Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԲԱՄԱՆ ԽՈՍՏԱՑԱՎ ԱՖՂԱՆՍՏԱՆ ԶԻՆՎՈՐՆԵՐ ՉՈՒՂԱՐԿԵԼ

Նոյեմբեր 14,2009 00:00

\"\"ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը սկսել է իր առաջին «ասիական շրջայցը», երեկ ժամանել է Ճապոնիա: Ութ օրերի ընթացքում նա այցելելու է նաեւ Չինաստան, Հարավային Կորեա, Սինգապուրում մասնակցելու է Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության անդամ երկրների գագաթաժողովին, որի շրջանակներում էլ նոյեմբերի 15-ին հանդիպելու է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: «BBC»-ի փոխանցմամբ, այս շրջայցի նպատակը ասիական երկրների ղեկավարների հետ նրանց տնտեսությունների աճին նպաստելուն ուղղված՝ ԱՄՆ-ի կողմից տնտեսական օգնություն տրամադրելու հարցի քննարկումն է: Այցից առաջ Ալյասկա նահանգում գտնվող «Էլենդորֆ» ռազմական ավիաբազայում զինվորների եւ սպաների հետ հանդիպման ժամանակ ունեցած իր ելույթում Օբաման անդրադարձել է նաեւ Աֆղանստան ամերիկյան լրացուցիչ ուժեր ուղարկելու հարցին: Նա զինվորներին խոստացել է ձեռնպահ մնալ այդ քայլից եւ իրենց՝ զինվորներին, Աֆղանստան չուղարկել, եթե միայն դա խիստ անհրաժեշտ չի լինի ԱՄՆ-ի պետական շահերը պաշտպանելու համար: Բայց անգամ այդպիսի որոշում ընդունելու դեպքում, ԱՄՆ նախագահը խոստացել է, որ դա կանի բացառապես այն դեպքում, երբ այդ հարցում ունենա ԱՄՆ հասարակության բավարար աջակցությունը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում անցկացված հասարակական կարծիքի հարցախույզի արդյունքում ակնհայտ է դարձել, որ գնալով ավելի շատ ամերիկացիներ են հանդես գալիս ամերիկյան զինվորներին Աֆղանստան ուղարկելու դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել