Ֆուտբոլի Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն իր վերջին ասուլիսներից մեկում հայտարարեց, որ թիմի պաշտպան Կարեն Խաչատրյանը՝ կանոններին եւ որոշումներին չենթարկվելու եւ խաղամակարդակով ակումբի սահմանած պահանջներին չբավարարելու համար հեռացվել է թիմից, իսկ մինչ այդ էլ՝ հավաքականից: Սակայն հեռացման պատճառների մասին նաեւ այլ լուրեր էին շրջանառվում:
«Առավոտը» խորամուխ եղավ դրանց մեջ եւ պարզեց հետեւյալը: Կարեն Խաչատրյանը անդամագրված է ինչ-որ աղանդի, ինչը բացասաբար է անդրադարձել նաեւ նրա խաղի որակի վրա: Մասնավորապես, երբ մարզիչը նրանից պահանջել է դաշտում ավելի վճռական լինել եւ հարկ եղած դեպքում, ինչպես ընդունված է ֆուտբոլում, թույլատրված կանոնների շրջանակներում կոշտ պայքար մղել, նա հրաժարվել է՝ հայտարարելով, թե Աստված իրեն կպատժի: Ակումբի պատասխանատուների հետ զրույցներից պարզվեց նաեւ, որ մինչեւ հեռացման որոշում կայացնելը նրա հետ բավականին երկար ժամանակ բացատրական աշխատանքներ են կատարվել: Բայց՝ անօգուտ: Ավելին, ակումբի մի քանի ֆուտբոլիստներ կանգնել են նրա վատ ազդեցության տակ հայտնվելու վտանգի առջեւ, ինչը, թեկուզ զուտ մարզական ու ֆուտբոլային առումով, վնաս կարող էր պատճառել ակումբին: Եվ միայն վերջում, երբ արդեն ֆուտբոլիստին ոչինչ չէր կարող ետ պահել մոլորությունից, այդ ժամանակ ակումբը դիմել է այդ քայլին: