Այսօր ՀՀ Ճարտարապետների միությունում կկայանա «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի» առաջին համագումարը: Ասոցիացիան հիմնադրվել է այս տարի ամռանը: «Առավոտը» զրուցեց նորաստեղծ կառույցի նախագահ Գագիկ Սողոմոնյանի հետ:
Վերջին տարիներին բնակվելով Փարիզում՝ պարոն Սողոմոնյանը եւ նրա հայաստանյան գործընկերները, ուսումնասիրելով ՀՀ-ի հուշարձանների վերականգնման ոլորտը, լուրջ մտահոգություններ ունենալով՝ հիմնադրեցին ասոցիացիան՝ նպատակ ունենալով հուշարձանների պահպանության ոլորտը հասցնել համապատասխան մակարդակի: Ֆրանսիայի պատմական հուշարձանների ճարտարապետների ասոցիացիայի անդամը, ով ժամանակին աշխատել է Ֆրանսիայի հուշարձանների գլխավոր ճարտարապետի հետ, այժմ ՀՀ-ում հիմնադրած ասոցիացիայի եւ նրա շուրջ 40 անդամների հետ հուշարձանների վերականգնման եւ պահպանման ոլորտում տեղ գտած խնդիրների համար առաջարկում է մի շարք լուծման ճանապարհներ: «Առավոտի» հետ զրույցում պարոն Սողոմոնյանն ասաց. «Այսօր մեր պատմական հուշարձանների վիճակը մտահոգիչ է: Նախապես մի մոնիտորինգի խումբ ստեղծեցինք, որը զբաղվեց ոլորտի ուսումնասիրությամբ: Ցավոք, միջազգային արժեք ունեցող մի շարք հուշարձաններ ավերված վիճակում են: Այսօր հուշարձանների վերականգնման եւ պահպանության քաղաքականությունը ոչ պատշաճ մակարադակով է տարվում, հաճախ ճիշտ չի որոշվում, թե որ հուշարձանի վերականգնմանը տալ առաջնահերթություն»:
Գ. Սողոմոնյանը, պատմական էքսկուրս կատարելով հուշարձանների վերականգնման ոլորտում, փաստեց, որ դեռ Ալեքսանդր Մակեդոնացին, մուտք գործելով Բաբելոն, էլիտային իր կողմ գրավելու համար սկսեց վերականգնել Բաբելոնյան աշտարակը: Պարոն Սողոմոնյանի փոխանցմամբ՝ աշխարհում այսօր առաջնորդվում են վենետիկյան խարտիայի՝ 1964-ի Ճարտարապետների եւ ճարտարագետների 2-րդ համագումարում մշակված դրույթներով, որոնցից կարեւորագույնները հուշարձանի կոնսերվացումն ու վերականգնումն են: Դառնալով հայկական հուշարձաններին՝ զրուցակիցս նկատեց. «Մեր հուշարձանների առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր քար կարծես թելադրում է, թե հաջորդը որտեղ է լինելու: Այսինքն՝ դրա շնորհիվ հայկական հուշարձանների մի մասը հնարավոր է վերականգնել ամբողջությամբ՝ չհեռանալով անաստիլոզի մեթոդից»: Գ. Սողոմոնյանը նաեւ ասաց. «Մասնագետների հիմնական մասը, որոնք ի վիճակի են լրջորեն մոտենալ հուշարձաններին, այսօր տնտեսական շրջանառությունից դուրս են: Հուշարձանների վերականգնումը հաճախ կատարվում է սիրողական մակարդակով: Բյուջեի խիստ անբավարար լինելը եւս լուրջ ազդեցություն ունի վերականգնման աշխատանքների որակի վրա»: Պարոն Սողոմոնյանը բերեց մի քանի օրինակ, թե որ երկրում տարեկան ինչ բյուջե է հատկացվում հուշարձանների պահպանության ոլորտին: Էստոնիան, որը բնակչության թվով զիջում է ՀՀ-ին, այս ոլորտին տարեկան հատկացնում է 3 միլիոն եվրո, Ադրբեջանը՝ 90 միլիոն, այն դեպքում, երբ ՀՀ-ում այդ թիվը 1 միլիոնի շրջանակներում է:
Խոսելով ասոցիացիայի նպատակներից՝ «Առավոտի» զրուցակիցը նշեց. «Միասին ենք, որ նախ պաշտպանենք միմյանց շահերը: Օրինակ՝ մասնագետների շահերի ոտնահարում է այն, որ վերականգնված հուշարձանների մոտ ցուցանակներ տեղադրելիս չի նշվում հեղինակ-վերականգնողը: Մեր մյուս նպատակն է անընդհատ տեղեկանալ աշխարհում կատարվող զարգացումներին, հասնել միջազգային մասնագիտական մակարդակի եւ պահպանել այն: Ուզում ենք ստեղծել փորձագիտական խորհուրդ, որ կառավարությունը հուշարձանների վերականգնման եւ պահպանման քաղաքականությունն իրականացնելիս հաշվի առնի նրա կարծիքը: Այսօր, հուշարձանների պահպանման պետական մարմինը դեռ կայացած չէ, ուստի առաջարկում ենք ստեղծել Հուշարձանների պահպանման եւ օգտագործման կոմիտե, որը գոյություն ուներ դեռ 1920-ին եւ ղեկավարվում էր Ալ. Թամանյանի կողմից: Այլ ծրագիր է՝ ստեղծել պատմական հուշարձանների գլխավոր ճարտարապետների համակարգ: Դա նշանակում է, որ ամեն շրջան ունենա իր հուշարձանների գլխավոր ճարտարապետը, որը կկոորդինացնի տվյալ շրջանի առաջնահերթ խնդիրները: Անհրաժեշտ է հիմնել լիզենզավորման համակարգ, որից հետո պատահական մասնագետներ չեն կարող մոտենալ հուշարձանին»: Խոսելով ֆինանսական խնդիրների լուծման մասին, ասոցիացիայի նախագահն ասաց. «Պետք է արթնացնել տեղական իշխանությունների՝ մասնավոր հատվածի գիտակցությունը մասնակցելու հուշարձանների պահպանման ֆինանսավորմանը: Ունենք նաեւ հիմնադրամի ստեղծման գաղափար եւ այլն: Հայաստանում հուշարձանների պահպանության եւ վերականգնման ոլորտում գումարների բաշխումը թափանցիկ չէ, որի պատճառն է վերականգնման աշխատանքների ստույգ գնացուցակի բացակայությունը»:
Համագումարի արդյունքում ձեւակերպված բոլոր եզրակացությունները եւ առաջարկները ասոցիացիան նախատեսում է ուղարկել ՀՀ նախագահին, վարչապետին եւ այն պետական մարմիններին, որոնք առնչվում են հուշարձանների պահպանման հետ: