Եթե իրականանա ՀՀ կառավարության մտադրությունը, ապա հարկ կլինի ծննդաբերող կնոջը կամ կույրաղիքի սուր ցավերով հիվանդին լեռնային ճանապարհներով տեղափոխել 12 կմ հեռու հիվանդանոց:
Դեռեւս 2006 թվականի նոյեմբերի 2-ին կառավարությունը հաստատեց հանրապետության մարզերի առողջապահական համակարգերի օպտիմալացման ծրագիրը: Իսկ 2009 թվականի սեպտեմբերի 17-ին այդ որոշման մեջ որոշակի լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին որոշում է ընդունել: Որոշմամբ ամրագրվել է, որ օպտիմալացման արդյունքում պետք է միավորվեն «Մեղրիի բժշկական կենտրոն» եւ «Ագարակի հիվանդանոց» ՓԲ ընկերությունները՝ ստեղծելով մեկ՝ «Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ: Վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական եւ ինֆեկցիոն ծառայությունները կմատուցվեն Ագարակի հիվանդանոցում, իսկ թերապեւտիկ, մանկական ծառայությունները՝ Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոնում՝ Մեղրիի պոլիկլինիկայի մասնաշենքում: Օպտիմալացման արդյունքում կազատվեն եւ կօտարվեն Ագարակի հիվանդանոցի ծննդատան եւ ինֆեկցիոն մասնաշենքերը, ինչպես նաեւ Մեղրիի բժշկական կենտրոնի մասնաշենքերը: Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոնն էլ իր գործունեությունը կծավալի Մեղրիի պոլիկլինիկայում: Այս փաստը հարուցել է մեղրեցիների բուռն դժգոհությունը, որին եւ հետեւել են կոնկրետ գործողություններ: Ի՞նչ նպատակ են հետապնդում այս փոփոխությունները: Մեղրեցիները այս հարցին մի պատասխան են տալիս, իսկ Սյունիքի մարզպետարանի առողջապահության բաժինը՝ այլ:
Ինչո՞ւ են Մեղրի քաղաքի բնակիչները դեմ այս օպտիմալացմանը եւ ո՞րն է նրանց դժգոհության պատճառը: Նախատեսված փոփոխությունների կյանքի կոչվելու դեպքում մեղրեցիները վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական եւ ինֆեկցիոն ծառայություններից օգտվելու, այսինքն՝ ստացիոնար բուժում ստանալու համար պետք է հասնեն Ագարակ քաղաքի հիվանդանոց, հղի կանայք այսուհետեւ ծննդաբերության ժամանակ ստիպված կլինեն Ագարակի հիվանդանոց գնալ: Իսկ Ագարակն ու Ագարակի հիվանդանոցը Մեղրիից 12 կմ հեռու են, աղմկոտ եւ ոչ այնքան նպաստավոր վայրում՝ ի տարբերություն Մեղրիի հիվանդանոցի: Ագարակի հիվանդանոցի հարեւանությամբ է գտնվում զորամասը, հեռու չէ նաեւ մաքսատունը: Ամենագլխավորը՝ Ագարակի կոմբինատի գործունեության հետեւանքով առաջացած օդային ավազանի աղտոտվածությամբ ու ճառագայթումներով Ագարակի հիվանդանոցը չի էլ կարելի համեմատել Մեղրիի հիվանդանոցի հետ:
Մեղրիի հիվանդանոցի օպտիմալացումից կտուժեն նաեւ քաղաքին հարակից գյուղերի՝ Տաշտուն, Լիճք, Վարդանիձոր, Թխկուտ, Վահրավար, Լեհվազ, Նյուվադի, Ալվանք, Շվանիձոր գյուղերի բնակիչները, ովքեր այսուհետեւ չեն կարողանա իրենց մոտ գտնվող Մեղրիի բժշկական կենտրոնում սպասարկվել: Բացի այդ, նաեւ բավականին աշխատատեղեր կկրճատվեն, եւ գործազուրկների թիվը կրկին կավելանա:
Մեղրեցիներն առավել ցավով են ընդունել տարիներով Մեղրիի տարածաշրջանի բնակչությանը բժշկական ծառայություններ մատուցած մասնաշենքերի օտարման հարցը: Մեղրիի հիվանդանոցը շրջապատված է այգով, քաղաքի աղմուկից հեռու է, եւ, մեղրեցիների հավաստիացումներով, ինչ-որ մեկը աչք ունի այս մասնաշենքերի վրա. օպտիմալացման իրական պատճառն էլ հենց դա է: Մեղրեցիները, սակայն, չեն պատրաստվում հաշտվել այս իրավիճակի հետ, ինչպես նախորդ անգամ՝ այս անգամ էլ դժգոհության ալիք են բարձրացրել: Արդեն դիմել են ՀՀ նախագահին, Ազգային ժողովի նախագահին, կառավարությանը եւ այլուր: Սահմանամերձ գոտու բնակիչները, ովքեր ազատագրական պայքարին անմիջական մասնակցություն են ունեցել, պատրաստվում են ամեն միջոցի դիմել՝ կանխելու օպտիմալացման փորձը, համոզված լինելով, որ այն բացասաբար կանդրադառնա բնակչության բուժսպասարկման վրա: Ըստ մեղրեցիների, 2006-ին Մեղրիի հիվանդանոցի հարցը սառեցվեց, քանի որ առջեւում ՀՀ ԱԺ եւ նախագահի ընտրություններ էին, ու սոցիալական լրացուցիչ լարվածություն պետք չէր: Իսկ հիմա, հայ-թուրքական արձանագրությունների եւ ֆինանսատնտեսական ճգնաժամի ստվերում, փորձ է արվում լուծել հիվանդանոցի մասնաշենքերի հարցը:
Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Աշոտ Ծատրյանը անհիմն է համարում մեղրեցիների մտահոգությունները, հավաստիացնելով, որ օպտիմալացման փոփոխությունները ոչ մի միտում չունեն, ավելին, այդ բարեփոխումները կնպաստեն բուժսպասարկման առավել արդյունավետ կազմակերպմանը: «Օպտիմալացման նպատակն այն է, որ միեւնույն ծառայություններն իրականացնող առանձին ստորաբաժանումների կենտրոնացմամբ ու միավորմամբ պետբյուջեի միջոցները ծախսվեն ավելի նպատակային՝ ուղղված բնակիչների առողջության պահպանման մակարդակի բարձրացմանը: Չօգտագործվող կամ անարդյունավետ օգտագործվող տարածքների պահպանման համար նախատեսված գումարները կուղղվեն նոր, ժամանակակից բուժսարքավորումների ձեռքբերմանը, դեղորայքով ապահովվածությանը, բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացմանը: Կառավարության որոշման մեջ կատարված փոփոխություններում հաշվի է առնվել այն փաստը, որ Մեղրին սահմանամերձ գոտի է, հաշվի են առնվել աշխարհագրատեղանքային առումով կտրվածությունը ու ճանապարհատրանսպորտային հաղորդակցության դժվարությունները, ամրագրվել է, որ ե՛ւ Մեղրիում, ե՛ւ Ագարակում գործեն ստացիոնար ծառայություններ»,- պարզաբանում է պարոն Ծատրյանը: Զրուցակցիս խոսքով, իրենք առաջիկայում պատրաստվում են գնալ Մեղրի, հանդիպել բնակչությանը, լսել նրանց դժգոհություններն ու մտահոգությունները եւ տեղում տալ բոլոր անհրաժեշտ պարզաբանումները:
Իսկ այն հարցին, թե ի՞նչ ճակատագիր կունենան օպտիմալացման արդյունքում ազատված մասնաշենքերը՝ առողջապահության վարչության պետը պատասխանեց, որ դրանք տեղի բնակչության համար կծառայեն: Ագարակի հիվանդանոցի ազատված 2 մասնաշենքերի ճակատագիրը պարզ է. ամենայն հավանականությամբ, մասնաշենքերից մեկը վերանորոգումից հետո կծառայի որպես բնակատեղի՝ հեռավոր այս շրջան գործուղված կամ այստեղ մշտապես գործունեություն հաստատելու ցանկություն հայտնած բժիշկների համար, իսկ մյուս մասնաշենքը հաշմանդամների համար վերականգնողական կենտրոն կդառնա: «Իսկ ահա Մեղրիի մասնաշենքերի ճակատագիրը դեռեւս որոշված չէ, եւ հստակ ոչինչ ասել չեմ կարող, հավանաբար՝ այն նույնպես կծառայի բնակչությանը»,- այսպիսին էր պարոն Ծատրյանի պատասխանը:
Մեղրեցիները մնում են հավատարիմ իրենց դիրքորոշմանը եւ գտնում, որ առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրում Մեղրիի տարածաշրջանին պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերվի, Մեղրիում պետք է պահպանվի հիվանդանոցը: Եվ ի հավաստումն իրենց հետեւողականության, քաղաքի բնակիչները նոյեմբերի 17-ին Մեղրիի հրապարակում հանրահավաք են հրավիրել: