Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՃՌԱԲԵԿԸ՝ ՀՕԳՈՒՏ ԹԵՂՈՒՏԻ

Նոյեմբեր 17,2009 00:00

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի մշակման նախագիծը դեռ վեճերի առարկա է, իսկ «Վալլեքսը» շարունակում է ծառատունկը
Հայաստանի վճռաբեկ դատարանը փոխել է Թեղուտի գործով վարչական դատարանի վճիռը, «Արմինֆոյին» տեղեկացրել է փաստաբան Հայկ Ալումյանը եւ հավելել, որ Վճռաբեկ դատարանի որոշումը կայացվել է հոկտեմբերի 30-ին, սակայն որոշման տեքստն ստացվել է միայն նոյեմբերի 14-ին: Հիշեցնենք, որ ամռանը մի շարք հ/կ-ներ ընդդեմ կառավարության հայց էին ներկայացրել վարչական դատարան, որտեղ նշել էին, որ ՀՀ կառավարությունը, հաստատելով Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի մշակման նախագիծը, խախտել է երկրի օրենսդրությունը, այդ թվում՝ Սահմանադրությունը եւ միջազգային կոնվենցիաներ: Վարչական դատարանը 2 անգամ մերժել էր բնապահպաններին:
«Այժմ վարչական դատարանը պարտավոր է իր վարույթ ընդունել Թեղուտի գործը եւ ուսումնասիրել ըստ էության»,- նշել է փաստաբան Ալումյանը: Անդրադառնալով ժամկետներին՝ փաստաբանը նշել է, որ օրենսդրությունում առկա է «տրամաբանական ժամկետներ» ձեւակերպումը: «Այսպիսով, դա կախված կլինի որոշակի մարդու տրամաբանությունից: Դժբախտաբար, նման աղմկալի գործերի վերաբերյալ բոլոր որոշումներն ատյաններում լինում են նախապես համաձայնեցված: Սակայն միջազգային ատյան դիմելուց հետո, որը, ի դեպ, արդեն ընթացք է հաղորդել գործին, Թեղուտի հայցին առնչվող իրավիճակը փոխվել է»,- ասել է նա:
Թեղուտի հանքավայրը պետք է շահագործի «Վալլեքս» ընկերությունների խումբը: Ու մինչ փաստաբանը ստանում էր Վճռաբեկի որոշումը, նույն նոյեմբերի 14-ին «Վալլեքսը» կազմակերպել է ուսանողական հերթական շրջայցն ու ծառատունկը Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի տարածքում: Ըստ «Վալլեքսի» տրամադրած տեղեկությունների՝ այս անգամ ծառատունկի համար առանձնացված էր մոտ 3000 քմ, ուր տնկվել է 1000 ծառ: Մինչ այս՝ արդեն 10 000 քմ-ի վրա ծառատունկ իրականացվել էր: Ծառատունկերը իրականացվում են Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետեւանքով անտառային տնտեսությանը հասցվելիք վնասի փոխհատուցման՝ ՀՀ պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցված ծրագրով: Ընդհանուր ծառապատվելու է 714 հեկտար տարածք (հատվող անտառային ծածկույթի կրկնակին)՝ Լոռու մարզի Թեղուտ, Շնող եւ Լեռնահովիտ համայնքներում: Բացի ծառատունկից, ուսանողները ճանաչողական այց են կատարում՝ հանքավայրի տարածքում «Վալլեքս» խմբի ընկերությունների միջոցներով կատարվող պեղումների շնորհիվ հայտնաբերված պատմամշակութային հուշարձաններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել