Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազդարարը» 215 տարեկան է

Նոյեմբեր 14,2009 00:00

1794 թվականին  Հնդկաստանի Մադրաս քաղաքում հայ հոգեւորական Հարություն քահանա Շմավոնյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Ազդարար» պատմամշակութային, գիտակրթական հանդեսը 215 տարեկան է: 18 թողարկում ունենալուց հետո հանդեսը դադարել էր լույս տեսնել՝ նյութական միջոցների բացակայության պատճառով: Ավելի քան 200 տարի անց՝ 2008 թվականին, Կալկաթայում՝ հայ պատմաբան, հայկական ճեմարանի ուսուցիչ Մարտիկ Սարգսյանը սկսել է «Ազդարարը» վերահրատարակել անգլերեն եւ հայերեն, 1000 օրինակով: Երեկ Մատենադարանի «Նարեկացի» սրահում տեղի ունեցավ «Ազդարարի» 215-ամյակին եւ վերահրատարակմանը նվիրված շնորհանդես:
Ազդարարի խմբագիր, Կալկաթայի մարդասիրական ճեմարանում հայոց լեզու եւ գրականություն դասավանդող Գրետա Անդրեասյանը վստահեցրեց, որ վերահրատարակված «Ազդարարը» պահպանելու է Հարություն Շմավոնյանի ավանդույթները: «Այն բոլոր ազգային խնդիրները, որ այն ժամանակ ծառացած էին հնդկահայերի եւ ընդհանրապես հայերի առջեւ, մնում են արդիական, միայն անուններն են փոխվել: «Ազդարարը» անդրադառնալու է Հայաստանի մշակույթին ու պատմությանը, սփյուռքահայերի խնդիրներին, փորձելու է ամեն կերպ խթանել Սփյուռք-հայրենիք կապը: Եթե մենք չենք կարողանում նորը ստեղծել, պարտավոր ենք գոնե հինը պահպանել: «Ազդարարը» հայերի հոգեւոր-մշակութային «բրենդն» է, եւ մենք իրավունք չունենք այն կորցնել»,- նշեց խմբագիրը: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Ազդարարի» վերահրատարակիչ, գլխավոր խմբագիր Մարտիկ Սարգսյանին պարգեւատրեց Սփյուռքի նախարարության պատվոգրով:
Նախատեսված էր նաեւ «Ազդարարի ընտանիք» մրցանակաբաշխություն, եւ մրցանակներ ստացան արձակագիր Ռաֆայել Սահակյանը՝ արեւմտահայ թեմաներով հոդվածաշարի համար եւ շինարարական կազմակերպության տնօրեն Վահագն Աղաբաբյանը՝ նյութական աջակցության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել