Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեր գյուղապետերին՝ կամ ասած, կամ չասած»

Նոյեմբեր 17,2009 00:00

Արագածոտնում պարտքեր են կուտակում այն համայնքները, ուր վերջին 20 տարում համայնքապետը չի փոխվել:

Արագածոտնի մարզխորհրդի վերջին նիստում մարզպետարանի վարչության պետերը խոսեցին գրադարանների լուծարումից, ապօրինի շինություններից, հարկերի հավաքագրումից, «խոզի գրիպից»:
Մարզպետարանի տեղական ինքնակառավարման վարչության պետ Սիրասնիկ Հովսեփյանը դժգոհեց, որ գյուղապետերը փաստաթղթերը ժամանակին չեն ներկայացնում մարզպետարան: Ըստ նրա, 18 գյուղապետ ավագանու նիստերի արձանագրություններն ընդհանրապես չի ներկայացրել մարզպետարան: Հովսեփյանը նախ հանձնարարեց դրանք անմիջապես ներկայացնել, սակայն հետո տարակուսեց՝ «մեր գյուղապետերին կամ ասած, կամ չասած՝ հաշիվ չի»:
«Առավոտի» տեղեկություններով՝ մարզի Մելիքգյուղի տարածքում առանց ավագանու որոշման, ասել է թե՝ անօրինական ձեւով, քանդվում է ինչ-որ խողովակաշար: Մելիքգյուղի գյուղապետ Մհերիկ Մխիթարյանին խնդրեցինք ներկայացնել այդ գործողության օրինականությունը հավաստող փաստաթղթեր եւ դրանք չստանալով՝ դիմեցինք մարզպետարանի տեղական ինքնակառավարման վարչության պետ Սիրասնիկ Հովսեփյանին: Պարոն Հովսեփյանն ասաց, որ գյուղապետն իրեն ասել է՝ քանի որ Մելիքգյուղի տարածքում խողովակաշար չի քանդվում, ուստի դրա վերաբերյալ ավագանու նիստի որոշում չի կարող լինել: Մեկ օր անց վարչության պետը զանգեց «Առավոտին» եւ ասաց՝ եթե Մելիքգյուղի վերաբերյալ նյութ տպագրելու լինեք, ինձ քննադատեք ինչքան հնարավոր է: Թե ինչ կա այս ներկայացման ետեւում՝ հայտնի է թերեւս վարչության պետին ու գյուղապետին:
Մարզխորհրդի նիստում այլ ցավալի իրողություններ էլ բացահայտվեցին. քաղաքաշինության վարչության պետ Ա. Դավայանը տեղեկացրեց, որ մարզի 578 ապօրինի շինություններից գրեթե կեսը՝ 258-ը կառուցվել է 2008 թվականին:
ՀՀ տարածքային կառավարման նախարարն ու նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները միշտ կարեւորում են սեփական եկամուտների հավաքման բարձր ցուցանիշներ ապահովելու անհրաժեշտությունը: Չնայած սրան, Արագածոտնի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի պաշտոնակատար Պավել Նազարյանն ասաց, որ 5 համայնքում հողի եւ գույքահարկի գանձումը 0% է, շատ համայնքներում՝ 0,2-12%: Մի շարք համայնքապետարաններ նախկին տարիներից կուտակել են շուրջ 104 միլիոն դրամ աշխատավարձի պարտք: Նոյեմբերի 1-ի դրությամբ Արագածոտնի մարզում կուտակված է 1,8 միլիարդ դրամ հող հարկի պարտք եւ 1,3 միլիարդ դրամ տույժ եւ տուգանք՝ հողի հարկը չվճարելու համար: Ըստ մարզպետ Սարգիս Սահակյանի, ավելի շատ պարտք են կուտակել այն համայնքները, որոնց ղեկավարները 20 տարի այդ պաշտոնում են:
Իսկ Արագածոտնի մարզպետարանի գրեթե նույն ղեկավարը կազմը արդեն 15 տարի է՝ կառավարության քաղաքականությունն է իրականացնում ու նաեւ վերահսկում պարտքեր կուտակած գյուղապետերի աշխատանքը: Արագածոտնի ներկայիս մարզպետ Սարգիս Սահակյանն էլ է «հնաբնակ»: Յոթ տարի գյուղվարչության պետ էր, յոթ տարի՝ փոխմարզպետ, այս տարվա գարնանից՝ մարզպետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել