Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ ՉԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ

Նոյեմբեր 17,2009 00:00

\"\"Չնայած լուսանկարը, այնուամենայնիվ, «սպրդել» է

Նոյեմբերի 7-ին բացվեց Գաֆեսճեան արվեստի շքեղ կենտրոնը, ինչի առիթով Հայաստան էր ժամանել «Գաֆեսճեան ընտանիք» հիմնադրամի նախագահ Ջերարդ Գաֆեսճեանը, հրավիրյալների պակաս նույնպես չկար: Վերջիններիս թվում, սակայն, բացակայում էին շուրջ 7 տարի այդ թանգարանի վրա աշխատած, Գաֆեսճեան թանգարան-հիմնադրամի գործադիր տնօրենի հայաստանյան նախկին տեղապահ Էդուարդ Պալասանյանի ու նրա այն ժամանակվա աշխատակիցների անունները: Ավելին, տպագրվել է Գաֆեսճեան արվեստի կենտրոնի կատալոգը, որտեղ նույնպես նրանց «մոռացել» են, չնայած մի լուսանկար, այնուամենայնիվ, «սպրդել» է, որտեղ պարոն Գաֆեսճեանի թիկունքում նշմարվում է Էդ. Պալասանյանը:
«Առավոտը» Էդ. Պալասանյանից հետաքրքրվեց, արդյո՞ք իր կարծիքով միտում կա այս ամենի մեջ, թե՞ պատահականություն է: «Ես շատ անհանգստացա, երբ կատալոգը ձեռքս ընկավ: Ոչինչ, որ իմ անունը չկա, ես պագոնների ու դրական գնահատականների կարիք առանձնապես չունեմ, ցավալի էր, որ 7 տարի այն կառուցող աշխատակազմի անունը չկա՝ ոչ ինժեներներինը, ոչ ճարտարապետներինը…»,- պատասխանեց մեր զրուցակիցը: Նաեւ հավելեց. «Հավանաբար, թանգարանի ներկայիս տնօրեն Մայքլ Դե Մարշը անձնական անապահովությունից դրդված է այդպես վարվել, մտածելով՝ երեւի ուզում եմ իր գործը ձեռքից վերցնել: Ի դեպ, երբ տնօրեն էին ընտրում, ինքս եմ նրա թեկնածությունն առաջարկել, 8 հոգու անուն ուղարկեցին, ես մի հոգու անուն էլ ավելացրի՝ դրական գնահատականով… Կրկնում եմ, ես՝ ոչինչ, իսկ ինձ հետ աշխատած Գեորգի Ջանյա՞նը, Ստեփան Ղամբարյա՞նը, Գառնիկ Ստեփանյա՞նը եւ մյուսնե՞րը, որ ԵՊՀ պրոֆեսորներ են, ընտրյալ մարդիկ ու լավ մասնագետներ»:
Մեր հարցին՝ իսկ ինչո՞ւ բավականին բարձր աշխատավարձով աշխատող պարոն Դե Մարշը պիտի անապահով զգար իրեն, Էդ. Պալասանյանը պարզաբանեց. «Որովհետեւ մտածեց, եթե Պալասանյանը կոպեկներով 13 տարի ՆՓԱԿ է պահում ու ցուցահանդես ցուցահանդեսի հետեւից կազմակերպում, ուրեմն պոտենցիալ մրցակից է: Այնինչ, ես այդպես չեմ էլ մտածել, որովհետեւ ՆՓԱԿ-ը իմ երեխան է, հոգեկան բավարարությունը, հպարտությունը, երիտասարդացնող ավյունը: Նախորդ զրույցում ձեզ ասել եմ, որ 8 ամիս է՝ պարոն Գաֆեսճեանը դադարեցրել է ՆՓԱԿ-ի ֆինանսավորումը, բայց դրանով հանդերձ ՆՓԱԿ-ը էլի չի փակվում եւ չի փակվելու, որովհետեւ մարդիկ այն իրենց տունն են համարում, աշխատավարձ ստանան, թե ոչ՝ գալիս են: Ինչ վերաբերում է իմ աշխատաոճին, ես ամբողջ կյանքում եւ ամենուր մաքուր եմ աշխատել, ինչը պատրաստ եմ ապացուցել»:
Փորձեցինք կապվել նաեւ մյուս կողմի հետ:
Գաֆեսճեան արվեստի կենտրոնի տնօրենի օգնական Վահագն Մարաբյանը «Առավոտին» ասաց, որ ըստ իրենց մոտ գործող կարգի, պիտի քաղաքային հեռախոսահամարով զանգել հանրային կապերի պատասխանատու Անա Դիրեյ Անանյանին ու նրանից պարզաբանում խնդրել: Քանի որ քաղաքային համարով զանգելու դեպքում ամեն կես ժամը մեկ ասվում էր, որ կես ժամ հետո տիկին Դիրեյը տեղում կլինի, ստիպված նրա բջջայինին զանգեցինք ու պարզաբանումներ խնդրեցինք բոլոր այն հարցերի վերաբերյալ, որ հնչեցրել էր Էդ. Պալասանյանը:
Հանրային կապերի պատասխանատուն խոստացավ, որ համապատասխան անձի հետ ճշտումներ անելուց հետո այսօր կպատասխանի «Առավոտի» հարցերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել