Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՏԱՀԵԼ

Նոյեմբեր 17,2009 00:00

\"\"Աննպատակ կյանքի էջերից

Կարծում եմ չկա մի մարդ, ով չունի նպատակներ: Ընդ որում, տարիքի հետ նպատակները թե քանակական եւ թե որակական առումով խոշորանում են: Սակայն նպատակներ ունենում են ոչ միայն անհատները, այլեւ մարդկանց խմբավորումները՝ ընտանիքները, կուսակցությունները, պետությունները, կրոնական կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները եւ այլն: Օրինակ, «կանաչների» նպատակն է՝ զերծ պահել Երկիր մոլորակը բնապահպանական աղետներից, կրոնական կազմակերպությունները ձգտում են (հիմնականում՝ քարոզչական աշխատանքներով) իրենց հավատքին բերել առավելագույն քանակի մարդկանց, կուսակցությունների նպատակն է հաղթել ընտրություններում, որից հետո իրականացնել ծրագրային դրույթները, եւ այդպես շարունակ:
Այսպես եղել է, կա եւ կլինի: Չեմ կարող պնդել, բայց կարծում եմ, որ բոլոր լեզուներում կան «նպատակ» եւ «նպատակասլաց» բառերը: Սակայն խնդիրն այն է, թե ի՞նչ նպատակներ են դնում իրենց առջեւ անհատն ու հասարակական այս կամ այն միավորումները: Այ, հենց այս մասին կուզենայի խոսել մեր ընթերցողների հետ:
Որովհետեւ, երբ մանր կենցաղային նպատակների մասին խոսում է շարքային տնային տնտեսուհին (նոր լվացքի մեքենայի ձեռքբերում կամ հարմարավետ խոհանոցային պայմանների ստեղծում)՝ դա նորմալ է: Կարծում եմ, որ քաղաքակրթությունը հասել է այն մակարդակին, որ մեր կանայք էլ իրավունք ունեն օգտվելու այդ բարիքներից: Սակայն երբ մանր-մունր նպատակների մասին մտածում են քաղաքական եւ պետական այրերը՝ դա արդեն ողբերգություն է դառնում մի ողջ ազգի համար: Օրինակ, ինչպես կասեր «Շուրիկի արկածները» կինոնկարի հայտնի հերոսը, «В то время, как космические корабли бороздят просторы вселенной…

 մեր նախկին նախագահ Ռ. Քոչարյանը խոսում էր փողոցային լուսավորությունից, «բոնբոներկաներից» եւ «մասանդրաներից»: Որովհետեւ նպատակը ոչ թե պետության զարգացումն ու առաջխաղացումն էր, այլ սեփական բիզնեսի բարգավաճումը (բջջային հեռախոսների մենաշնորհային ներկրումը եւ «Տոյոտաները» պետական գերատեսչությունների վրա «սաղացնելը» միայն՝ ամեն ինչի մասին խոսում են): Ինչպես կասեր Միխայիլ Զոշչենկոն. «Իսկ Դուք ասում եք՝ չի կարող պատահել»:
Մի քանի օր առաջ պարզվեց, որ մեր դատական ատյանների նպատակը ոչ թե արդարադատություն իրականացնելն է, այլ՝ մամուլի դեմ պայքարը: Ընդ որում, դա արվում է մեր դատական ատյաններին այդքան բնորոշ անտաղանդությամբ (օրենքի ոտնահարում, հետագա քայլերի անորոշություն եւ ծիծաղելի ու անհեթեթ որոշումներ): Փակեցին «Չորրորդ իշխանությունը»՝ բացվեց «Չորրորդ ինքնիշխանությունը»: Կփորձեն փակել վերջինս, կբացվի նորը: Իսկ դատական ատյանները հերթական անգամ կդառնան ծաղրուծանակի առարկա: Չնայած, եթե օրենսդրական մարմնի ներկայացուցիչների համար բարձրագույն նպատակը երթուղային գիծ կամ հացի փուռ ունենալն է, ապա բնական է, որ արդարադատության (համաձայնեք՝ արդարադատություն բառը տվյալ դեպքում շատ ցինիկ է հնչում) ներկայացուցչի «ամենավեհ» նպատակը պետք է լինի թերթ փակելը:
Շատ հետաքրքիր են մեր արվեստագետների նպատակները: Այստեղ արդեն չի գործում անգամ գումար վաստակելու բանաձեւը: Նրանց մի մասը բավարարվում է նրանով, որ իրենց փողոցում ճանաչեն, իսկ երկրորդ մասն ուզում է մոտ լինել ազգիս հզորներին՝ ժամանակ առ ժամանակ առանց միջնորդների փող մուրալու նպատակով: Միացյալ Նահանգներում Ռոնալդ Ռեյգանը կամ Առնոլդ Շվարցենեգերը իրենք են դառնում նախագահ կամ նահանգապետ: Իսկ մեզ մոտ դերասանների բարձրագույն նպատակը նախագահի կամ քաղաքապետի «կողքերը ֆռֆռալն է»: Ռուսաստանում Կոբզոնը Լուժկովի ընկերն ու գործընկերն է, այլ ոչ թե նրա «մեյմունը»:
Արդեն մի քանի տարի մեր իշխանությունները պնդում են, որ մեր միակ հարստությունը մեր կադրերն են, որովհետեւ չունենք նավթ եւ գազ: Կադր ունենալու համար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ որակյալ կրթություն: Իսկ հիմա եկեք հասկանանք՝ ո՞րն է մեր ուսուցիչների եւ դասախոսների նպատակը: Լավագույն դեպքում՝ առավելագույնս վատ սովորեցնել, որպեսզի նույն այդ ուսուցիչների մոտ երեխաները ստիպված վճարովի արտաժամյա պարապմունքների հաճախեն: Իսկ ավելի հաճախ պարզապես գումարը վերցնում են եւ բարձր թվանշան նշանակում: Դպրոցի տնօրեններն ու բուհերի ռեկտորները ամենամեծ հաճույքը ստանում են, երբ իրենց շենքերում վարձակալության հիմունքներով տարածք են հանձնում կրթական օջախների հետ ոչ մի կապ չունեցող գործարարներին: Ընդ որում, այս ամենը տարիներով ստեղծված «բարի ավանդույթներ» են, որոնց դեմ պայքարելու համար մեկ կամ երկու անձը շատ կդժվարանա: Դե, իսկ ընդունելության քննությունների մաֆիայի մասին խոսելն էլ ավելորդ է: Կարծում եմ, հենց այդ մաֆիան էր պատճառը, որ վերջերս ԿԳ նախարարության կազմից հանեցին Գնահատման եւ թեստավորման կենտրոնը: Գուցե պատճառն այն էր, որ նորանշանակ նախարարը ուզում էր մաֆիայի դեմն առնել, իսկ նրանք էլ իրենց հերթին որոշեցին «շառից-փորձանքից հեռու» գնալ: Մի խոսքով, ինչպես Վլ.Պուտինն է սիրում ասել. «ԽՏՑսպՑօ ՏՑՊպսՖվՏ- ՎցւՌ ՏՑՊպսՖվՏ»: Իսկ Դուք ասում եք. «Չի կարող պատահել»:
Մենք միշտ խոսել ենք անկախ պետություն ունենալու մասին, բայց նպատակ ենք ունեցել ապրել Մոսկվայում կամ Լոս Անջելեսում: Մաֆիա խաղում կա մի չգրված օրենք՝ կարեւորն այն չէ, թե ինչ է խոսում ձեր դիմացինը, կարեւորն այն է, թե ինչ է նա անում: Եթե մենք խոսում ենք Հայրենիքից, բայց Հայրենիքը դիտարկում ենք միայն որպես գերեզմանատուն, որտեղ մահից հետո պետք է թաղվել, եթե պատգամավորի մանդատը ոչ թե ծրագրեր իրականացնելու միջոց է, այլ սեփական բիզնեսի «տանիք», եթե բուհը բանակից խուսափելու եւ դիպլոմ ստանալու համար է, ոչ թե գիտելիք ստանալու եւ մասնագետ դառնալու, ապա մենք կշարունակենք մնալ ազգ, որի բարձրագույն նպատակը գիշերով թաքուն «Համերի» մեջ գազ լցնելը կմնա: Իսկ Դուք ասում եք. «Չի կարող պատահել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել