Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

5 ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ՝ ՄԻԱՆԳԱՄԻՑ

Նոյեմբեր 17,2009 00:00

\"\"Մանկաբույժներն ահազանգում են, որ 4 պատվաստանյութի հետ ներարկվող հեմոֆիլուսային վարակի դեմ պատվաստանյութը մեր երկրում այնքան էլ էֆեկտիվ չէ:

Այս տարվա սեպտեմբերից ՀՀ առողջապահության նախարարությունը որոշեց 0-1 տարեկան երեխաներին արվող 5 պատվաստանյութերը, որոնք դիֆտերիայի, փայտացման, կապույտ հազի, հեպատիտ B-ի եւ հեմոֆիլուսային վարակի (HIB) դեմ են, միացնել իրար եւ մանուկներին պատվաստել հնգավալենտ պատվաստանյութով, ինչպես արվում է մի շարք զարգացած երկրներում։ Չնայած այս կերպ նախարարությունը բավականին հեշտացրել է պատվաստանյութերի ներկրման, պահպանման, ներարկման, ինչպես նաեւ վտանգավոր վարակներից ավելի պաշտպանված լինելու հարցերը, սակայն որոշ մասնագետներ մտավախություն են հայտնում այն մասին, որ հնգավալենտ պատվաստանյութն այնքան էլ էֆեկտիվ չէ։ Այդ է պատճառը, որ Անգլիայի թագավորությունում հրաժարվել են այս մեթոդից։ «British medical journal»-ում տպագրված պրոֆեսոր Ռուդոլֆ Արտամոնովի «Պատվաստվելն անհրաժեշտություն է» հոդվածում հեղինակը գրում է, որ HIB-ի դեմ պատվաստվելն իսկապես պետք է, սակայն մոնովալենտ, այսինքն՝ այդ պատվաստանյութը չպետք է երեխաներին ներարկվի մնացած պատվաստանյութերի հետ միացված վիճակում, քանի որ մանուկների մոտ վերջին 4 տարիների ընթացքում HIB-ի վարակի աճ է գրանցվել։ Պրոֆեսորը գրում է, որ վարակի ավելացման պատճառները հստակ հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ դա կապված է այն բանի հետ, որ այս վարակի դեմ արվող պատվաստանյութն արվել է կապույտ հազի պատվաստանյութի հետ միասին, ինչն էլ HIB պատվաստանյութի մեջ եղած հակամարմինների խտությունը պակասեցրել է։
Այս առնչությամբ «Առավոտը» զրուցեց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հետ։ Տիկին Սահակյանը պրոֆեսոր Ռուդոլֆ Արտամոնովի հոդվածն ուղարկել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ), որպեսզի մեզ հետ զրույցում հայտնի նաեւ նրանց դիրքորոշումը՝ հնգավալենտ պատվաստանյութի առնչությամբ։ Ըստ ԱՀԿ-ից ստացված պատասխան-փաստաթղթի՝ Անգլիայում ներկայումս էլ են հնգավալենտ պատվաստումներ կատարվում։ Գ. Սահակյանի հավաստմամբ, այնտեղ բավականին վաղուց են անցել այս մեթոդին՝ ուղղակի հիմա նրանք օգտագործում են ոչ բջջային հենքով ստացված պատվաստանյութը. «Պիտի նշեմ, որ հնգավալենտ պատվաստանյութերը 2 տեսակ են՝ բջջային եւ ոչ բջջային։ Մեր երկրում ներդրվել են բջջային պատվաստումները։ Առաջիկայում մենք էլ ենք պլանավորում անցնել հնգավալենտ ոչ բջջային պատվաստանյութի, սակայն Անգլիայի օրինակը մեր մեջ մտավախություններ է առաջացնում, որովհետեւ, ըստ ԱՀԿ-ի, հայտնի չէ, թե ոչ բջջային պատվաստանյութը որքանով է կիրառելի այլ երկրների համար, քանի որ նոր մեթոդով արվող պատվաստումներից հետո Անգլիայում հեմոֆիլուսային վարակի դեպքերի բարձրացում կա»։ Նա բացատրեց պատվաստանյութերի տարբերությունը. «Բջջային հենքով պատվաստանյութը ստացվում է որոշակի պայմաններում՝ բջջային միջավայրում եւ իր մեջ ներառում է միջավայրի արդյունքները, պատվաստանյութի ներարկման ռեակցիաներն էլ պայմանավորված են դրա ստացման միջավայրով։ Պատվաստանյութում եղած անտիգենը ոչինչ չի առաջացնում, բայց քանի որ այն ստացվել է ինչ-որ միջավայրում, հնարավոր են, օրինակ, ջերմային ռեակցիաներ։ Եթե բջջային պատվաստանյութը կարող է 50-60% ջերմային ռեակցիաներ առաջացնել, որը նորմալ է եւ երեխաների օրգանիզմին չի վնասում, ապա ոչ բջջայինը՝ 20-25%-ի մոտ է նման ռեակցիաներ առաջացնում, սակայն, իմունիտետ առաջացնելու ունակությամբ, բջջային հենքով ստացված պատվաստանյութն ավելի արդյունավետ է։ Պետք է նշել նաեւ, որ ոչ բջջային պատվաստանյութը բավականին թանկ է. եթե բջջային հենքով պատվաստանյութը $3 է, ապա ոչ բջջայինը մի քանի անգամ թանկ է»։
Հաշվի առնելով այն, որ մասնագետներն անհանգստանում են հիմնականում հեմոֆիլուսային վարակի տարածվածության համար՝ տիկին Սահակյանը խոսեց նաեւ այս մասին. «ԱՀԿ-ից հայտնում են, որ ԱՊՀ երկրներում HIB-ի տարածվածության մասին տվյալներ չկան, որը կապված է մի շարք բարդությունների հետ։ Առաջին հերթին չկա լաբորատոր տեխնիկա, բացի այդ, HIB-ի ախտորոշումն է բավականին դժվար։ Քանի որ այս վարակը առաջացնում է թարախային մենինգիտ, պետք է թարախը պունկցիա արվի, որպեսզի որոշվի՝ այն HIB-ի վարակո՞վ է պայմանավորված, թե՝ ոչ։ Սա տեխնիկապես դժվար է անել։ Մեր երկրում նոր-նոր ենք փորձում հեմոֆիլուսային վարակը հետազոտող լաբորատորիա հիմնել եւ խոսել Հայաստանում HIB-ի տարածվածության մասին, ճիշտ չէ։ Սակայն, ելնելով նրանից, որ զարգացած երկրներում բավականին տարածված է այս վարակը, մենք էլ զերծ մնացած չենք լինի։ Ասեմ, որ Առողջապահութան ազգային ինստիտուտի մանրէաբանական լաբորատորիայի գիտնականներն իրենց միջոցներով հետազոտել են Մեղրիի տարածաշրջանում մինչեւ 5 տարեկան առողջ երեխաների փոքր խմբաքանակ, եւ պարզվել է, որ այս փոքր տարածքում մանրէակրության բարձր տարածվածություն է եղել։ Նշեմ նաեւ, որ, ըստ ԱՀԿ-ի, այս վարակի դեմ պատվաստանյութն օգտագործելուց առաջ կարեւոր չէ՝ երկրում HIB-ի համաճարակաբանական բեռն ուսումնասիրվա՞ծ է, թե՝ ոչ»։
«Առավոտի» հարցին, թե հնարավո՞ր է, որ մանուկները այդ հնգավալենտ պատվաստանյութի ներարկումից հետո ծանր բարդություններ ունենան, տիկին Սահակյանն ասաց. «Մինչ օրս հնգավելենտ պատվաստանյութից արտասովոր ռեակցիաներ չենք ունեցել։ Բոլորը սպասվող են եղել՝ ներարկման տեղում պնդություն, կարմրություն, ջերմության մեկօրյա բարձրացում»։
Մեր այն դիտարկմանը, թե Հայաստանի քաղաքացիները մտավախություն ունեն, որ մեր երկիր է գալիս հիմնականում անորակ պատվաստանյութ եւ դա է պատճառը, որ ամեն նոր պատվաստանյութ դժվարությամբ են «մարսում», ծրագրի ղեկավարը պատասխանեց. «Մենք ոչ մի պատվաստանյութ չենք ստանում, այլ պետությունը գնում է լիցենզավորված ընկերություններից։ Հիմա մենք շատ թանկ վակցինաներ ենք գնում։ Բելառուսը հիմա համարվում է տնտեսապես զարգացած երկիր, այնտեղ կարմրուկ-կարմրախտի պատվաստումներն անում են այն նույն պատվաստանյութով, ինչով՝ մենք։ Խոսքը հնդկական պատվաստանյութի մասին է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել