Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն ԻՆՔՆ ԱՍԱՑ, ԻՆՔԸ ԼՍԵՑ, ԻՆՔԸ ՀԵՏԱՁԳԵՑ

Նոյեմբեր 18,2009 00:00

\"\"Հերթական իմիտացիան խորհրդարանում

Դաշնակցության թեթեւ ձեռքով երեկ խորհրդարանում տեղի ունեցավ հերթական իմիտացիոն գործողությունը: Օգտվելով ԱԺ Կանոնակարգ-օրենքի ընձեռած հնարավորությունից՝ ԱԺ նախագահը արտահերթ կարգով օրակարգ էր մտցրել Դաշնակցություն խմբակցության նախագիծը՝ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրած ժամանակավոր հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությունների կատարման ընթացքը մոնիտորինգի ենթարկելու նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Հարցի քննարկումը ընթացավ կիսադատարկ դահլիճում:
Դաշնակցությունը ինքն ասաց, ինքը լսեց, եւ ինքն էլ որոշեց հարցի քվեարկությունը հետաձգել: Ընդ որում՝ հետաձգել անորոշ ժամանակով, Արծվիկ Մինասյանի ասելով, մինչեւ եղած առաջարկները կքննեն եւ կներառեն նախագծում, իսկ մեր տեղեկություններով, հարցի քվեարկությունը հետաձգվեց մեկ նպատակով՝ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում ասելիք ունենալու նկատառումով: Դաշնակցության այս «խաղին» չմասնակցեցին ՕԵԿ, ԲՀԿ խմբակցությունները՝ մասամբ՝ «Ժառանգություն»-ը, ՀՀԿ խմբակցությունը եւ անկախ պատգամավորները, միայն «Ժառանգություն» եւ ՀՀԿ խմբակցությունների անունից ելույթներ ունեցան, եւ դա եւս անթաքույց՝ զուտ ընկերական ժեստ էր եւ՝ ոչինչ ավելին: Իսկ քննարկումը ընթացավ այսպես: ՀՅԴ խմբակցության անդամ, «Մարտի 1»-ի արդեն իր գործն ավարտած հանձնաժողովի անդամ Արտյուշա Շահբազյանը հայտարարեց, որ այս հանձնաժողովի ստեղծումը չի կարելի կապել «մարտի 1-ի» հետ: Բնական հարց է առաջանում՝ բա ինչի՞ հետ կապել: Մինչդեռ պարոն Շահբազյանը համոզված էր. «Սրանք որպես ժառանգություն փոխանցվող հանձնաժողովներ չեն, էդ գայթակղությունը, մտայնությունը չպիտի ունենանք, որովհետեւ սխալ տեղ կգնանք: Սա ավելի խորքային, մեծ խնդիր լուծող հանձնաժողով է, որը պիտի կտրել էն հանձնաժողովից, որը գործեց»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց. «Այս ամենը վերաբերում է Հայաստանում արդարություն հաստատելուն, որպեսզի ընտրության գնացող Հայաստանի քաղաքացին գնա ընտրության, այլ ոչ թե պատերազմի, ՀՀ քաղաքացին ընտրությունը ընկալի որպես իր կողմից իշխանության ձեւավորման ակտ, այլ ոչ թե բարիկադների կառուցում, ջարդ կազմակերպողների պրովոկացիաներին տրվելու հնարավորություն եւ այլն: Այսինքն՝ ի վերջո, քաղաքացիական հասարակություն կառուցելու մասին են այս բոլոր առաջարկությունները: Արդեն իսկ խորհրդարանական մեծամասնության մասնակցության ձեւն այս քննարկումներին ցույց է տալիս, որ, հավանաբար, այս նախագիծը մերժելու տրամադրություն կա, եւ ես մտահոգ եմ, որ ոչինչ դիմացը չի առաջարկվի: Կարծում եմ՝ փորձ է արվելու ընդհանրապես այս հարցը ջրել: Եթե այս ձեւը ձեզ չի բավարարում, ես կուզեի իմանալ, թե որ ձեւն է ձեզ բավարարում, բայց ես այնպես հասկացա, որ մենք դա այսօր չենք լսի»:
Վահան Հովհաննիսյանի այս խոսքերին զուգահեռ՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հանդարտ քայլերով մոտեցավ եւ հերթագրվեց ելույթի համար: Իր ելույթում էլ չթաքցրեց, որ խոսք վերցրեց՝ անսալով իր դաշնակցական գործընկերոջ հորդորին: Ներկայացնելով «այն ձեւը, որը իրենց կբավարարի», պարոն Սահակյանն ասաց, որ մարտի 1-ի հանձնաժողովի եզրակացությունը, առաջարկները «ուղղորդվել են տարբեր ատյաններ, եւ ԱԺ-ն վերահսկողական ֆունկցիա պիտի իրականացնի», եւ վերահսկողության ձեւն ամենեւին էլ միայն ժամանակավոր հանձնաժողովները չեն, մշտական հանձնաժողովները «խորհրդարանի պատկերն են, բոլոր խմբակցությունները իրենց ներկայացուցիչներն ունեն, եւ շատ հանգիստ մշտական հանձնաժողովոում կարելի է այդ նույն գործառույթը իրականացնել»: Ամփոփեց. «Այսինքն՝ ոչ թե «ոչ» ենք ասում, այլ ասում ենք, որ այդ նույն բանը կարելի է անել մշտական հանձնաժողովում»:
«Ժառանգությունը» հայտարարեց, որ կողմ է ժամանակավոր հանձնաժողողովի ստեղծմանը. «Միեւնույն ժամանակ մենք հստակ հասկանում ենք, որ դա չի կարող լինել դարման, որովհետեւ այսօրվա ԸՕ-ում էլ արգելվում է կեղծիքներ անելը, ընտրակաշառք բաժանելը, բռնություններ գործադրելը: Բայց չե՞ն անում, անում են, իշխանության որոշ թեւեր անում են, իսկ մնացածները լուռ համաձայնությամբ կամ թողտվությամբ հետեւում են, թե ինչ է տեղի ունենում»: Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ այս հանձնաժողովը չի լուծելու «մարտի 1-ի» խնդիրները, ընդամենը «կարող է նոր մարտիմեկերը կանխել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել