Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ ԱՐՋԻ ՊԵՍ

Նոյեմբեր 17,2009 00:00

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մեդիամաքս» գործակալության խնդրանքով մեկնաբանել է իր հասցեին ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մեղադրանքները. «Տեր-Պետրոսյանի մեծամտությունն ու ինքնահիացումը ծանր տպավորություն են թողնում: Ընդ որում, նրա ելույթը համեմված էր վերլուծականության հավակնություններով, թեեւ այդ ամենի մասին խոսել են բոլորը, ով չի ալարել: Իհարկե, չափազանց ձանձրալի ելույթ էր: Ենթադրում եմ, որ ներկաները մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի ելույթի ընթացքում չքնեն: Իմ հասցեին արված մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ իմաստ չունի կանգ առնել դրանց բովանդակային մասի վրա՝ վերջինիս բացակայության պատճառով: Հիմարությունն արժանի է միայն արհամարհանքի: Սակայն Տեր-Պետրոսյանի բոլոր ճառերում իմ մշտական հիշատակության փաստն ինձ հիշեցնում է մի իրավիճակ, որի ականատեսը դարձա Աֆրիկայում մի քանի ամիս առաջ: Երեկոյան խարույկի շուրջ որսորդները պատմում էին աֆրիկյան խոշոր կենդանիների վրա որսի տարբեր սուր դրվագների մասին: Խոսում էին առյուծների, հովազների, գոմեշների եւ փղերի ուժի, ճարպկության ու վտանգավորության մասին: Ներկաներից մեկը՝ մի եվրոպացի, ամեն պատմությունից հետո հոգոց էր հանում եւ ասում, որ կենդանիներից ամենավտանգավորն ու ուժեղը արջն է: Երբ նա դա կրկնեց երրորդ անգամ, ես հետաքրքրվեցի, թե ինչո՞ւ է արջը նրա վրա նման մեծ տպավորություն գործել: Պարզվեց, որ 5 տարի առաջ որսի ժամանակ արջը նրան լավ ջարդոտել է: Հավանաբար, ես ինչ-որ կերպ ոգեշնչում եմ Տեր-Պետրոսյանին, այդ պատճառով էլ նա այդքան հաճախ է ինձ հիշում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել