Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Նոյեմբեր 14,2009 00:00

\"\"Մեր թերթի նոյեմբերի 12-ի համարում «Հանքերի շահագործմանը դեմ են» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Կապան համայնքի ավագանու անդամ, «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը եւ նրա համախոհները սկսում են բողոքի ակցիաների շարք՝ ընդդեմ Սյունիքում ուրանի հանքերի շահագործման: Երեկ Կապանում Խորեն Հարությունյանը հայտարարություն է տարածել, ուր ասվում է. «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերությունը արդեն սկսել է Սյունիքի մարզում ուրանի հանքերի ուսումնասիրության ծրագիրը: Չնայած տարբեր ժամանակներում կազմակերպված հանդիպումներին եւ բնակչության հետ քննարկումներին, այնուհանդերձ, խնդիրը շարունակում է անհանգստացնել սյունեցիներին: Հատկապես մտահոգ են Լեռնաձոր գյուղական համայնքի վարչական կազմում գտնվող 9 փոքր բնակավայրերից չորսը, որ գտնվում են ուսումնասիրությունների գոտում: Ուրանի հանքանյութի արդյունահանման եւ մշակման վայրերի մոտ ապրող բնակչության առողջության մասին անցյալ եւ ներկա արձանագրությունները ցույց են տալիս, որ ճառագայթումը եւ պոչանքները քաղցկեղի համաճարակներ են առաջացնում ինչպես հանքերում աշխատողների, այնպես էլ հանքերի եւ պոչանքների շրջակայքում ապրողների մոտ:
Ուրանի հանքերի շահագործման նախագիծը խախտում է ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ մի շարք օրենքներ եւ միջազգային մի շարք նորմեր: Կարեւորելով երկրի տնտեսական զարգացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, պահանջում, առաջարկում եւ միաժամանակ խնդրում ենք իշխանություններից՝ մշակել երկրի տնտեսության զարգացման այլ տարբերակներ եւ ծրագրեր: Միայն այդ դեպքում ապահով ու բարեկեցիկ կզգան մեր քաղաքացիները, չի վտանգվի նրանց առողջությունը»:
Հայտարարությունից հետո Խորեն Հարությունյանը նշեց, որ համաձայնելով հանքերի շահագործմանը սյունեցիները կստորագրեն իրենց մահվան պայմանագիրը եւ կոչ արեց բոլորին միանալ բողոքի ակցիային. «Սա մեծ վտանգ է ներկայացնում Սյունիքի համար, իսկ Սյունիքը ես համարում եմ Հայաստանի սիրտը, կործանվի Սյունիքը՝ կկործանվի Հայաստանը»,- ամփոփեց Խորեն Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել