Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՈՂ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՆՈՐ ՈԼՈՐՏ ԵՆ ԳՏԵԼ

Նոյեմբեր 17,2009 00:00

\"\"Այս անգամ մեր պաշտոնյաների ուշադրությունը գրավել են երթուղային գծեր շահագործողների խախտումները

Օրերս մի քանի երթուղիների վարորդներ գործադուլ էին արել, ինչ է թե՝ Աշխատանքի պետական տեսչությունն իրենց գծատերերին սկսել է «նեղել» եւ պահանջել, որ գործունեություն ծավալեն օրենքի շրջանակներում: Թե ինչու են վարորդները բողոքի ակցիա անում, հատկապես որ տեսչության պահանջը բխում է հենց իրենց շահերից՝ հասկանալի է. նրանց ստիպել են գործադուլ անել իրենց անմիջական «շեֆերը»՝ գծատերերը, որոնցից կախված է նրանց օրվա հացի խնդիրը: Իսկ թե ինչն է ստիպել Աշխատանքի պետական տեսչությանը հենց հիմա պաշտպանել վարորդների աշխատանքային իրավունքները եւ ստիպել գծատերերին վճարել վարորդներին արտաժամյա աշխատանքի դիմաց մի կլորիկ գումար՝ թերեւս մնում է անհասկանալի: Այդ խնդիրը մեր երկրում կա երթուղային տաքսիների ու գիծը շահագործող կազմակերպությունների ի հայտ գալուց ի վեր, որովհետեւ միշտ էլ երթուղայինների վարորդները իրենց աշխատանքը սկսել են վաղ առավոտյան ու ավարտել ուշ գիշեր՝ օրվա ընթացքում մի քանի անգամ գերազանցելով աշխատանքային ժամանակի թույլատրելի սահմանը՝ 8 ժամը: Պարզապես միայն հիմա են աշխատանքի տեսչությունում հասկացել, որ դա ուսումնասիրման համար խիստ կարեւոր ոլորտ է, եւ որ այդքան աշխատող հոգնած վարորդը տեղով հասարակական վտանգ է ներկայացնում ու կարող է ուղեւորների կյանքի հետ խաղալ: Համենայնդեպս, «Առավոտի» հետ զրույցում այդպես էր հավաստիացնում Աշխատանքի տեսչության պետի տեղակալ Արսեն Քամալյանը: Նրա խոսքերով՝ «Երբ համադրում ես գծի տերերի ներկայացրած հաշվետվություններում աշխատողների թվաքանակի վերաբերյալ տվյալները, հասկանում ես, որ դա խնդրահարույց ոլորտ է: Այդ ռեժիմով, այդ աշխատաժամանակով եւ այդ թվաքանակով հնարավոր չէ այդ գործունեությունն իրականացնել, որովհետեւ բոլորս էլ քաջ հասկանում ենք, որ վարորդը, որը չի օգտվում իր ամենօրյա, ամենշաբաթյա, ամենամյա հանգստի իրավունքից, իսկապես ներկայացնում է հասարակական վտանգ»:
Ներկայումս Երեւանում գործում է վճարովի փոխադրումներ իրականացնող 75 կազմակերպություն: Այլընտրանքային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանց կողմից 140 վարորդների արտաժամյա աշխատանքի համար չի հաշվարկվել եւ չի վճարվել շուրջ 145 մլն դրամի աշխատավարձ: Հենց այս փաստն էլ գրավել է Աշխատանքի տեսչության ուշադրությունը: Այս տարի մեր բյուջեն բավականին սուղ է, եւ տեսչությունը հստակ գիտակցում է՝ որտեղից կարելի է լավ փող աշխատել: Իհարկե, ոչ մի կասկած չկա, որ ուսումնասիրությունների արդյունքում լրիվ «մաքուր» դուրս կգան, ասենք, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող երթուղիները: Ուստի տեսչության՝ այս հանկարծակի իրականացվող նախաձեռնության արդյունքում կտուժեն միայն ամուր «տանիք» չունեցող գծատերերը: Հնարավոր է նույնիսկ, որ նրանց գծերի համար արդեն որոշվել են նոր սեփականատերերը:
Թե ինչու են ուսումնասիրությունների համար ընտրել հատկապես թիվ 123, 2, 65, 15 երթուղիները՝ ըստ պարոն Քամալյանի, ընտրությունը խիստ պատահական է եղել. «Մենք որեւէ երթուղու նկատմամբ խտրականություն չենք դնելու եւ նույն ուսումնասիրությունները կատարելու ենք բոլոր ընկերություններում՝ առանց բացառության, պարզապես հերթով 5-ական կազմակերպություններ ենք ընտրում ու ուսումնասիրում»:
Տեսչությունը մինչեւ նոյեմբերի 16-ը գծատերերին ժամանակ է տվել, որպեսզի իրենց վարորդներին արտաժամյա աշխատանքի կատարման համար աշխատավարձի պարտքը վճարեն եւ իրենց գործունեությունը համապատասխանեցնեն Աշխատանքային օրենսգրքի պահանջներին: Ի պատասխան մեր այն դիտարկմանը, որ բոլոր երթուղիներում էլ այդ խախտումը կա եւ եթե ոչ մի գծատեր իր վարորդին հանգստի համար չվճարի՝ ի՞նչ եք պատրաստվում անել, բոլոր գծատերերին տուգանելո՞ւ եք, Արսեն Քամալյանն ասաց. «Եթե նրանք նոյեմբերի 16-ից հետո չշտկեն իրենց սխալը, դա հիմք կհանդիսանա, որ այդ կազմակերպություններում արդեն ստուգումներ անենք, որոնց արդյունքում երբ խախտումն արձանագրվի, պաշտոնատար բոլոր անձանց կենթարկենք պատասխանատվության՝ չվճարված աշխատավարձի 1/4-րդ մասով»:
Թեեւ պարոն Քամալյանը վստահ էր, որ իրենց պահանջից հետո բոլոր վարորդները գծատերերից կպահանջեն իրենց հասանելիք աշխատավարձը, սակայն հաշվի առնելով, որ վարորդներն իրենց աշխատանքով օրվա հացի խնդիր են լուծում, ամենայն հավանականությամբ գծատերերի հետ ներքին համաձայնության կգան. տեսչությանը ցույց կտան, թե վճարել են, բայց իրականում ոչ մի կոպեկ էլ չեն վճարի:
Պարոն Քամալյանի խոսքերով՝ «Այդ դեպքում մենք գործատուից ոչինչ պահանջել չենք կարող: Աշխատավարձ ստանալ-չստանալը աշխատողի իրավունքն է: Մենք պետք է պարտադրենք գործատուին, որ տա այդ աշխատավարձը, իսկ եթե վարորդները դա չվերցնեն՝ արդեն իրենց գործն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել