Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ ՍԱՐՍԱՓՈՒՄ ԵՆ

Նոյեմբեր 18,2009 00:00

Նրա ելույթը քննադատողների մասին ասում է «Հայ կամավորականների համախմբման» անդամ Վարդան Մալխասյանը

Երկուշաբթի օրը Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնությունն իր ակտիվի ժողովում քննարկել էր ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նոյեմբերի 11-ի ելույթն ու հանդես էր եկել հայտարարությամբ, որում կոշտ քննադատության էր ենթարկել նրա որոշ՝ «Հայ Դատը պետականազուրկ ազգին վայել դավանանք է», «աշխարհը մեզ ճիշտ չի հասկանա» դիտարկումները: Ինչպես քաղաքական շատ ուժեր, այնպես էլ այս նախաձեռնությունը, Տեր-Պետրոսյանի ելույթում հնչած այն հատվածները, որոնք վերաբերում էին Սերժ Սարգսյանին, ներառյալ այն հատվածը, թե՝ ի՞նչն է խանգարում Սարգսյանին օտարներից լեգիտիմություն ստանալու նպատակով այդչափ նվաստանալու փոխարեն, ցանկալի այդ լեգիտիմությունը խնդրել սեփական ժողովրդից, ընկալել է որպես Ս. Սարգսյանին համագործակցության կամ գործարքի, ընդդիմության «ակտիվ սպասումի» առաջարկ:
Այն, որ Տեր-Պետրոսյանի ու Ժիրայր Սեֆիլյանի, ուստի՝ նաեւ նրա գլխավորած նախաձեռնության դիրքորոշումները հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում տարբեր են՝ վաղուց էր հայտնի: Բայց տարակուսելի էր այն, որ թեեւ Կոնգրեսի ակտիվի ժողովին մասնակցել էր նաեւ այս նախաձեռնության հիմնադիր անդամ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը, բայց նա որեւէ կերպ չէր առարկել Տեր-Պետրոսյանի ելույթում մատնանշված տեսակետներին, իսկ օրեր անց «կամավորականները» նաեւ նրա անունից հայտարարություն հրապարակեցին, որտեղ միանգամայն այլ բան էր ասված: Վ. Մալխասյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե ինքը մասնակցել է ե՛ւ ՀԱԿ-ի, ե՛ւ նախաձեռնության ակտիվի ժողովներին: Առաջին դեպքում չի առարկել, որովհետեւ ՀՀ առաջին նախագահի ելույթից հետո եղել է նաեւ բանավոր եւ, իր ասելով՝ շատ անկեղծ, նաեւ հուսադրող խոսք. «Ես իր ելույթի ընդհանուր կոնտեքստից որեւէ դժգոհություն չունեմ: Տեր-Պետրոսյանը շատ լավ է պատկերացնում եւ գիտի, թե Հայաստանը հիմա ինչ վիճակում է, եւ, թերեւս, այդ էր պատճառը, որ նրա ելույթի մի մասն ուղղված էր ՀԱԿ անդամներին, մյուս մասը, որ հրապարակվեց՝ արտաքին աշխարհի համար էր եւ ավելի դիվանագիտական ձեւակերպումներ ուներ: Այն, ինչ ասվեց մեզ համար եւ լսելի չեղավ հասարակության համար, արդեն Կոնգրեսի ակտիվը պետք է տեղ հասցնի, որովհետեւ մենք ենք, որ ամենօրյա շփումներ ունենք մարդկանց հետ, քարոզում ենք: Բայց ես այդ ելույթներից մի բան հասկացա. Տեր-Պետրոսյանը պայքարից երբեք հրաժարվողը չի եւ իր բոլոր ջանքերը գործադրում է չարիքի նկատմամբ մեր հասարակության վերջնական հաղթանակի համար»:
Վ. Մալխասյանը Տեր-Պետրոսյանի ելույթում պայքարի դադար նկատած կամ Սերժ Սարգսյանին գործարքի առաջարկ տեսած գործիչներին որակեց որպես պարզունակ դատողություն ունեցողներ, որոնք բամբասանք ու հերյուրանք են տարածում. «Էդ ասողները Տեր-Պետրոսյանից սարսափելի վախենում են, որովհետեւ գիտեն, որ նա իշխանության գալով՝ բոլոր մեղավորների հարցերը պիտի լուծի»:
Վ. Մալխասյանի համոզմամբ, ոմանք դիտավորությամբ են խեղաթյուրում Տեր-Պետրոսյանի ելույթում Ս. Սարգսյանի վերաբերյալ հնչեցրած հարցադրումներն ու հայտարարությունները. «Նրա ելույթում ոչ մի առաջարկ ես չեմ տեսել: Նա ընդամենը փաստում էր, որ հայ-թուրքական արձանագրությունների, «մադրիդյան սկզբունքների» սկիզբը դրվել է Քոչարյանի իշխանության գալու առաջին իսկ օրվանից, եւ դա ճիշտ է»:
Անդրադառնալով պահանջատիրությանը եւ հայդատականությանն ուղղված Տեր-Պետրոսյանի քննադատությանը՝ Վ. Մալխասյանն ասաց. «Ես պահանջատիրությունից, Հայ դատից չեմ կարող հրաժարվել, որովհետեւ մեր ազգը Հայրենիք է կորցրել: Հրաժարվել դրանից՝ նշանակում է հրաժարվել հայ լինելուց»: Բայց Մալխասյանը միաժամանակ հավաստիացրեց, թե ինքը Տեր-Պետրոսյանի ելույթի այդ հատվածի հետ էլ միանգամայն համաձայն է: Նրա դիտարկմամբ, ամեն ինչ այնքան պարզունակ չէ, ինչպես ոմանք կարծում են. «Այդ ելույթը խորապես պետք է ընկալել: Ինքը դեմ է ազգայնականությանը այն դրսեւորմամբ, ինչպիսին այսօր կա: Ես էլ եմ դրան դեմ: Երբ 1990-ականներին նա ասում էր, որ ազգային գաղափարախոսությունը քաղաքական կեղծ կատեգորիա է՝ ես ընդվզում էի: Բայց հետո համոզվեցի, որ Լեւոնը նույնիսկ մեղմ է արտահայտվել: Էս տեսքով ազգային գաղափարախոսությունը ոչ թե կեղծ, այլ կործանարար կատեգորիա է: Լեւոնը դեմ է էս կեղծ ու կիսատ հայրենապաշտներին: Նաեւ Նժդեհն է ասել՝ ակնհայտ թշնամիներն ավելի անվտանգ են, քան կեղծ հայրենասերները, էդ կիսակրոն վարդապետները: Էս հանրապետականները, Դաշնակցությունը ազգայնակա՞ն են: Ազգայնականի ծաղր են: Ավելի լավ է՝ էդպիսի «ազգայնական» կուսակցություններ ընդհանրապես չունենանք»:
Ինչ վերաբերում է «Հայ կամավորականների համախմբման» ակտիվի ժողովին եւ հրապարակված հայտարարությանը, ապա Վ. Մալխասյանն ասաց, թե ինքը ի սկզբանե էլ դեմ է եղել նման բովանդակությամբ հայտարարություններ անելուն. «Ես մասնակցել եմ ակտիվի ժողովին, բայց իմ ներկա եղած ժամանակ այդ հարցը ընդհանրապես չի քննարկվել: Քննարկվել են այլ հարցեր: Բայց առանձին հանդիպումների ժամանակ ես ինքս հորդորել եմ, որ հիմա ընդդիմության ներսում իրար քննադատելը, ինչ-ինչ սխալներ վեր հանելը ժամանակավրեպ է: Ես այդպիսի կարծիք եմ ունեցել եւ ունեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել