Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՔ ԱՇԽԱՏԵԼ ՄԻԱՍԻՆ»

Նոյեմբեր 17,2009 00:00

\"\"Երեկ ընդդիմությունն ու ԱԺ նախագահը աշխատեցին միասին

 «Առավոտը» շաբաթ օրվա իր համարում արդեն գրել էր, որ ՀՅԴ խմբակցությունը դիմել էր ԱԺ նախագահին՝ ԱԺ Կանոնակարգի համաձայն, քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկել իր առաջարկը՝ «Մշտադիտարկում (մոնիտորինգ) իրականացնող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»: Այս նախագիծը երեկ արտահերթ կարգով ընդգրկվեց ԱԺ քառօրյայի օրակարգում, փոխարենը մերժվեց «Ժառանգության» առաջարկը՝ մարտի 1-2-ի իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության նոր խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Մերժումը բացատրվեց այսպես. «Կանոնակարգ-օրենքի 104 հոդվածի 2-րդ մասում նշված է՝ մեկից ավելի ընդդիմադիր խմբակցությունների առկայության դեպքում նրանց կողմից արտահերթ համարված հարցերը քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկման եւ քննարկման հերթականությունը որոշվում է ըստ նրանց անդամների թվաքանակի՝ մեծաթիվից փոքրաթիվ»: «Ժառանգության» նախագծի հեղինակ Լարիսա Ալավերդյանն այսպես բացատրեց իր առաջարկի մերժումը. «Ես խնդրել եմ բոլոր պատգամավորներին՝ հաշվի առնել, որ այսպիսի որոշումը ոչ թե գալիս է մերժելու արվածը, այլ՝ ավելի հստակեցնելու եւ հնարավորություն տալու իշխանության բոլոր թեւերին այս հարցի շուրջ բոլոր անպատասխան մնացած հարցերի պատասխանը տալ: Սա ոչ թե բխում է միայն ընդդիմության շահերից, սա ժողովրդի եւ իշխանության շահերից է բխում: Ես կխնդրեի զերծ մնալ այն տխուր ավանդույթից, որ եթե որեւէ հարց դրական եզրակացություն չի ստացել եւ ընդդիմության կողմից է, մեխանիկորեն մերժվում է»: Ընդդիմադիր պատգամավորի այս ելույթից հետո ԱԺ նախագահին այլ բան չէր մնում, քան հայտարարել. «Առաջարկում եք աշխատել միասին, տիկին Ալավերդյան»:
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը «Առավոտի» հետ զրույցում նկատեց. «Շատ կարեւոր է այս հարցի քննարկումը, որովհետեւ մեր հանձնաժողովի առաջարկներում կային իրավական, տնտեսական, սոցիալական, քաղաքական, մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող առաջարկներ, որոնք, հանձնաժողովի կարծիքով, պետք է կատարվեն, իսկ կատարման համար պետք է իրականացվի վերահսկողություն: Մենք սա առաջարկել ենք: Ինչպիսի ընթացք կտա ԱԺ-ն, կգնա նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ճանապարհով, թե այլ մոտեցում կցուցաբերի՝ դա քննարկումների ժամանակ պարզ կդառնա»:
Սամվել Նիկոյանը չթաքցրեց նաեւ իր ցանկությունը. «Ես կուզենայի, որ, ընդհանուր առմամբ, ժամանակավոր հանձնաժողովին վերապահված գործառույթները իրականացվեն ժամանակավոր հանձնաժողովի կողմից: Եթե դա կարեւոր չլիներ, երկրի Սահմանադրության մեջ հարկ չէր լինի նշել, թե ինչու են ստեղծվում ժամանակավոր հանձնաժողովները: Ինչեւէ, կա այդ փոփոխությունը Կանոնակարգում (որի համաձայն՝ ժամանակավոր հանձնաժողովի իրավասությունները, ըստ էության, փոխանցվում են մշտականին), եւ, իմ կարծիքով, դա որոշակի հակասություններ ունի Սահմանադրության հետ, բայց, ամեն դեպքում, որոշողը Ազգային ժողովն է»: Սամվել Նիկոյանը հիշեցրեց, որ իր գլխավորած հանձնաժողովը հանգեց հետեւյալ եզրահանգման՝ ինչ եղել է, եղել է, ոչինչ չենք կարող ետ բերել, բայց կարող ենք այնպես անել, որ մարտի 1-ը չկրկնվի: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ եթե հանձնաժողովի առաջարկությունները իրականացվեն, ապա նոր «մարտիմեկերի» կանխումը հնարավոր է:
ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասաց. «ԱԺ Կանոնակարգ-օրենքի 35 եւ 104 պրիմ 2 հոդվածների ուժով, ՀՅԴ խմբակցության նախաձեռնությունը՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին, մտավ օրակարգ եւ քննարկվելու է վաղը (արդեն այսօր- Մ. Ե.), օրվա երկրորդ նիստին: Ակնկալում ենք, որ ամբողջ նիստը նվիրված կլինի այս նախագծի քննարկմանը, եւ դա պահանջում է օրենքը»: Ըստ պատգամավորի, սա հնարավորություն է բոլոր քաղաքական ուժերի համար՝ արտահայտելու իրենց տեսակետը՝ «մարտի 1-ի» հանձնաժողովի կողմից արված առաջարկությունների կատարման վերաբերյալ իրենց դիտարկումները ներկայացնելու: Ըստ պարոն Մինասյանի՝ «Սա ընդհանուր խնդիր է, եւ չի կարելի այս կամ այն քաղաքական ուժին վերապահել»:
Հաշվի առնելով, որ քաղաքական մեծամասնությունը ներկայացնող ուժերը արդեն ուրբաթ օրը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումների ժամանակ վերոհիշյալի կապակցությամբ բացասական դիրքորոշում են ներկայացրել, դժվար է հավատալ, որ այսօր կողմ կլինեն ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը: Այս իրավիճակում ընդդիմադիր ուժերի խնդիրը պետք է լինի «ավելի պարզ, ավելի ընկալելի ձեւով խնդիրը ներկայացնել բոլոր պատգամավորներին»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել