Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ՞ ՄՊՀ-Ի ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

Նոյեմբեր 17,2009 00:00

Նոյեմբերի 12-13-ը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում: Նա հանդիպել է ՌԴ ԿԳ նախարար Անդրեյ Ֆուրսենկոյի հետ: Ա. Աշոտյանը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգում ռուսաց լեզվի տարածվածության եւ դասավանդման հետ կապված հարցեր: Հայաստանի շուրջ 40 դպրոցում առկա են ռուսական դասարաններ, գործում է նաեւ ռուսերենի խորացված ուսուցմամբ եւ համապատասխան ծրագրերով շուրջ 60 դպրոց: Քննարկվել են ՀՀ-ում ռուսաց լեզվի դասավանդման կենտրոնի ստեղծման հետ կապված հարցեր: Ա. Ֆուրսենկոն առաջարկել է համատեղ հանձնաժողով ստեղծել՝ ՀՀ-ում ռուսական բուհերի մասնաճյուղերում կրթության որակը եւ կրթական գործընթացի կազմակերպումն ուսումնասիրելու եւ համապատասխան որոշումներ կայացնելու համար: Արմեն Աշոտյանը բարձրացրել է նաեւ ռուսական կողմի տրամադրած կրթաթոշակների քանակի, աշխարհագրական եւ մասնագիտական ուղղվածության խնդիրները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվանից աշխատել ցանկերի հստակեցման եւ առաջարկների մշակման ուղղությամբ, որպեսզի հաջորդ տարվա համար տրամադրվող կրթաթոշակները լինեն հայկական կողմի պահանջարկին համապատասխան: Խոսքը վերաբերել է հատկապես արեւելագիտություն, թուրքագիտություն, օսմանագիտություն եւ այլ մասնագիտություններով կրթաթոշակների տրամադրմանը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն նաեւ գիտական հետազոտությունների համար ՌԴ գործուղել համապատասխան մասնագիտությունների ասպիրանտների՝ ՌԴ պատմական արխիվներում աշխատելու համար: ՀՀ ԿԳ նախարարը հանդիպել է Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վ. Սադովնիչիի հետ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ՄՊՀ մասնաճյուղ բացելու հնարավորությունը եւ հեռանկարները: Այս տարվա ընթացքում ռուսական կողմը ՀՀ կգործուղի երկու պրոռեկտոր՝ իրավիճակը տեղում ուսումնասիրելու, մասնաշենքի եւ ֆակուլտետային նախնական ընտրության վերաբերյալ հայկական կողմի առաջարկները քննարկելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել