Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինչ տարբերություն, թե ում հետ»

Նոյեմբեր 17,2009 00:00

Կամ ինչպես պտուղը ծառից հեռու չի ընկնում

Երիտասարդ թատերական ռեժիսորների 4-րդ հանրապետական փառատոնի շրջանակներում Երեւանի կամերային թատրոնում ցուցադրվեց Լուսինե Երնջակյանի բեմադրած «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը՝ ըստ Լեոնարդ Գերշի «Butterflies are free» պիեսի: Հիշեցնենք, որ նույն բեմադրության պրեմիերան կայացել է այս տարվա մայիսի 16-ին: Ողջ ներկայացման ծանրությունը Լիլի Էլբակյանի եւ Արշալույս Հարությունյանի ուսերին էր, նրանք իրոք «իրենց ափսեում» էին, իսկ երիտասարդ ռեժիսորն իսկապես լավ էր աշխատել: Ներկայացումը ժամանակակից երիտասարդության, ավելի ճիշտ՝ հարուստ ընտանիքից մի կույր տղայի եւ դերասանուհու կարիերա երազող թռի-վռի աղջկա սիրո մասին է: Տղան, կամ ինչպես նրան արձակագիր մայրն է անվանում՝ փոքրիկ Դոնին ուզում է ինքնուրույն լինել, գտնել իր տեղը կյանքում եւ ազատվել սահմանափակումներից, ինչը, բնականաբար, միշտ «կանոնակարգված» ապրող մոր սրտով չէ: Վերջինիս մարմնավորած Լուիզա Ներսիսյանը գուցեեւ Հայաստանում ամենաշատը «ռասկրուտկա» արվող դերասանուհիներից է եւ մշտապես զբաղված է մի շարք նախագծերում, բայց, միեւնույն է, չէր փայլում այս բեմադրության մեջ: Պատճառն այն է, որ բեմը եւ եթերը չեն խնայում ավելորդ «կոտրատվողներին»: Նույնը կարելի է ասել նաեւ դերասան, հաղորդավար, երգիչ Արսեն Գրիգորյանի մասին: Նա ընդամենը շատ հաջող ծիծաղում էր:
Դառնալով ռեժիսոր Լուսինե Երնջակյանին, հավելենք, որ 2007-ից աշխատում է Կամերային թատրոնում: Նա այստեղ բեմադրել է նաեւ «Փնտրվում է տղամարդ» ներկայացումը՝ ըստ Քերոլլ Ֆրեշետտի «Ժան եւ Բեատրիս» պիեսի, ինչի համար «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում արժանացել է ԹԳՄ-ի «Արտավազդ» մրցանակին: Իսկ «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը Լուսինեի դիպլոմային աշխատանքն է:
Եվ Լուսինե Երնջակյանի, եւ Լիլի Էլբակյանի պարագայում տեղին է հիշել հայտնի առածը՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել