Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԼԱՎ Է ԱՆԵԿԴՈՏ ՊԱՏՄԵՆ, ՔԱՆ ԿՐԱԿԵՆ»

Նոյեմբեր 17,2009 00:00

\"\"«Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի նախագահ, միջազգային մշակութային համագործակցության գծով ՌԴ նախագահի ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն այսպես է  մեկնաբանում day.az-ի քաղաքական «հումորները»:

Երեկ Հայաստանում մեկնարկեց ՌԴ հեռուստատեսության օրերը: Երկօրյա այցի ընթացքում «Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի (ՌՀԱՀ) անդամները եւ ՌԴ մի շարք հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ հայաստանյան գործընկերների, պաշտոնատար անձանց, կրթական հաստատությունների ներկայացուցիչների հետ կքննարկեն երկու երկրների հեռուստաընկերությունների միջեւ նոր կամուրջներ ստեղծելուն վերաբերող հարցեր: Հ1, Հ2, «Շանթ», «Արմենիա» հեռուստաընկերությունների եւ ՌՀԱՀ միջեւ կստորագրվի «Համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր»: Իսկ երեկ ռուսաստանյան լրագրողական պատվիրակությունը ԵՊՀ-ում հանդիպեց ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին: ՌՀԱՀ նախագահ Միխայիլ Շվիդկոյը ուսանողների հետ զրույցը սկսեց այս տողերով. «Շատ են վիրավորում լրագրողներին, մեղադրում հատկապես հեռուստատեսությանը, բայց հավատացեք, որ ավելի լավ մասնագիտություն, քան լրագրությունը, չկա»: Պարոն Շվիդկոյը, ներկայացնելով իրենց այցի հիմնական նպատակները, նկատեց. «Վերջին տարիներին հեռուստատեսային միջավայրում շատ փոփոխություններ են տեղի ունեցել: Օրինակ՝ Հայաստանում այն արտադրանքը չեք տեսնում, ինչ եթեր է հեռարձակվում Ռուսաստանում, քանի որ դա կարգավորվում է լիցենզիայով: Այսօր հայաստանյան առաջատար հեռուստաընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ եկանք այն եզրակացության, որ պետք է բարձրացնել միմյանց նկատմամբ ինֆորմացվածության աստիճանը: Ցավոք, միմյանց հանդեպ ուշադրություն ենք դարձնում միայն սոցիալական բարդ իրավիճակների, ընտրությունների, ներքաղաքական պայքարի կամ բնական աղետների ժամանակ»: Մ. Շվիդկոյի փոխանցմամբ՝ այդ զրույցի ժամանակ քննարկվել են նաեւ հայաստանյան լրագրողների համար թրեյնինգների կազմակերպման եւ այլ հարցեր:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհիներից մեկը հետաքրքրվեց՝ իրենք կարո՞ղ են մասնագիտական պրակտիկա անցնել ռուսաստանյան հեռուստաընկերություններում: «Առաջին ալիքի» գլխավոր տնօրենի տեղակալ, լրատվական ծրագրերի ղեկավար, ՌՀԱՀ-ի անդամ Կիրիլ Կլեյմենովը պատասխանեց. «Անհնարին ոչինչ չկա: Եթե ձեր առաջ նման նպատակ եք դրել, դրան կարող եք հասնել կամ ինքնուրույն, կամ խումբ կազմելով»: Մեկ այլ ուսանողուհի, նշելով, որ հայաստանյան լրագրության մեջ հիմնականում կանայք են, հարցրեց, թե դա ինչ-որ կերպ իր ազդեցությունը թողնո՞ւմ է մասնագիտության վրա: «Առաջին ալիքի» հաղորդավարուհի Արինա Շառապովան պատասխանեց. «Սիրելի աղջիկներ, դուք ամենաերջանիկն եք, որ ընտրել եք հենց այս մասնագիտությունը: Չէ՞ որ միայն կնոջ շուրթերով կարելի է խոսել պատերազմի, աղետների մասին: Եթե ասելիքը սարսափելի է, ապա ավելի լավ է դա լսել ջերմ կանացի սրտից, քանի որ այդ դեպքում գույժը ավելի մեղմ է տեղ հասնում»: Իսկ Կ. Կլեյմենովը հավելեց. «Այնուամենայնիվ, մասնագիտությունը տուժում է տղամարդկանց պակասից: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ նկարահանող խումբ պետք է ուղարկես մինչեւ աշխարհի ծայրը, գիշերը ժամը 2-ին: Իհարկե, այս դեպքերում նախընտրում ենք տղամարդկանց»: Այս ելույթից հետո Ա. Շառապովան նշեց, որ աշխարհում ամենահարուստ լրագրողը CNN-ի՝ ռազմական ոլորտի լրագրողուհին է: Ուսանողներին հետաքրքրեց նաեւ, թե ռուսաստանյան հեռուստալրագրությունը ինչի՞ չի հասել: Ոչ պետական, «հՏՉպՐՔպվվՏ րպՍՐպՑվՏ» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Էթերի Լեւիեւան ասաց. «Մեր հեռուստալրագրությունը դեռ չի հասել այն ազատության լիարժեք օգտագործմանը, որը տրվել էր նրան 1990-ականներին: Ինչպես շատ երկրներում, ՌԴ-ում էլ գոյություն ունի գրաքննություն: Խոսքը ոչ միայն այն գրաքննության մասին է, որն իրականացվում է տարբեր քաղաքական օղակների կողմից, այլեւ՝ լրագրողի ներքին գրաքննության, ինչը նշանակում է, որ լրագրողը չի գրում այս կամ այն բանը, հաստատ իմանալով, որ դա այս կամ այն անձին դուր չի գա»:
Ռուս լրագրողները մտահոգություն հայտնեցին, որ էկրանին այսօր ավելի շատ զվարճանք է, քան ինֆորմացիա, նվազել է վերլուծականությունը: Մի ուսանողուհի հետաքրքրվեց՝ ինչու՞ են ռուսական հեռուստաընկերություններն այդքան շատ անդրադառնում վրաց-օսեթական հակամարտությանը, բայց ղարաբաղյան հակամարտության մասին քիչ են խոսում: Մ. Շվիդկոյը պատասխանեց. «Տարիներ առաջ ես արտասահմանյան թերթեր կարդալիս սրտի թրթիռով սպասում էի՝ առաջին գծում կհանդիպե՞մ Ռուսաստանի մասին տեղեկատվության: Երբ ինֆորմացիա չէի տեսնում, ասում էի՝ փառք Աստծո, ուրեմն ամեն ինչ լավ է: Ինչքան քիչ խոսվի հակամարտության մասին, նշանակում է՝ գործընթացը քիչ թե շատ ճիշտ ուղով է գնում: Ես կուզեի, որ ղարաբաղյան հակամարտության մասին տեղեկատվություն լինի առաջին գծում միայն այն դեպքում, երբ համապատասխան համաձայնություն ստորագրված լինի»: Հանդիպումից հետո «Առավոտը» պարոն Շվիդկոյից, ով վերջին շրջանում ակտիվ գործունեություն է ծավալում հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման առումով, հետաքրքրվեց՝ որքանո՞վ է ընդունելի, որ ադրբեջանական day.az-ը ներկայացնում է ՀՀ ԱԳՆ-ի մասին պատմող անեկդոտների շարք՝ ծաղրելով ՀՀ արտաքին գերատեսչությանը: Մ. Շվիդկոյը պատասխանեց. «Քանի որ երկու երկրներում մեծ ատելություն է կուտակվել, փառք Աստծո, որ անեկդոտներ են պատմում, ոչ թե կրակում: Բայց հարաբերությունների բարելավման գործընթացը պիտի շարունակել, ճիշտ է, հնարավոր է լինեն նաեւ սուր ռեակցիաներ, բայց դա բնական է: Մյուս կողմից էլ՝ 2 տարվա ընթացքում տարբեր մակարդակի հարաբերություններում երկրների միջեւ շատ բան է փոխվել: Իսկ ղեկավարների՝ համաձայնագիր ստորագրելուն նախեւառաջ պետք է պատրաստ լինեն երկու ժողովուրդները, որոնք դեռ պատրաստ չեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել