Լրահոս
Օրվա լրահոսը

Համաժողովը՝ երկխոսության առիթ

Նոյեմբեր 14,2009 00:00

«2002 թվականին Հայաստանի գրողների միությունը Սփյուռք-հայրենիք կապերը ընդլայնելու նպատակով սկսեց մի նոր շարժում, որով փորձում ենք մեր գրական դաշտը վերածել համահայկականի, դրանք գրողների համար կազմակերպված համաժողովներն են»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը եւ հավելեց, որ 2010-ի մայիսին նախատեսված է Գրողների համահայկական 5-րդ համաժողովը՝ այս անգամ Արցախում: Նման վերջին համաժողովը կայացել է վերջերս Կալիֆոռնիայի համալսարանում: Մասնակցել է ինչպես հայագիր, այնպես էլ օտարագիր շուրջ 50 գրող: Միացյալ Նահանգներում կան հայ գրողների երկու՝ Ամերիկայի եւ Կալիֆոռնիայի միությունները, որոնք, Լեւոն Անանյանի խոսքով՝ «Չենք կարողանում միավորել, ինչպես միշտ տարանջատված ենք»:
Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պիտեր Քաուիի խոսքով՝ համաժողովին ողջունելի էր հատկապես երիտասարդ գրողների ներկայությունը: Եղել է վեց ելույթ՝ հայ ինքնության ու հայոց ցեղասպանության վերաբերյալ: Պիտեր Քաուին կարծում է, որ օտարագիր հայ գրողները շատ քիչ են կապված հայ ժողովրդի հետ: Շատ անգամ Ամերիկայի նույն քաղաքում ապրող հայերը համաժողովի ժամանակ առաջին անգամ են իրար հանդիպում: Ուստի պրոֆեսորը կարծում է, որ համաժողովը այս առումով նաեւ երկխոսության առիթ է հանդիսանում:
«Մեր թիվ մեկ խնդիրը պետք է լինի՝ հնարավորինս շատ թարգմանել օտարագիրներին: Աշխարհը այդ գրողների միջոցով ճանաչում է մեր ժողովրդին: Այդ գրողներին պետք է կարողանանք դարձնել մեր մշակույթի դեսպանները տվյալ երկրում»,- նշեց ՀԳՄ նախագահը ու հավելեց, որ այդ նպատակով Գրողների միությունում շուտով բացվելու է միջազգային գրական կապերի բաժին՝ Հայաստանի եւ Սփյուռքի գրողներին ներկայացնելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել