Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ՀՈՒՅՍԵՐ ԿԱՊԵԼ ՀԱԿ-Ի ՀԵՏ

Նոյեմբեր 18,2009 00:00

\"\"Երջանիկ Աբգարյանը եւ Հրանուշ Խառատյանը՝ քաղաքական գործչի, քաղաքական գործիքի, անցյալի եւ ներկայի պատասխանատվության բեռի մասին:

«Եթե եղել է պահ, երբ կարելի էր ինչ-որ բան անել, ինչո՞ւ Շիրխանյանը կամ մյուս բողոքողները իրենց վրա չվերցրեցին պատասխանատվությունը եւ չարեցին դա». սա Հայ ազգային կոնգրեսի անդամ Երջանիկ Աբգարյանի արձագանքն է Կոնգրեսի մեկ այլ անդամի՝ Վահան Շիրխանյանի այն հայտարարության, թե գործող ընդդիմության հետ ինքն այլեւս հույս չի կապում: Մասնավորաբար՝ «Եթե սեպտեմբերի 1-2-ին ընդդիմությունը կոչ աներ եւ ժողովրդին հաներ փողոց ու հաներ փողոցում մի քանի օր՝ 100 հազար, 200 հազար, 500 հազար, ես չգիտեմ, ինչքան որ կարողանար, ապա՝ այս արձանագրությունները չէին ստորագրվի եւ հնարավոր կլիներ հասնել արտահերթ ընտրությունների: Բայց դա չարվեց, արվեց ուղիղ հակառակը, եւ այսօր ընդդիմությունը, ես չեմ տեսնում, որ ի վիճակի է հասնել արտահերթ ընտրությունների»,- հայտարարել էր պաշտպանության նախկին փոխնախարարը՝ մամուլի ասուլիսում: Երջանիկ Աբգարյանը գտնում է, որ «հեղափոխական իրավիճակ» այժմ էլ կարելի է ստեղծել. «Վերջին հաշվով, դա քաղաքական գործիչների ձեռքն է: Այսօր էլ ուշ չէ: Այն քաղաքական գործիչները, ովքեր համարում են, որ այժմ դրա համար նախադրյալներ կան՝ թող նախաձեռնողի դիրքերից հանդես գան: Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր վարում է մի քաղաքականություն, որը պրագմատիկ լինելով՝ նաեւ որոշակիորեն հաշվարկված է: Թե հետագայում զարգացումների ինչ ընթացք կստանանք՝ այս պահին դժվարանում եմ ասել, բայց քաղաքականությունն այնպիսի բան է, որ կողքից խոսելը շատ հեշտ է: Հենց մարտի 1-ին Շիրխանյանը թող աներ այն, ինչը որ մյուսներն էին անում՝ մարդկանց անվտանգության ապահովման առումով: Եթե հնարավոր էր՝ հենց նույն օրը թող իշխանությունն էլ վերցներ: Իսկ ի՞նչ է եղել որ»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ ասաց նա: Երջանիկ Աբգարյանը գտնում է, որ քաղաքական գործիչն իրադարձությունների ժամանակ չպետք է մնա «հրամանի սպասող», այլ գործի այնպես, ինչպես իր համոզմամբ, ճիշտ է. «Այլապես, նա ոչ թե քաղաքական գործիչ է, այլ՝ քաղաքական գործիք»:
Այն, որ ՀՀ առաջին նախագահի վերջին ելույթից հետո Հայ ազգային կոնգրեսի անդամները հերթական անգամ սկսեցին իրարամերժ, երբեմն նույնիսկ զավեշտի հասնող հայտարարություններ անել, չի զարմացնում ազգագրագետ Հրանուշ Խառատյանին: Երեկ «Առավոտի» հետ զրույցում նա անկեղծ պատասխանեց՝ ինքը երբեք որեւէ ռեալ հեռանկար եւ հույս չի կապել գործող ընդդիմության հետ՝ ի դեմս ՀԱԿ-ի: «Ես կարծում եմ, որ ընդդիմություն կոչվածը, տվյալ դեպքում՝ ՀԱԿ-ը, չնայած ահռելի թվով մարդկանց եւ հույսերի, որ իսկապես կային, նախ՝ վստահության իր բաժինը ռեալ չուներ, այլ դժգոհության հենքի վրա էր հավաքված, եւ սկզբունքորեն կարծում եմ, որ ՀԱԿ-ը կարող ուժ չէ: Ես ի սկզբանե եմ այդ համոզմանը եղել»:
Ի դեպ, Տեր-Պետրոսյանի ելույթի՝ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերվող հատվածը տիկին Խառատյանը օրինաչափ է համարում. «Սկզբից եւեթ իրենք շատ զուսպ են եղել, եւ չնայած առաջին նախագահը հայտարարեց, թե «որոշ վերապահումներով», ըստ իս՝ արձանագրությունները սկզբունքորեն համապատասխանում են Տեր-Պետրոսյանի ծրագրերին եւ արտաքին քաղաքականությանը»: Այս իմաստով՝ ՀԱԿ-ի դիրքորոշումը՝ «տեւական ժամանակ պասիվ, կրավորական պահվածքը», մեր զրուցակցի համար անակնկալ չէ: Ավելին, ըստ Հրանուշ Խառատյանի, հայ-թուրքական հարաբերությունների շուրջ զարգացումներին ծպտյալ հավանություն տալու ՀԱԿ-ի դիրքորոշումն առաջին նախագահի ելույթով դարձավ հրապարակային «օդաբրյամս»: Իսկ քննադատության որոշ շտրիխներն՝ ի դեմս համատեղ հանձնաժողովի ստեղծման, նա նույնպես դիտարկում է օրինաչափության տեսանկյունից եւ արձանագրում, որ, իբրեւ ընդդիմություն, ՀԱԿ-ը չէր կարող «բուռն» հավանության արժանացնել իշխանության քայլերը:
Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահի կողմից երրորդ նախագահին տրված բնութագրումներին՝ Հրանուշ Խառատյանն ասում է, որ դրանք՝ «Աստծունն՝ Աստծուն, Կեսարինը՝ Կեսարին» սկզբունքով էին. «Ես կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանի, այսպես ասած, գնահատականները իրականում ճիշտ էին: Միայն թե, ցավոք, Տեր-Պետրոսյանն ինքն իր վրա երբեք չտեսավ անցյալի բեռի պատասխանատվության իր մասը»: Վերլուծելով ՀՀ անկախության ողջ շրջանը՝ ազգագրագետը կարծում է, որ յուրաքանչյուրը սկզբունքորեն ունի պատասխանատվության իր մասը, ներդրումը եւ բեռը՝ այսօրվա մեր «ուրախ» կյանքում. «Ամեն ինչի պատասխանատուն չէ, որ գործող նախագահն է, չնայած քաղաքականության մեջ խնդիրը միշտ ընթացիկ նախագահի հետ է կապվում: Եվ այդ առումով, հասարակության սպասելիքները, պահանջներն այսօր Սերժ Սարգսյանից են»: Ի դեպ, տիկին Խառատյանը կարծում է նաեւ, որ Տեր-Պետրոսյանն անկեղծորեն հավատացած է, որ իր մեղքն այս ամենում չկա: Այս առումով հիշեցնում է 2008 թվականի առաջին նախագահի ելույթներից մեկը, որում Տեր-Պետրոսյանը հայտարարում է, թե երկար է մտածել եւ հասկացել է, որ իր միակ մեղքը Ռոբերտ Քոչարյանին ՀՀ վարչապետ նշանակելն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել