Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՉՈՐՐՈՐԴՆ Է

Նոյեմբեր 17,2009 00:00

Ավարտվեց շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի ավանդական 4-րդ հուշամրցաշարը, որի ուժեղագույնների խմբում հանդես էր գալիս աշխարհի ներկայիս առաջատար գրոսմայստերներից տասը:
Լեւոն Արոնյանը, որ մրցաշարի միջնամասում հիվանդանալու պատճառով որոշ չափով զիջել էր դիրքերը, եզրափակիչ՝ 9-րդ տուրում սեւ խաղաքարերով պարտության մատնեց աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդին եւ վաստակած 5,0 միավորով ոչ միայն հավասարվեց նրան, այլեւ լրացուցիչ գործակիցներով շրջանցեց հնդիկ շախմատիստին: Վերջին օրը Մագնուս Կարլսենը առավելության հասավ Պետեր Լեկոյի, Ռուսլան Պոնոմարյովը՝ Ալեքսանդր Մորոզեւիչի նկատմամբ, իսկ Պյոտր Սվիդլեր-Բորիս Գելֆանդ եւ Վասիլի Իվանչուկ-Վլադիմիր Կրամնիկ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Այսպիսով, մրցաշարային աղյուսակում գրոսմայստերները դասավորվեցին հետեւյալ հաջորդականությամբ:
1. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) 6,0 միավոր
2. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) 5,5
3. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) 5,5
4. Լեւոն Արոնյան (Հայաստան) 5,0
5. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) 5,0
6. Բորիս Գելֆանդ (Իսրայել) 4,5
7. Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա) 4,0
8. Պյոտր Սվիդլեր (Ռուսասան) 3,5
9. Պետեր Լեկո (Հունգարիա) 3,0
10. Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան) 3,0
Երեկ Միխայիլ Տալի հուշամրցաշարի շրջանակներում Մոսկվայի ՊՀԽ-ի ցուցադրասրահում մեկնարկեց «բլից» շախմատի աշխարհի առաջնությունը, որին, բացի վերոնշյալ գրոսմայստերներից, մասնակցում են նաեւ հատուկ հրավեր ստացած Անատոլի Կարպովը, Ալեքսանդրա Կոստենյուկը, Լենյեր Դոմինգեսը, Ալեքսանդր Գրիշչուկը, Դմիտրի Յակովենկոն, Յուդիթ Պոլգարը, ինչպես նաեւ «Aeroflot Open»-ի ընտրական մրցաշարի վեց հաղթողները՝ Սերգեյ Կարյակինը, Վուգար Գաշիմովը, Շախրիյար Մամեդյարովը, Եվգենի Բարեեւը, Վիկտոր Տկաչովը եւ Արկադի Նայդիչը:
Անթալիայում շարունակվում է շախմատի աշխարհի պատանիների եւ աղջիկների անհատական առաջնությունը, որի գրեթե բոլոր տարիքային խմբերում հանդես են գալիս նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչները:
Կայացած չորս տուրից հետո գերազանց մրցելույթներ է ունենում 14 տարեկան տղաների պայքարի մասնակից Հովհաննես Գաբուզյանը: Նա տարել է միայն հաղթանակներ եւ հարյուր տոկոսանոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երեկ Հովհաննեսը սպիտակներով խաղում էր նույնպես 4,0 միավոր վաստակած շվեյցարացի Լարս Ռինդլիսբահերի հետ:
Ինչ վերաբերում է հայաստանցի մյուս շախմատիստներին, նրանցից շատերն ընթանում են իրենց տարիքային խմբերի մրցաշարային աղյուսակների վերին եւ միջին հորիզոնականներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել