Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՂԵՍՏԻՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ՀՌՉԱԿԵԼ

Նոյեմբեր 17,2009 00:00

Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչները մտադիր են դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Պաղեստինի անկախությունը պաշտոնապես ճանաչելու հարցով: «News.am»-ի մատուցմամբ, այդ մասին արեւմտյան գործակալություններին հայտնել է Իսրայելի հետ բանակցություններում Պաղեստինի գլխավոր բանագնաց Սաեբ Էրեքաթը։ «Մենք արդեն հոգնել ենք եւ չենք հավատում Իսրայելի հավաստիացումներին՝ երկու պետություն ստեղծելու վերաբերյալ»,- հայտարարել է Պաղեստինի ներկայացուցիչը եւ պնդել, թե Իսրայելի իշխանությունները շարունակում են զավթողական քաղաքականությունն ու չեն ուզում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ «Մենք որոշել ենք դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Պաղեստինի անկախությունը ճանաչելու խնդրանքով՝ մինչեւ 1967 թվականի հնգօրյա պատերազմը առկա սահմանների շրջանակներում՝ մայրաքաղաք Երուսաղեմով»,- ընդգծել է Սաեբ Էրեքաթը։
Իր հերթին Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն հայտարարել է, թե Իսրայելը կարող է «միակողմանի քայլեր» ձեռնարկել այն դեպքում, եթե պաղեստինցիները բանակցությունների սեղանի շուրջ չվերադառնան: «Իսրայելի եւ Պաղեստանի վարչակարգի միջեւ բանակցությունները այլընտրանք չունեն: Այդ շրջանակներից դուրս կատարվելիք որեւէ փորձ մեխանիկորեն չեղյալ կդարձնի այս պահին մեր միջեւ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները եւ կարող է Իսրայելի կողմից միակողմանի քայլերի հանգեցնել»,- հայտարարել է Նեթանյահուն՝ Երուսաղեմում, Սաբան ֆորումում ունեցած իր ելույթում՝ արձագանքելով պաղեստինցի պաշտոնյաների՝ Պաղեստինի անկախության հռչակման հնարավորության մասին սպառնալիքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել