Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԾԵԾՈՂՆԵՐՆ ԱՆԳՈՐԾ ՉԵՆ ՄՆՈՒՄ

Նոյեմբեր 17,2009 00:00

Պատգամավորի որդուն, հետո նաեւ զինվորականների ծեծող սպան նշանակվել է նոր պաշտոնի

«Մեր իրականության դրսեւորումներից է՝ Հայաստանում նորմալ մարդը կարող է տարիներով գործ չգտնել, բայց մարդկանց վրա հարձակվող «գամփռները» միշտ պետքական են»,- այս նախաբանով մեր զրուցակիցը հայտնեց այն տեղեկությունը, որ Միշա Թադեւոսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության ներքին զորքերի Դավիթաշենի ծառայության հրամանատար: Մեր զրուցակցի անունը չենք հրապարակում՝ նրա անվտանգության նկատառումներով:
Հիշեցնենք, թե ով է Միշա Թադեւոսյանը: 2001 թվականին, երբ նա ՀՀ նախագահի անվտանգության ծառայության պետի տեղակալն էր՝ պաշտոնից ազատվեց, քանի որ ծեծել էր «Միասնություն» խմբակցության պատգամավոր, ՀԺԿ վարչության անդամ Էդմունդ Ծատուրյանի որդուն: Քրեական գործ չհարուցվեց՝ բավարարվեցին միայն պաշտոնանկությամբ: Բայց մի քանի ամիս անց Միշա Թադեւոսյանը հայտնվեց ԱԱԾ-ում եւ գլխավորեց Հատուկ նշանակության զորամասը: Ինչպես վկայում է մեր զրուցակիցը՝ «Ծնողներն ասում էին, թե մի երեխա ծեծելու համար ազատվեց եւ նշանակվեց այնպիսի պաշտոնի, որ կարողանա ծեծել 400 երեխայի»: Բայց մի որոշ ժամանակ նրան առնչվող միջադեպեր այլեւս հայտնի չդարձան: Մամուլում 2004-ի դեկտեմբերին նրա անունը հրապարակվեց միայն հետեւյալ տեղեկության առնչությամբ, որ 2004-ի նոյեմբերի 5-ին Գագիկ Ծառուկյանի թիկնապահ-վարորդը (մականունը՝ «Արջուկ») մեքենայով հարվածել էր Ազգային անվտանգության սպա Արարատ Պետրոսյանի մեքենային, հետո էլ «Արջուկը» հարվածել էր ԱԱԾ սպային՝ կնոջ եւ երեխայի ներկայությամբ, նաեւ նրա աներոջը՝ Հ. Ուտիկյանին, որը ընկնելով գետնին, գլուխը խփել էր ասֆալտին ու ստացել վնասվածքներ: «ԱԱԾ աշխատակիցները որոշ ժամանակ անց իմացել են դեպքի մասին եւ որոշել պատժել թիկնապահներին: Իրենց գործընկերոջ վրա ձեռք բարձրացնողը պետք է պատժվեր՝ «սպայի պատիվ» հասկացությունը դա է ենթադրում եւ պահանջում,- գրել էր «Հետքը»:- Մեր աղբյուրներից մեկը նշեց, որ ԱԱԾ-ի Հատուկ գործողությունների ծառայության վարչության պետը՝ Միշա Թադեւոսյանը, իրենց կատարելիք գործողությունների մասին տեղեկացնում է ՀՀ թիվ 1 թիկնապահին՝ Գրիգոր (Գրիշ) Սարկիսյանին, որպեսզի նրանից ստանա գործողությունն իրականացնելու թույլտվություն: Եվ քանի որ ՀՀ-ում ամենամեծ կատեգորիան քավոր-սանիկությունն է, իսկ Գագիկ Ծառուկյանը՝ Գրիշի քավորը, Գրիշը որոշել է «փակել» գործը եւ «հանգստացնել» ԱԱԾ ուսադիրավորներին»:
Սակայն մամուլում էլի են հրապարակվել տեղեկություններ, որոնք վկայում են, թե թիկնապահ-վարորդի առջեւ անուժ այս սպան իր մկանունքը զինվորների վրա ցուցադրելու սովորություն ուներ: Դրա վերջին վկայությունը հրապարակվել է 2008-ի ապրիլին՝ «Հայքում». «Ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության զորքերի հրամանատար Միշա Թադեւոսյանը, որը վայելում է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Սարկիսյանի հովանավորությունը եւ նախկինում Քոչարյանի թիկնազորում էր, իր ծառայողներին պարբերաբար ծեծում է զինվորականների շարքի առջեւ: Վերջերս էլ՝ անցած կիրակի, դարձյալ շարքի առաջ ծեծի է ենթարկել մի գյումրեցի սպայի՝ ավագ լեյտենանտ Արման Չախոյանին, հայհոյանքներ տեղալով նրա մերձավորների հասցեին: Մեր աղբյուրները պնդում են, թե այս փաստին կասկածողները կարող են համոզվել՝ Արման Չախոյանի կապտուկներն այժմ էլ են դեռ պահպանված»:
Մեր զրուցակիցը պատմեց, թե ծնողներից բազմաթիվ են եղել բողոքները, որ Միշա Թադեւոսյանը զինվորներին անպատվում ու հայհոյում է, առանց փաստաթղթերի պահում «գուբախտում», հարվածում է անգամ սպաներին կամ ենթասպաներին. «Նա ծեծում էր այնքան, մինչեւ կհոգներ: Ըստ ստացված բողոքներից մեկի՝ մի անգամ հարկի հերթապահին այնպես էր ծեծել, որ վերջինս ամբողջ գիշեր ցնցումների մեջ էր ընկել»: Նա նշեց, թե կարող է անգամ ազգանուններով ասել, թե ԱԱԾ ո՛ր փոխգնդապետին, ո՛ր կապիտանին, ո՛ր ենթասպային է ծեծել Միշա Թադեւոսյանը. «Բայց այդ մարդիկ համարձակություն չեն ունեցել բողոքել»: Ըստ այդմ՝ այդ բոլոր դեպքերում եւս գործեր չեն հարուցվել: Թեեւ եղել են դեպքեր, երբ ծառայողական քննություններ են անցկացվել Միշա Թադեւոսյանի գործողությունների առնչությամբ, քանի որ նաեւ ահազանգեր են եղել, որ նա զինվորներին օգտագործելով՝ իր համար հսկայական դղյակ է կառուցել Ներքին Դվինում, վարչության մեքենաներն էր օգտագործում իր շինարարության համար եւ այլն:
Ի դեպ, երբ ինքներս էլ փորձեցինք զրուցել Միշա Թադեւոսյանի հարձակումների զոհ դարձած որոշ անձանց հետ՝ նրանք էլ, չհերքելով տեղի ունեցածը, այսուհանդերձ չցանկացան ոչ միայն հարցազրույց տալ, այլ անգամ դեմ էին, որ իրենց անունը հիշատակվի հրապարակման մեջ:
Միշա Թադեւոսյանը, մեր աղբյուրի վկայությամբ, 2009-ին շուրջ 8-10 ամիս գործազուրկ էր, քանի որ հունվարի 1-ից նրա ղեկավարած զորամասը ԱԱԾ-ում լուծարել եւ փոխանցել էին պաշտպանության նախարարությանը: Բայց վերջերս նշանակվել է ՀՀ ոստիկանության ներքին զորքերի Դավիթաշենի ծառայության պետ: Ըստ մեր զրուցակցի տեղեկությունների՝ այս հարցում դերակատարություն էր ունեցել Ռոբերտ Քոչարյանը, որի որդին՝ Լեւոնը, ծառայել էր Միշա Թադեւոսյանի ղեկավարած զորամասում, թեեւ իրականում այնտեղ է գտնվել միայն երդման արարողության եւ կարեւոր ստուգայցերի ժամանակ: «ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ Միշա Թադեւոսյանին հրամանատար դարձրեց՝ մոռանալով, թե Արարատ մարզում իր պաշտոնավարելու շրջանում նա ինչպես էր կրակել այդ մարզի ոստիկանների վրա ու դարձյալ մնացել անպատիժ»,- վրդովված պատմում էր մեր զրուցակիցը, որի հայտնած տեղեկությունների զգալի մասը (օրինակ՝ տնտեսվարող գործարարների հետ գիշերային «ռազբորկաների» մասին) չենք հրապարակում ծավալի պատճառով:
2004-ի վերոհիշյալ պատմությունն արձանագրելով՝ «Հետքը» հարցադրում էր արել, որ մի՞թե «սպայի պատիվ» հասկացությունը խորթ է ու անհասանելի այդ միջադեպի դերակատարներին, մի՞թե դրա մասին պատկերացում չունեն: Սակայն այժմ առավել էական է եւս մեկ անգամ արձանագրելը, որ նման կենսագրությամբ մարդիկ «տաշած քարեր» են, որոնք գետնի վրա չեն մնում՝ նրանք միշտ պահանջված են եւ դեռ արժանանում են պարգեւների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել