Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բոհը, մաֆիան եւ տգիտությամբ փայլող օրենքը

Նոյեմբեր 17,2009 00:00

Կեղծ գիտնականների մաֆիան շարունակում է Հայաստանում ավերել գիտությունը:

Մաֆիականությունը հատուկ էր խորհրդային գիտավարչական համակարգին, որում իր առանցքային դերն ունեին Կենտկոմի նոմենկլատուրայով ընտրված ակադեմիկոսները: Այն ավելի գռեհիկ եւ անբարոյական բնույթ էր կրում գիտությունների հանրապետական ակադեմիաներում, որոնց կազմավորման գործում հիմնական տուրքը տրվում էր խնամի-բարեկամական կապերին: Սակայն այդ տարիներին տեղական մաֆիականության համար զգալի զսպվածության գործոն էր հանդիսանում գիտական աստիճանների շնորհման եւ գիտական թեմաների գնահատման գործընթացներում համամիութենական փորձագիտությունը: Այժմ, երբ այդ գործոնը լիովին վերացված է, Հայաստանը դարձել է կեղծ ակադեմիկոսների եւ պրոֆեսորների բարգավաճող մաֆիայի երկիր, որոնք եւ հանդիսանում են ներկայիս խայտառակ եւ հետամնաց գիտահամալսարանական համակարգի ճարտարապետները:
Ակադեմիական մաֆիան, իր պասիվ կամակատար ԿԳՆ-ի հետ համատեղ, հորինել է տգիտությամբ ներծծված ներկայիս «Գիտության եւ գիտատեխնիկական քաղաքականության մասին» օրենքը, որով անխնա ավերվում է մեր ազգային գիտական գենոֆոնդը եւ վտանգվում երկրի քաղաքակիրթ ապագան: Մաֆիան, համալրելով իր շարքերը բազմաթիվ «անվտանգ» եւ չկայացած գիտնականներով, իր ձեռքը վերցրեց երկրի գիտական «փորձագիտությունը», որով կեղծ գիտական ծրագրերի անվան տակ բաշխում է պետական միջոցները: Մաֆիան, իր անբաժան բաղադրիչը դարձնելով ԲՈՀ-ը, իրականացնում է տարբեր գիտական աստիճանների եւ կոչումների «նվիրատվություններ» յուրայիններին: Իսկ թե ԲՈՀ-ական մաֆիան իր կոռուպցիոն գործունեությամբ ինչպիսի վնաս է հասցնում պետությանը եւ նրա անվտանգությանը, հուսանք, որ կստանանք համարժեք պատասխան ԲՈՀ-ը ստուգող ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության հանձնաժողովի աշխատանքներից:
Ցավալի է, որ չնայած այս ամենը հայտնի է մեր հասարակության լայն խավերին, երկրի նախկին եւ ներկա իշխանություններին, այնուհանդերձ, վերջիններս ոչ միայն քաղաքական կամք չեն դրսեւորում հրաժարվելու մեր օրերի համար արդեն ազգային չարիք դարձած խորթ ու մաֆիածին խորհրդային գիտահամալսարանական համակարգերից, այլեւ շարունակում են նախորդ իշխանություններից ժառանգած արատավոր քաղաքականությունը՝ երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող բնագավառի ճակատագիրը վստահելով բնագավառից անտեղյակ չինովնիկներին եւ իրական գիտության զարգացմամբ անշահագրգիռ կեղծ գիտնականներից կազմավորված ակադեմիական մաֆիային:
Այժմ ԿԳ բնագավառի բարեփոխման հերթական դեկլարատիվ հայեցակարգին հաջորդում է ակադեմիական մաֆիայի նոր հայեցակարգ, որով հերթական բարեփոխումների պատրանք են ստեղծում երկրի բարձրագույն իշխանությունների առաջ: Թե որքան կշարունակենք զբաղվել ինքնախաբեությամբ՝ պարզ չէ: Արդեն 20 տարի ոչ մի ստուգում չի իրականացվում ԳԱԱ-ի եւ այլ գիտահետազոտական հիմնարկներում՝ պարզելու, թե պետական ֆինանսավորման դիմաց ի՞նչ արդյունքներ են տվել նրանք գիտությանը եւ արտադրությանը, որով արդարացվում է նրանց հետագա գոյատեւումը պետբյուջեի հաշվին: Զավեշտալի է, որ երկրում դեռեւս չկան գիտնականի եւ գիտական խմբերի ակտիվության գնահատման չափանիշներ, որոնցով կարելի է փաստագրել հանրապետության իրական գիտական ներուժը եւ համարժեք որոշել պետական միջոցներից նրանց ֆինանսական հատկացումների հարցը: Մինչեւ ե՞րբ կարող է շարունակվել գիտնականների ներկայիս անբարոյական վարձատրության համակարգը, երբ գիտությանն անհայտ ակադեմիկոսը ստանում է մի քանի անգամ բարձր տիտուլավարձ, քան՝ երկիրը միջազգային ասպարեզում ներկայացնող եւ այդ անբարոյական ակումբին չանդամակցող գիտնականը:
Մնում է հուսալ, որ մեր իշխանությունները վերջապես կհրաժարվեն գիտության եւ կրթության դարում գիտության նկատմամբ ներկայիս ո՛չ համարժեք վերաբերմունքից: Երբ գիտության դոկտորը վարձատրվում է ավելի քիչ, քան չինովնիկի սուրճ մատուցող քարտուղարուհին կամ նրա վարորդը, ապա նման պայմաններում մրցակից գիտահամալսարանական համակարգ ունենալու մասին նույնիսկ երազելն անլուրջ է: Ի դեպ, ակնհայտ է, որ Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում միակ ազգային ներուժը, որով կարող ենք մրցակցել այդ բազմամիլիոն հարեւանի հետ, մեր գիտությունն է, ուրիշ ոչի՛նչ: Ուստի մնում է հուսալ, որ մեր իշխանությունները կարգախոսներից կանցնեն իրական քայլերի եւ ՀՀ-ում կստեղծեն քաղաքակիրթ երկրին հարիր եւ տարածաշրջանում մրցունակ գիտահամալսարանական համակարգ, որը եղել եւ մնում է մեր ազգի քաղաքակիրթ գոյատեւման միա՛կ նախապայմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել