Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսկ դու գիտե՞ս, թե ինչ ես ուզում

Նոյեմբեր 17,2009 00:00

\"\"Երբ չգիտես, թե ինչ ես ուզում, նշանակում է ընդհանրապես ոչինչ չես ուզում

Բայց հնարավո՞ր է ընդհանրապես ոչինչ չցանկանալ, միգուցե բարձրաձայնելն է վիրավորական: Եվ ո՞րն է այդ անպատվաբեր ցանկությունը. դե իհարկե՝ մի փոր հացը: Այսօր՝ մի, վաղը՝ երկու, հետո՝ երեք… Հետո գալիս է զատվելու ժամանակը եւ սկսվում ոտքով ետ հրելը աղքատության փոսից դուրս գալու փորձ անող եղբայրներին: Իհարկե, միշտ չէ, որ հաջողվում է դուրս եկողին ետ հրել փոսը, եւ միշտ էլ չէ, որ հնարավոր է լինում դուրս եկածին ետ քաշել հին փոսը: Բայց այսօր մեր խոսքը չենք ուղղում իրական հարուստներին. նրանք մեր խորհուրդների կարիքը չունեն: Շնորհակալ ենք նրանցից, որ կարողանում են մեզ ցույց տալ ավելին, քան հարստության արտաքին կողմն է:
Հարուստ լինելը դժվար է, պետք է գործել՝ լավ կամ վատ, ազնիվ կամ անազնիվ: Աղքատ լինելը հեշտ է, դրա համար ոչինչ պետք չէ անել, ավելի ճիշտ՝ համարյա ոչինչ. բողոքել՝ աղքատության հիմքերի հիմքը, ընտանիքներում, երեխաների մոտ զազրախոսել պետական այրերի հասցեին ու չթողնել հարգանք որեւէ մեկի հանդեպ, հաշվել հարեւանի ունեցվածքը…
Խորհրդային տարիներին ստացած հզոր գիտելիքների վրա 20-30 տարի բացարձակ ոչինչ չավելացնելով, շարունակել աշխատանք փնտրել կամ բողոքել, որ արարելու հնարավորություն չեն տալիս, մոռանալով, որ այսօր գործարանները այլեւս «Զինգեր» կարի մեքենա չեն արտադրում ու «Պարոն 420» ֆիլմ էլ չեն նկարահանում:
Ի՞նչ անել: Վե՛ր կենալ բազմոցից ու կատարել որեւէ գործողություն: Վատ սովորությունը փոխել լավով, հինը՝ նորով, բողոքը՝ ժպիտով: Չսպասել, հասկանալ, որ սեփական դատարկությունը կարելի է լցնել միայն ներսից: Դուրս գալ փողոց, խաչմերուկն անցնել կանաչ լույսի տակ, մեկ անգամ, երկու, երեք… Հետո՝ կյանքը ինքը ցույց կտա, թե ինչ անել:
Ինչեւէ, ինչպիսին ենք մենության մեջ յուրաքանչյուրս, այնպիսին էլ կանք խմբովի: Եթե մտովի թերթենք այսօրվա «քաղաքական հիմունքների աղվեսագիրքը», կտեսնենք, որ բոլոր մեկնաբանություններն ու վերլուծությունները պտտվում են մեկ հարցի շուրջ: Ի՞նչ է ցանկանում Թուրքիան, ի՞նչ կանի այսօր եւ ի՞նչ կլինի վաղը: Տասնյակ կասկածներ ու հնարավոր վատ տարբերակներ հայ ժողովրդի համար: Եթե թվարկածների մեջ չկա սեփական ազգի համար գոնե մեկ հիմնարար ու հիմնավորված ցանկություն, ապա գործընթացը սկսելու պարագայում տուժածի վիճակում հայտնվելը կլինի անխուսափելի: Իսկ ինչո՞ւ չկա ոչ ցանկություն եւ ոչ էլ նպատակ: Տկա՞ր ենք մտոք: Ամենեւին: Պարզապես հնարավոր չէ որեւէ հեռանկար տեսնել երկյուղածի հետ, որի համարձակությունը չի բավականացնում սեփական սխալը ընդունելու համար: Կցանկանան մաքրվել, մենք էլ կօգնենք, շփման ցանկությունն էլ ինքն իրեն կհայտնվի:
Ի՞նչ անել, երբ բարեկամության ձեռք են մեկնել, ե՞տ հրել: Ոչ, կատարել գործողություն: Հավատալ եւ ստուգել: Ասել են, որ հայ-թուրքական հարաբերություններն ընթանալու են հայ-ադրբեջանականից անկախ, ուրեմն ՀՀ կառավարության կողմից վերջապես ճանաչել Արցախի ինքնորոշումը, ստեղծել ինքնորոշման ճանաչման նախադեպ, սկզբում՝ երկակի ստանդարտից տուժած նմանօրինակ երկրների համար, հետագայում էլ՝ մյուսների:
Հարաբերությունները վերականգնելուց հրաժարվելու հարկ չկա, անհրաժեշտ է փոխել ժամկետները:    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել