբունքայնության օրինակնե՞ր են, թե՞ ինչ են: Ես կարծում եմ, որ ոչ՝ սա ուղղակի եւս մեկ անգամ ապացուցում է այն հանգամանքը, որ Հայաստանում այսօր չկա իրական պետական քաղաքականություն, որը հասկանալի լինի իշխանությանը, հասարակությանը, քաղաքական ուժերին: Եթե այդպիսի բան լիներ, ապա մեզանում լիարժեք կձեւավորվեր այն քաղաքական ուժը, որը կբերեր համախմբման: Քանի որ եկեք համաձայնենք, որ ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի նման ուժերն իրար հետ չեն կարող համախմբվել: Դրանք ծայրահեղ բեւեռացված ուժեր են: Երկուսն էլ, անկեղծ ասած, ինձ համար անընդունելի են, քանի որ պետականության ինստիտուտից մի քիչ հեռու են, մի քիչ անմեղսունակության տարրեր կան այդ երկու ուժերի մեջ էլ: Եվ այստեղ մասամբ համաձայն եմ Տեր-Պետրոսյանի հետ: Սակայն ցավով եմ ասում, որ այս երկու ուժերի պայմաններում չկա այն երրորդ ուժը՝ հիմնականը, որը պետք է համախմբեր, հանդուրժողականության դաշտ ձեւավորեր եւ երկիրը տաներ մի այնպիսի ճանապարհով, որը տեսանելի կլիներ բոլորի համար»:
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանն էլ ասաց. «Մենք չունենք այլախոհության կոնցեպցիա՝ մենք ունենք դժգոհության կոնցեպցիա: Բայց դրանք տարբեր բաներ են, որովհետեւ դժգոհությունն էմոցիոնալ երեւույթ է: Եվ դժգոհությունը կուռքերին սպասարկող ամենալավ զգացումն է: Քանի որ եթե դու մեկից դժգոհում ես՝ անմիտ կերպով, չես ձեւակերպում, թե ինչն է քո դժգոհության սոցիալական պլանը՝ դու նույն ձեւով այդ դժգոհությունը վերածում ես հիացմունքի մեկ այլ անձի հանդեպ: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը վատն է՝ հիմա կգա լավ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ հարցերը կլուծի, հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը վատն էր՝ կգա լավ Քոչարյանը եւ հարցերը կլուծի: Լավի-վատի շրջապտույտի մեջ մենք անվերջ տապալվում ենք հենց այն պատճառով, որ վերջապես պետք է հասկանանք՝ պետական ու ազգային մտածողության եւ ընդհանրապես՝ հասարակական շինարարության մեջ չկա լավ եւ վատ: Կա պրագմատիկորեն օգտակար, շահավետ ու ոչ շահավետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել