Ոչ դիտարժան մարզաձեւ չկա: Սակայն կան մարզաձեւեր, որոնց ընթացքին չհետեւելու, պայքարի դրվագներով չհիանալու ցանկություն չունենալն արդեն իսկ աներեւակայելի է:
Ձմեռային մարզաձեւերի մեջ այդպիսին է լեռնադահուկային սպորտը՝ իր բոլոր դրսեւորումներով:
Հայաստանը լեռնադահուկային սպորտով զբաղվելու բնական պայմանների պակաս երբեք չի ունեցել: Այլ բան է բարձր արդյունքների հասնելու համար ժամանակակից պահանջներին համապատասխան պայմանների ապահովումը, որը ժամանակին լուծվեց Ծաղկաձորի ԽՍՀՄ գլխավոր օլիմպիական մարզաբազայի հիմնադրումով: Սակայն Հայաստանում անկախության հաստատումից հետո այդ հոյակերտ մարզահամալիրը ուշադրության բացակայության եւ ֆինանսների բացակայության պատճառով կարճ ժամանակում շարքից դուրս եկավ ու այլեւս օգտագործման համար պիտանի չէր:
Բարեբախտաբար, 90-ականների վերջին հանրապետությունում սպորտի ղեկն ստանձնած պաշտոնյաների գործադրած ջանքերի շնորհիվ այդ մարզաբազան վերագտավ իր երկրորդ կյանքը: Այն էլ՝ ինչպիսի՜: Այսօր Ծաղկաձորի օլիմպիական մարզահամալիրը լավագույններից մեկն է Եվրոպայում, որտեղ բարգավաճում են դահուկային սպորտի հնարավոր բոլոր ձեւերը, սկսած լեռնադահուկայինից, վերջացրած դահուկավազքի տարբեր մրցատարածությունների մրցուղիներով: Ու այն, որ ներկայումս մեր հանրապետությունը ձմեռային մարզաձեւերից օլիմպիական խաղերի ուղեգրերի հավակնում է հատկապես լեռնադահուկից եւ դահուկավազքից եւ նրանց համար, բավականին գումարներ ներդնելով, արդեն արտասահմանում ապահովվում են մշտական ուսումնամարզական հավաքներ, մարզումային անհրաժեշտ պայմաններ եւ վարկանիշային մրցաշարերին մասնակցելու հնարավորություն, մեծապես պայմանավորված է հենց Ծաղկաձորով: Մասնավորապես, Հայաստանի երեք լեռնադահուկորդներ օրերս են վերադարձել Ավստրիայից, որտեղ նախապատրաստվում էին Վանկուվերում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին նախորդող մրցումներին: Նրանք 10 օրից կրկին կմեկնեն Ավստրիա եւ Իտալիա, որտեղ կշարունակեն մարզումները եւ կմասնակցեն օլիմպիական ուղեգրերի համար կազմակերպվելիք վարկանիշային մրցումներին:
Այս օրերին մեր երեք առաջատար դահուկավազորդներ Ֆինլանդիայում են: Նրանք այնտեղ կմարզվեն մինչեւ դեկտեմբերի 20-ը, որից հետո նույնպես հանդես կգան վարկանիշային մրցաշարերում: Այնուհետեւ ուսումնամարզական հավաքները կշարունակվեն Ռուսաստանում, եւ նույն ամսվա 21-27-ը կմասնակցեն Կրասնոդարում կայանալիք վարկանիշային իրենց մրցումներին:
Դահուկային սպորտի ֆեդերացիայում վստահ են, որ Հայաստանի մարզիկներին անպայման կտեսնենք Կանադայում կայանալիք ձմեռային հերթական օլիմպիական խաղերում: