Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վրաստանը բողոքի նոտա է ներկայացրել

Նոյեմբեր 17,2009 00:00

\"\"Վրաստանի արտգործնախարարությունը Ռուսաստանին եւ ՄԱԿ-ին կից Էլեկտրոնային կապի միջազգային միությանը բողոքի նոտա է հղել՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հեռախոսային ցանցերը վրացական կոդից անջատելու եւ ռուսականին միացնելու առնչությամբ: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Քալանթաձեն (նկարում) կարծիք է հայտնել, թե «Ռուսաստանի ընդունած այդ որոշումը խախտում է միջազգային չափանիշները, եւ վրացական կողմը անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկի նման գործողությունները կասեցնելու համար»: Վրաց դիվանագետը չի բացառել, որ Վրաստանը այդ նպատակով կօգտագործի միջազգային իրավական բոլոր մեխանիզմները, այդ թվում՝ կդիմի միջազգային դատարան: «Կոմերսանտ» թերթի տվյալներով, Աբխազիայում վրացական հեռախոսային կոդը ռուսականի հետ զուգահեռ կկիրառվի մինչեւ Նոր տարի, իսկ հունվարի 1-ից ամբողջական անցում կկատարվի ռուսական կոդին՝ Նոր տարվա գիշերն Աբխազիան կանջատի վրացական կոդը: Սուխումը հույս ունի, որ Էլեկտրոնային կապի միջազգային միությունը հանրապետությանն առանձին միջազգային կոդ կտրամադրի:
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Պաատա Դավիտայան զգուշացրել է, որ մասնավոր այն ընկերությունները, որոնք Աբխազիա զանգերի իրականացման համար կօգտագործեն ռուսական կոդերը՝ կտուգանվեն, իսկ միջազգային կապի գործակալությունները կզրկվեն արտոնագրից: Էլեկտրոնային կապի միջազգային միությունը հայտարարել է, թե չի ճանաչում Աբխազիայի ռուսական կոդերը, եւ Աբխազիայի հեռախոսային կոդը նախկինի նման կմնա այն կոդը, որն ունի Վրաստանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել