Կոտայքի մարզի Զովունի գյուղի գոմերից մեկում հայտնաբերվել է հրուշակեղենի ապօրինի արտադրամաս: Պետեկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, արտադրությունը չի համապատասխանել հիգիենայի անգամ ամենատարրական նորմերին: Գյուղի բնակիչ Արտյոմ Պողոսյանը արդեն իսկ հասցրել է իրացնել գոմում պատրաստված քաղցրավենիքի բավականին մեծ մասը:
Հարկային տեսուչների այցի պահին արտադրամասում արձանագրվել է եւս 250կգ պատրաստի արտադրանք:
Մեկ այլ ապօրինի գործունեություն հայտնաբերվել է Քանաքեռավանում, որտեղ անհատ ձեռնարկատեր Վլադիմիր Բադունցը զբաղվել է ջահերի արտադրությամբ: 2 դեպքում էլ առաջադրվել է տուգանք, բացի այդ՝ ապօրինի արտադրամասերի գործունեությունը դադարեցնել` մինչեւ համապատասխան փաստաթղթերի ձեռքբերումը:
Շուրջ 20 օր աշխատել եւ մոտ 1 մլն դրամի հասույթ է հասցրել ունենալ նաեւ Դավիթ-Բեկի փողոցում գործող մետաղապլաստե դռների եւ պատուհանների ապօրինի արտադրության տերը՝ Արմեն Ռուբենյանը: Այս արտադրամասի գործունեությունը եւս դադարեցվել է: