Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

…ԵՎ ՄԻ ԽԱՌՆԻՐ ՄԵԶ ԻՄԻՏԱՏՈՐՆԵՐԻՆ

Նոյեմբեր 17,2009 00:00

\"\"Նամակ բարեկամիս՝ Աննա Իսրայելյանին

Բարեւ, Աննա ջան:
Մինչեւ նամակիս բուն իմաստին անցնելը, ընդունիր իմ եւ մեր ջերմագին բարեւները քեզ եւ «Առավոտին»: Ու մինչեւ նամակիս բուն իմաստին անցնելը, ասեմ նաեւ, Աննա ջան, որ ես մեկն եմ նրանցից, ում քո «Չառաջադրվեցին մարդիկ, ովքեր կփոխեին ՀՌԱՀ-ը» հոդվածում («Առավոտ», 12.11.2009թ., N219 (3574), էջ 3) չասեմ մեղադրանք, բայց, համենայնդեպս, հանդիմանանք ես ներկայացրել՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի՝ ԱԺ կողմից առաջադրվող անդամների թափուր տեղերի ընտրության մրցույթին սեփական անձը չառաջադրելու համար: Ու թեպետ հանդիմանանք-կշտամբանք-մեղադրանքդ կոնկրետ անուն չունի, համարում եմ, որ այն նաեւ նվաստիս անձին է վերաբերում: Բայց հենց այն պատճառով, որ մեղադրանքդ կոնկրետ անուն չունի, ես էլ այս նամակի տակ չեմ ստորագրի կոնկրետ անունով. համարիր սա հավաքական պատասխան… Թեպետ հնարավոր է, որ մյուս չառաջադրված փորձագետներն ավելացնելու բան կամ անհամաձայնություններ ունենան:

Էս մեծ նախաբանից հետո անցնեմ նամակիս բուն իմաստին:
Ասում ես, թե առաջադրված 9-ի մեջ «չկա որեւէ թեկնածու, որն այս տարիների ընթացքում մշտապես անդրադարձել է հեռուստաեթերի որակի խնդիրներին եւ առկա խախտումներին, ի ցույց է դրել, որ գիտի տվյալ ոլորտի օրենսդրությունը, եւ որ ավելի կարեւոր է՝ գիտի, թե ինչ պիտի աներ ՀՌԱՀ-ը եւ չի անում», ապա՝ կշտամբանքով ավարտում ես հոդվածդ. «Գոնե ինձ համար ակնհայտ է, թե որեւէ էական, բովանդակային փոփոխություն այս մրցույթի հետեւանքով չի լինելու հայկական եթերում եւ ՀՌԱՀ աշխատաոճում: Եվ ցավոք՝ այս անգամ սա առավելապես հնարավոր է դառնալու ուղղակի չմասնակցողների շնորհիվ»:
Էն, ինչ պիտի ասեմ, արդարացում կամ արդարացման փորձ չէ, այլ պարզաբանում.
Ա) Նախ. դու էլ ես մեջբերում օրենքի պահանջը. «Ազգային հանձնաժողովի անդամ կարող է լինել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի լրագրության, հեռուստատեսության եւ ռադիոյի, տնտեսության, կառավարման, տեխնիկայի, մշակույթի, արվեստի, գիտության եւ իրավագիտության, կրոնի բնագավառներում մասնագիտական աշխատանքի փորձ, բարձրագույն կրթություն, հասարակության լայն շրջանում՝ հեղինակություն ու վստահություն»: Նվաստս, այո, որոշակի համեստ գիտելիքներ ու մի քիչ էլ (դե, ընդամենը մի պստլիկ քառորդ դարի) փորձ ունի լրագրության բնագավառում, բայց երբեք իրեն չի համարել «հասարակության լայն շրջանում հեղինակություն ու վստահություն» ունեցող անձնավորություն: Ավելի ճիշտ, ես չգիտեմ՝ հասարակության լայն շրջանում (ի դեպ՝ ո՞րն է այդ շրջանը) հեղինակություն ու վստահություն ունե՞մ, թե՞ ոչ: Իսկ հատուկ վստահությանս ու հեղինակությանս տոկոսը իմանալու համար էլ Ահարոն Ադիբեկյանին սոցիոլոգիական հարցում չեմ պատվիրել: Եվ քանի որ չգիտեմ լայն հասարակության շրջանում անձիս հեղինակության ու վստահության իրական պատկերը, ուստի համարեցի, որ անհամեստ մեկը պետք է լինել ինքն իրեն էդքան կարեւորելու համար, եւ հավատարիմ մնալով օրենքի տառին՝ չառաջադրվեցի: Սա չի՞ նշանակում, արդյոք, որ նրանք, ովքեր առաջադրվել են… Գրիչս լռվեց… Դե, մարդիկ իրենք իրենց հեղինակավոր են համարել կամ էլ Ահարոն Ադիբեկյանին սոցիոլոգիական հարցում են պատվիրել ու գիտեն սեփական հեղինակության չափը, որ առաջադրվել են, չէ՞, մենք ի՞նչ կարող ենք անել: Իսկ մրցութային հանձնաժողովն էլ, եթե քննարկում է նրանց թեկնածությունները եւ եթե թույլատրի մասնակցելու թեստավորման փուլին, ուրեմն նույնպես նրանց հեղինակավոր է համարում, կամ էլ ինքն է Ահարոն Ադիբեկյանին սոցիոլոգիական հետազոտություն պատվիրել…
Բ) Հասկացա՞ր, ջա՜նս, հումորի իմաստը: Այն է՝ օրենքը պահպանել է մեր քննադատած հակասությունը. հեղինակավոր անձ եւ մրցույթ հասկացությունները փոխբացառող են: Եթե մարդը հեղինակություն է՝ էլ ի՞նչ մրցույթ, էնա՝ միանգամից նշանակեք, էլի…
Գ) Գրում ես. «…չկա որեւէ թեկնածու, որն այս տարիների ընթացքում մշտապես անդրադարձել է հեռուստաեթերի որակի խնդիրներին եւ առկա խախտումներին, ի ցույց է դրել, որ գիտի տվյալ ոլորտի օրենսդրությունը…»: Եվ չէր կարող լինել: Որովհետեւ այդ մարդիկ (նրանց թվում եւ համեստ լրագրողս) միշտ ասել են, որ այս անկատար օրենքով հնարավոր չէ որեւէ բան փոխել: Մենք առնվազն ութ տարի պահանջել ենք. «մի կարկատեք «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, դրանից ոչինչ չի փոխվելու, եկեք նստենք, միասին էսօրվան համահունչ ու ապագային միտված օրինագիծ գրենք՝ նոր հայեցակարգով»: Չեն համաձայնել ու չեն համաձայնի, ջա՜նս. հասկանո՞ւմ ես, էնքան դժվար է հեռարձակման ոլորտի վրա ունեցած տոտալ վերահսկողությունից հրաժարվելը:
Վերջապես, ասել ենք, որ օրենքների փոփոխություններով սահմանվող մրցույթ կոչվածի կարգը անհեթեթություն է՝ դրանով ՀՌԱՀ-ի բազմազանությունը չի ապահովվելու: Նայիր օրենքի փոփոխությունների նախագծի քննարկումների տարբեր փուլերում լրագրողական մի շարք կազմակերպությունների հայտարարությունները, եւ քեզ ամեն ինչ պարզ կդառնա: Ո՞նց կարող էինք մենք քննադատել ու մերժել մրցույթ անվանված այդ անհեթեթությունը, ապա եւ մասնակցել դրան: Նման մրցույթները երբեք չեն ապահովելու հանրային լայն մասնակցություն ու ներկայացուցչական բազմազանություն: Լրագրողական կազմակերպությունները բազմիցս առաջարկել են դրան հասնելու ճանապարհները, նույնիսկ նախագիծ են ներկայացրել ու հայեցակարգ: Ո՞վ է լսողը:
Միտքս պա՞րզ էր, թե՞ էլի պիտի մեկնաբանեմ, որ կոճակ սեղմողներն ու նրանց փոխարեն օրինագիծ գրողներն էլ հասկանան: Քանի դեռ օրենքում պահպանվում է վերը նշված հակասականությունը, մրցույթը իմիտացիա է լինելու:
Դ) Այն, որ ՀՌԱՀ անդամների թափուր տեղերը լրացնելու մրցույթն իմիտացիա է լինելու, պարզ էր հենց սկզբից, երբ հայտարարվեց, որ մրցույթով ընտրվելու է 4 հոգի, ապա Ազգային ժողովն այդ 4-ից ընտրելու է երկուսին: Ծիծաղդ չեկա՞վ: Ու դու կարծում ես, որ հանրապետական մեծամասնությունը պիտի թողնի, որ ազատ մտածող մեկը հայտնվի ՀՌԱՀ-ո՞ւմ, եթե անգամ մրցութային հանձնաժողովը 4-ի մեջ նաեւ այդպիսինին ընդգրկի: Մի՞թե պարզ չէ, որ 2 ընտրյալներն արդեն ՀՀԿ-ի մտքում են, իսկ կոալիցիոն ախպերությունն էլ միահամուռ հավանություն կտա մեծ ախպոր ընտրությանը (ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» հավանաբար դեմ կքվեարկեն կամ ձեռնպահ կմնան):
Եվ որ սա մրցույթի իմիտացիա է՝ հավաստում ես նաեւ դու՝ գրելով. «…իմ դիտողությունները գնահատվեցին իբրեւ «պրիդիրկա», կանխակալ վերաբերմունք եւ երկակի ստանդարտների դրսեւորում», ապա եւ գրում ես՝ «…կարծես ենթադրվում էր, թե հանձնաժողովի նախագահը, (որին ներկայացրել էր ՀՀԿ-ն) ուղղակի պիտի կարդա թեկնածուների ինքնակենսագրությունն ու երաշխավորագրերը, եւ մնացածը հավանություն տան»: Եվ դու ուզում ես, որ մենք մասնակցեինք միահամուռ հավանություն տվողների հանձնաժողովի այդ իմիտացիայի՞ն: Հանուն ինչի՞: Հանուն նրա, որ, հնարավո՜ր է, 2011 թվականին, վերջապես, լիցենզավորման մրցույթնե՞ր լինեն: Միամտություն է, ջա՜նս, որովհետեւ՝
Ե) նախ, մենք համոզված չենք, թե հայրենի կառավարությունը մի նոր պատրվակ չի մոգոնի հերթական անգամ մրցույթները հետաձգելու համար: Երկրորդ, ենթադրենք, թե այդ մրցույթներն իսկապես կկայանան: Դե, ասա ինձ, խնդրում եմ, ո՞նց է հնարավոր էս օրենքով լիցենզավորման մրցույթ անցկացնել, երբ «Աշոտյան & CO» հեղինակային խումբը օրենք ներմուծեց ահա այսպիսի պայմաններ (խոսքը վերաբերում է լիցենզավորման մրցույթի ժամանակ հաշվի առնվող չափանիշներին). «հեռուստաընկերության եւ (կամ) ռադիոընկերության բիզնես-ծրագիրը եւ դրա իրատեսականությունը», «դիմողի՝ բազմակարծությունը խթանելու կարողությունը»: Կներես, ջա՜նս, բայց ես ինչքան էլ երեւակայությանս զոռ տվեցի, չկարողացա հասկանալ, թե (եթե մի հրաշքով հանձնաժողովի անդամ լինեմ) ոնց պիտի չափեմ մտքի գիգանտների երկնած՝ «դիմողի՝ բազմակարծությունը խթանելու կարողությունը»: Համ էլ՝ բազմակարծությունը պետք է նախ ապահովել, հետո միայն խթանել: Նրանք, ովքեր դիմել են հանձնաժողովի անդամ դառնալու, երեւի գիտեն դա… կամ պարզապես օրենքը չեն կարդացել, կամ էլ, վերջապես, թքած ունեն օրենքի վրա՝ «դե, կանցնենք հանձնաժողով, իսկ էնտեղ կերեւա…» մտայնությամբ: Ես էդպես չեմ կարող, եւ սա երեւի նույնպես նվաստիս թերությունն է:
Ի դեպ՝ մտքովդ չանցա՞վ, թե ինչո՞ւ քո թվարկած հայտնի լրագրողական կազմակերպություններից ոչ մեկը երաշխավորագիր չի տվել թեկնածուներին: Այդ կազմակերպությունները հասկանում են, որ իրենց մասնակցությունն այն քողն է, որի հետեւում թաքնվելու են իմիտատորները՝ հայտարարելով, թե տեսեք՝ ինչքան կազմակերպություն է մարդկանց երաշխավորել, ուրեմն մրցույթները դեմոկրատական են եղել:
Հեռուստատեսության եւ ռադիոյի պարագայում միշտ այդպես է եղել, իշխանությունը ոչ մի սկզբունքային զիջումների չի գնացել եւ ոչ մի սկզբունքային առաջարկություն չի ընդունել. սկսած 1999-2000 թվականներին օրենքի նախագծի քննարկումներից, վերջացրած 2009-ի փոփոխություններով, նրանք ՀԿ-ների առաջարկների ուղղագրական-խմբագրական մասերը վերցրել են, հետո գոռացել՝ տեսեք, մենք հաշվի ենք առել ձեր առաջարկությունները… Իսկ որ սկզբունքային, օրենքի ոգին ու էությունը փոխող առաջարկները մերժել են, այդ մասին լռել են: Մենք էլ որոշեցինք, որ այլեւս նման խաղերի չենք մասնակցելու, եթե իշխանությունները պատրաստ չեն քննարկելու առանցքային խնդիրները:
Աննա ջան, էնքան ասելու բան կա, բայց արի էս անգամ սրանով ավարտեմ, որպեսզի չխախտեմ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջը, այն է՝ «Պատասխանի ծավալը չպետք է գերազանցի պատասխանի առարկա տեղեկատվության ծավալը»: Մնացյալը տարբեր առիթներով դեռ էլի ու էլի կասենք:

Հ. Գ.-1 Այսպես ստորագրելը նամակի ոճով էր թելադրված: Հեղինակի անունը կոնֆիդենցիալ ինֆորմացիա չէ, եւ «Առավոտին» առաջարկում եմ անտեսել աղբյուրի գաղտնիությունը պահպանելու սկզբունքն ու հարցնողներին բացահայտել այն, մանավանդ, կարծում եմ, ոճիս ծանոթ ընթերցողներն արդեն գլխի են ընկել, թե ով է համեստ փորձագետը:
Տեղեկացնենք մեր ընթերցողներին, որ փորձագետ հեղինակը մի քիչ նման է լուսանկարում պատկերված մեր գործընկեր Մեսրոպ Հարությունյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել