Մանրամասնում է սեքսապաթոլոգը
Սեռական ցանկություն ունենում են բոլորը եւ, ըստ սեքսապաթոլոգ Արամ Բարսեղյանի, դրանից պետք չէ ամաչել, քանի որ ցանկություն ունենալ՝ նշանակում է լինել առողջ. «Սեռական ցանկությունն արթնանում է հատկապես այն ժամանակ, երբ սիրելիդ կողքիդ է, երբ խոսում ես սեռական բնույթի թեմաներից կամ էլ դիտում համապատասխան ֆիլմ: Սա բնական երեւույթ է, եւ հատուկ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց: Սեռական ցանկությունը մասնագիտական լեզվով անվանում են լիբիդո. այն ունի երեք էտապ՝ պլատոնական, էրոտիկ եւ սեքսուալ: Պլատոնական լիբիդոն ավելի վաղ հասակում է առաջանում, այսինքն՝ դա դպրոցականների սիրահարվածությունն է: Պլատոնական դրսեւորման հետ միասին՝ առաջանում է էրոտիկ լիբիդո, որը պլատոնական սիրահարվածությունը փոխարինում է հպումներով, սիրած էակի ձեռքը բռնելով, համբույրներով: Իսկ սեքսուալ լիբիդոն ամենահասուն փուլն է եւ տեղի է ունենում այն ժամանակ, երբ լինում է սեռական ակտ»:
Ա. Բարսեղյանի փոխանցմամբ, տղամարդկանց մոտ սեքսուալ լիբիդոն առաջանում է առաջին սեռական ակտից հետո, իսկ կանանց մոտ՝ մի փոքր ավելի ուշ. «Կանայք ավելի հակված են այդ էրոտիկ լիբիդոյի շրջանում երկար մնալուն. շատ կանանց ավելի հաճելի են հպումները, շոյանքները, համբույրները, քան բուն սեռական ակտը: Սա վերաբերում է մասնավորապես նոր սեռական կյանք մտած կանանց: Երբ կինը նոր է սկսում սեռական կյանքով ապրել, նրանից որոշակի ժամանակ է պահանջվում, մինչեւ նրա լիբիդոն հասունանա եւ ցանկությունն արթնանա՝ քնքշանքների փուլից թեւակողի ավելի հասուն սեքսուալ փուլ: Որոշ կանանց մոտ լիբիդոն արթնանում է ծննդաբերությունից հետո…»:
Բժիշկ-սեքսապաթոլոգի մեկնաբանմամբ՝ սեռական ցանկության դրսեւորումները կանանց եւ տղամարդկանց մոտ տարբեր են լինում. «Կանանց մոտ շատ հետաքրքիր դրսեւորումներ կան: Երբ սեռական ցանկություն է առաջանում, կինը սկսում է ենթագիտակցաբար իր մազերն ուղղել, նկատելիորեն փոխվում են նրա դիմագծերը, այտերն են կարմրում, հայացքն է փոխվում, դառնում է ավելի շեղ, շարժումները դառնում են ավելի մեղմ, սահուն, շրթունքներն են կարմրում, բացվում եւ այլն: Մարմնի տարբեր հատվածներում էլ նկատելի են դառնում փշաքաղման նշաններ: Այս ամենը կատարվում է անկախ տվյալ աղջկա կամ կնոջ ցանկությունից: Այս ամենից բացի, սեռական ցանկության առաջացման վրա ազդում են նաեւ արհեստական կոմպոնենտները, օրինակ՝ ալկոհոլի թեկուզ փոքր քանակությունը. հատկապես կանանց պարագայում ալկոհոլը մեծ ազդեցություն ունի: Ընդհանրապես ալկոհոլը թե տղամարդկանց, թե կանանց մոտ սեռական ցանկություն է առաջացնում: Բայց նշեմ, որ ալկոհոլի մեծ քանակությունը արդեն ճնշում է ցանկությունը: Տղամարդկանց մոտ սեռական ֆունկցիան ավելի առաջնային պլանում է դրված, քան կանանց: Առողջ տղամարդը չի կարող երկար ժամանակ առանց սեռական կյանքի ապրել, որովհետեւ առողջական խնդիրներ կունենա»: Ինչպես նշում է սեքսապաթոլոգը, տղամարդկանց սեռական ցանկությունն արտահայտվում է էրեկցիայով՝ կանանց մոտ լյուբրիկացիայով:
Սեքսապաթոլոգ Բարսեղյանը նշում է, որ առանց սեռական ցանկության՝ հարաբերություն չի կարող լինել. «Ցանկությունը պետք է անպայման լինի: Սեռական ֆունցկիան բազմաթիվ գործոններով է պայմանավորված, եւ միայն այդ հորմոնի մակարդակը չէ, որ ապահովում է սեռական ցանկություն: Մեծ դեր ունի նաեւ մարդու հոգեկան աշխարհը, մասնավորապես՝ կանանց մոտ: Կնոջ մոտ մինչեւ առկա չլինի սիրո զգացումը, զուգընկերոջ նկատմամբ թեկուզ նվազագույն հրապուրանքը, սեռական ցանկությունը գլուխ չի բարձրացնի: Տղամարդը մի փոքր ավելի կենդանական բնազդներով առաջնորդվող էակ է, որի համար գրեթե նշանակություն չունի սիրո առկայությունը, նա կարող է առանց դրա էլ սեռական ակտի գնալ»:
Ա. Բարսեղյանը նաեւ հավելեց, որ երիտասարդների մոտ սեռական ցանկությունն ավելի ուժեղ է լինում, բայց տարիքի հետ այն նվազում է, որն էլ պայմանավորված է հորմոնների նվազեցումով եւ օրգանիզմի ծերացումով:
Իսկ ինչ վերաբերում է ցանկության առաջացման պատեհությանը, ապա, մեր զրուցակցի խոսքով, այն ոչ վայր է հարցնում, ոչ էլ ժամանակ. «Եթե մարդն առողջ է, նրա մոտ նույնիսկ մտքերից, ինչ-ինչ հիշողություններից կարող է առաջանալ սեռական ցանկություն: Իսկ սեռական ցանկության անպատեհ առաջացումը բնորոշ է մասնավորապես երիտասարդներին: 18-20 տարեկանների մոտ այդ լիբիդոն այնքան ուժեղ է լինում, որ նույնիսկ առօրյայում՝ անհամապատասխան եւ անհարմար իրավիճակներում առաջանում է էրեկցիա, ինչն էլ պայմանավորված է երիտասարդական հորմոնների գերբարձրացումով»: