Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աթենքում ԼՂ հարցով սրընթաց զարգացումներ չեն լինի

Նոյեմբեր 18,2009 00:00

\"\"Վստահ է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ Լարիսա Ալավերդյանը

Դեռ հոկտեմբերի 23-ին էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել, որ նախապատրաստվում են ղարաբաղյան խնդրի կարգավորմանը նվիրված քննարկումներին, որոնք տեղի կունենան դեկտեմբերին՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում: Ավելի ուշ՝ նոյեմբերի 12-ին, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտնել էր, թե Աթենքում դեկտեմբերի 1-2-ը կայանալիք այդ նիստի ընթացքում հանդիպելու է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: 
Երեկ «Արցախ» ակումբում հյուրընկալված ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Աթենքում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում քննարկվի առաջիկա համաձայնագիրը կամ կարգավորմանն առնչվող որեւէ փաստաթուղթ: Ի պատասխան տիկին Ալավերդյանն ասաց. «ԵԱՀԿ-ի եւ մասնավորապես Մինսկի խմբի շրջանակներում Հայաստանի դիրքորոշումն այնքան մշուշոտ է, որ անգամ այն դիվանագետները, որոնք 90-ականների սկզբից մասնակցել են այդ գործընթացներին՝ ինձ այսպիսի հարց են տվել, թե Հայաստանը վերջապես կողմնորոշվե՞ց, թե ինչ լուծում է հետապնդում Արցախյան հիմնահարցի շուրջ: Ես այստեղ Հայաստանի կողմից ավելի շատ ակնկալում եմ փափուկ, մեղմ հետընթաց՝ առնվազն փաստաթղթային առումով»:
Նա չհամաձայնեց այն կանխատեսումներին, թե հայ-թուրքական հարաբերություններին զուգահեռ՝ ԼՂ հիմնահարցի շուրջ էլ կարող է որոշակի արագացում լինել. «Գործընթացն այդպես սրընթաց չի գնում, ինչպես որ ասում են: Չէի ասի, թե Արցախի հարցն այդպես շուտ կլուծվի, ինչպես դրա մասին ասում են: Ոչ մի սրընթաց բան չի լինելու՝ ուղղակի եւս մի խարդախ խոսքով կամ ստորակետով փաստաթղթային առումով էլի նահանջ ենք ունենալու»:

Հ. Գ. Հաշվի առնելով այն, որ «Ժառանգություն» կուսակցությունից հեռացած ու հեռացված 33 անձինք օրերս հիմնադրել են «Ժողովրդի իշխանություն» անունով հասարակական-քաղաքական նոր նախաձեռնություն՝ Լարիսա Ալավերդյանին խնդրեցինք կանխատեսել, թե արդյոք սա քաղաքական առանձին ո՞ւժ կլինի, թե՞ կհամալրի ՀԱԿ-ի շարքերը. «Այդքան հեռուն չեմ կարող տեսնել, թե ում հետ կլինեն, բայց այն նախընտրությունը, որոնք արել են այդ խմբի անձինք՝ ես ողջունում եմ: Քանի որ եթե նրանք եղել են քաղաքականապես ակտիվ՝ հասկանալի է, որ իրենք ձգտելու են մնալ այդ դաշտում: Այսպիսով ավելի պարզեցվում է դաշտը՝ պարզվում է, որ այդ անձինք ունեն սեփական մոտեցումներ, որոնք տարբերվում են «Ժառանգության» ծրագրերից կամ մոտեցումներից: Այնպես որ՝ սա միայն եւ միայն հաստատում է, որ գործընթացներն ընթանում են բնականոն ձեւով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել