Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը ՌԴ-ին կոչ է արել անվստահելի գործընկեր չդառնալ

Նոյեմբեր 14,2009 00:00

\"\"Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները Ռուսաստանին կոչ են արել տեղի չտալ արտաքին ճնշմանն ու կատարել Իսլամական Հանրապետության հետ զենիթահրթիռային համակարգեր վաճառելու մասին համաձայնագիրը: «Իրանը իր ռուս բարեկամներից դժգոհելու հիմքեր ունի»,- «BBC»-ի փոխանցմամբ երեկ հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադին (նկարում)՝ տարակուսանք հայտնելով, թե մի՞թե ռուս ստրատեգները հաշվի չեն առնում Իրանի աշխարհաքաղաքական նշանակությունը հենց Ռուսաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից: «Ինչո՞ւ պաշտպանողական այդ C-300 հրթիռները, որոնց վաճառքի վերաբերյալ երկկողմ պայմանավորվածություն կա, Ռուսաստանը թույլ չի տալիս ըստ նշանակության վայրի տեղ հասցնել եւ արդեն կես տարի ձգձգում է այդ գործընթացը»,- հայտարարել է իրանցի պաշտոնյան, որը նաեւ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի անդամ է:
Այդուհանդերձ, նա հույս է հայտնել, որ իր այդ հիշեցումը առիթ կլինի, որ Ռուսաստանն ավելի օպերատիվորեն սկսի խոստացված հրթիռները Իրան ուղարկել:
«Reuters»-ն այս առնչությամբ հիշեցնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այս տարվա հոկտեմբերին շնորհակալություն էր հայտնել Ռուսաստանին՝ Իրանին հրթիռներ մատակարարելուց ձեռնպահ մնալու համար: Բայց Թեհրանը պնդում է, որ դժվար թե Ռուսաստանի համար նպատակահարմար լինի աշխարհին ներկայանալ անվստահելի գործընկերոջ իմիջով, եւ հույս է հայտնել, որ հրթիռային համակարգի մատակարարման հարցում առկա խնդիրները շատ մոտ ապագայում կհարթվեն: «Մոսկվան պետք է պահպանի պայմանավորվածությունն ու սիոնիստների ազդեցությանը չտրվի»,- հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել