Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ

Նոյեմբեր 17,2009 00:00

\"\"Տավուշի մարզի Արճիս գյուղն էլ է տուժել ճգնաժամից

Տավուշի մարզի 1391 բնակիչ ունեցող Արճիս գյուղը հարեւան է Լոռո\"\"ւ մարզին: Բնակավայրը Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի եզրին է, բարձունքի վրա: Գյուղը 123 հեկտար վարելահող, 50 հեկտար խաղողի, 47 հեկտար դեղձի բերքատու, 54 հեկտար նոր հասունացող այգի ունի, 8 հեկտար՝ մոռի ցանք: Արճիսցիներն ընթացիկ տարում 8 տոննա դեղձ են հանձնել Այրումի պահածոների գործարան: Համայնքի 2009 թվականի բյուջեն շուրջ 19 միլիոն դրամ է, որից պետական լրավճարը՝ 6,7 միլիոն: Հողերի մեծ մասը ոռոգելի է՝ մեխանիկական եւ ինքնահոս եղանակներով: Մատակարարված ոռոգման ջրի դիմաց արճիսցիները 3,4 միլիոն դրամ պարտք ունեն Նոյեմբերյանի ջրօգտագործողների ընկերությանը: Գյուղապետ Սեյրան Միկիչյանը հույս ունի, որ մինչեւ տարեվերջ դրա մեծ մասը կփակվի: Հոկտեմբերի 1-ի դրությամբ կատարվել է 9 ամիսների գույքահարկի, վարձակալական հողերի ու տեղական տուրքերի հավաքագրման պլանը, սակայն հողի հարկը նախատեսվածի 46%-ով է գանձվել: «Օրենք է ընդունվել, եթե մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը գյուղացիները մարեն հողի պարտքերը՝ կազատվեն տույժ-տուգանքներից: Այս մասին հայտարարությունը գյուղում 10 տեղ փակցրել եմ, սակայն ժողովուրդը վճարելու հարցում կամուկացի մեջ է»,- պատմեց 2003 թվականից Արճիսը ղեկավարող 50-ամյա Սեյրան Միկիչյանը: Ըստ պաշտոնական տվյալների, հողի հարկը մուծելով տուգանքներից ազատվելու հնարավորությունից ամբողջ Տավուշի մարզում, հոկտեմբերի 1-ի դրությամբ, օգտվել է 3 278 հոգի: Իսկ մարզի բնակչությունը հասնում է 150 հազարի:
Արճիսի գյուղապետը հույս ունի մինչեւ տարեվերջ, խաղողի բերքահավաքից հետո, հողի հարկի գանձման կատարողականը հասցնել 75-80%-ի, բայց. «Գարնանը տեղի ունեցած ցրտահարության պատճառով այս տարի խաղողի բերքը մեծ չէ: ՀՀ գյուղնախարարության կողմից անցյալ տարվա աշնանը հատկացված 900 կգ օգնություն սերմացու ցորենը բաժանվել է գյուղի անապահով 6 ընտանիքների: Ընթացիկ տարում հնձվել է 65 հեկտար հացահատիկ: Գյուղապետարանը Ստեփանավանից 2 կոմբայն է բերել, բերքն անկորուստ հավաքել ենք, սակայն բերքատվությունը շատ ցածր էր՝ հեկտարից 10 ցենտներ: Դեբեդի ափի մոռի այգիները երկու անգամ են բերք տալիս, սակայն այս աշնան անձրեւները խանգարում են երկրորդ բերքի հասունացմանը»:
Սեյրան Միկիչյանը Նոյեմբերյանի տարածաշրջանի այն եզակի համայնքապետերից է, ովքեր ընտրվելուց հետո Հանրապետական կուսակցության անդամ չեն դարձել՝ մնացել են անկուսակցական:
Արճիսը ունի ե՛ւ ձեռքբերումներ, ե՛ւ հիմնահարցեր: 2006 թվականից մեկնարկած ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Համաշխարհային բանկի «Գյուղական ձեռնարկությունների եւ փոքր առեւտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի» Համայնքային տնտեսական զարգացում բաղադրիչով առանց վճարի ստացվել է «T-70CM» մակնիշի թրթուրավոր տրակտոր, այս տարի էլ՝ 1000 լիտր տարողությամբ կցորդիչով սրսկիչ եւ սնուցիչ-կուլտիվատոր: Բարերարների տրամադրած 1,2 միլիոն դրամով նորացվել է 26 սան ունեցող մանկապարտեզի մի մասնաշենքի տանիքը, գերմանական տեխնիկական համագործակցության (GTZ) կազմակերպության, համայնքի եւ ԻՖԱԴ կազմակերպության համատեղ ջանքերով գյուղի տարածքում Դեբեդ գետի հունը մաքրվել է, հեղեղումների դեմն առնելու համար, մինչեւ տարեվերջ Դեբեդի աջ ափի 220 մ հատվածը կամրացվի հենապատով: 37,6 միլիոն դրամ արժեքով այս ծրագրի մեջ համայնքը ներդրել է 1,152 միլիոն դրամ՝ նախագծա-նախահաշվային աշխատանքների համար: Համաշխարհային ճգնաժամը իր բացասական ազդեցությունն է թողել ծրագրերի կատարողականի վրա:
«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով, Նոյեմբերյանի ջրօգտագործողների ընկերության միջոցով, գյուղի տնամերձ հողամասերով մինչեւ «Ցաքուտ» հողատարածքը ձգվող ոռոգման համակարգը պետք է վերանորոգվեր, վերակառուցվեր: Արճիս համայնքն արդեն 1 միլիոն դրամ ներդրում է կատարել: Այս աշխատանքները պետք է սկսվեն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում, սակայն ծրագրի մեկնարկը հետաձգվել է եկող տարվա երկրորդ եռամսյակ: Պետբյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող «Վճարովի հասարակական աշխատանքներ» ծրագրով խճապատվել են բնակավայրի եւ դաշտամիջյան ճանապարհները:
Նախնական պայմանավորվածության համաձայն, Ասիական բանկի ֆինանսավորմամբ պետք է ասֆալտապատվեր միջպետական մայրուղուց մինչեւ Արճիս գյուղ տանող 4,5 կմ ճանապարհը եւ եւս 1,5 կմ՝ գյուղի փողոցները, սակայն այս ծրագիրն էլ է հետաձգվել մինչեւ 2010 թվական: Ծրագիը հետաձգվել է, իսկ այս տարվա հորդառատ անձրեւներից առաջացած սելավները քանդել են գյուղ բարձրացող ճանապարհի ասֆալտե ծածկը:
Գյուղի մանկապարտեզն ու դպրոցը գազիֆիկացված չեն: Արճիսում եկեղեցի չկա, որպես աղոթատեղի ծառայում է հին մատուռը: Բնակավայրը մշակույթի տուն չունի, ժողով հրավիրելու տեղ չկա, գյուղապետարանի դահլիճը հազիվ 50 մարդ կարող է տեղավորել: Գյուղի գրադարանը ստիպված ապաստանել է նախկին մանկապարտեզի շենքում՝ ոչ բարվոք պայմաններում 7880 միավոր գիրք է պահվում: Սակայն ամենացավոտ խնդիրը խմելու ջրի պակասն է: Բնակավայրը սակավ ջրաղբյուրներ ունի: Գյուղը սնուցում է 250 տոննա տարողությամբ երկու ջրամբար: Դրանցից օրական 30 տոննա ջուր է բաշխվում թաղամասերում տեղադրված ծորակներին: Յուրաքանչյուր ծորակից 14 ընտանիք է օգտվում. մարդիկ դույլերով 50 մ հեռավորությունից ջուր են կրում: Դեբեդի հովտի 10 համայնքների ղեկավարները դիմել են հանրապետության նախագահին եւ վարչապետին՝ խնդրելով վերականգնել այդ գյուղերի ջրամատակարարումը՝ Ստեփանավանից ձգվող խմելու ջրագծից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել