Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՅՈՒՋԵՆ՝ ԸՆԴԴԵՄ ՕՐԵՆՔԻ

Նոյեմբեր 14,2009 00:00

\"\"Կրթության մասով բյուջեի կրճատումը թույլ չի տալիս կատարել «Հանրակրթության մասին ՀՀ օրենքի» պահանջները

2010 թվականի պետական բյուջեն՝ կրթության մասով 25%-ով կրճատվել է: Խոստովանենք, որ 2009-ի համեմատ 1/4-ով պակասած բյուջեն պիտի որ մտահոգության տեղիք տա: Ճիշտ է, ԿԳ նախարարը իր վերջին ասուլիսում ասաց, որ դա առանձնապես չի ազդի կրթական ծրագրերի վրա. հիմնական հարվածն իր վրա կվերցնի դպրոցաշինությունը, իսկ մնացած դեպքերում նախարարն ամեն ինչ բացատրում էր ժողովրդագրական պատկերով: Իսկապես, այս տարի հանրապետությունում աշակերտների թիվը 19 000-ով պակասել է: Իսկ մեր դպրոցները ֆինանսավորվում են աշակերտների թվով: Թեեւ յուրաքանչյուր աշակերտի թվով հատկացվելիք գումարը չի կրճատվել, սակայն ընդհանուր հաշվով դպրոցներում այս տարի ֆինանսական լուրջ խնդիրներ են սպասվում:
Բյուջեի կրճատումների եւ դրանից բխող խնդիրների մասին իր մտահոգությունները մեզ ներկայացրեց ԱԺ մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը: «Պահպանվել է անցյալ տարվա աշակերտ-թիվ ֆինանսավորումը, չեն կրճատվել ուսուցիչների աշխատավարձերը, բայց դա դեռ ուրախանալու առիթ չէ, քանի որ նախորդ տարիներին կառավարության ռազմավարությամբ՝ կրթության բարեփոխումների ծրագրերով նախատեսվում էր ամեն տարի 20%-ի չափով աշխատավարձի բարձրացում, փաստորեն՝ այս տարի դա չի լինի: Խիստ պակասել են կապիտալ հիմնանորոգումները: Այսպես թե այնպես՝ կրթությունը լուրջ խնդիրներ կունենա 2010-ին, հատկապես, եթե գումարենք այն մտահոգությունը, թե եղած գումարները՝ ընդհանուր հաշվով 96 մլրդ դրամը, նախորդ տարվա 125 մլրդի փոխարեն, ինչքանո՞վ արդյունավետ կծախսվեն»:
Սակայն տիկին Բախշյանին, որը նաեւ «Հանրակրթության մասին» վերջերս ընդունված օրենքի ջատագովներից է, մտահոգում է նաեւ այն, որ «2010 թ. բյուջեն բոլորովին հաշվի չի առել «Հանրակրթության մասին օրենքի» պահանջները: Ես մի քանի օր առաջ կառավարության առջեւ բարձրացրի բարձրլեռնային եւ սահմանամերձ շրջաններում աշխատող ուսուցիչների աշխատավարձի 50%-ով ավելացման հարցը, որը օրենքի պահանջ է, բայց բյուջեն չի ներառել դա: Իմ բարձրացրած հարցին ի պատասխան՝ ասվեց, որ օրենքում պիտի փոփոխություն լինի, նախատեսում են վերանայել, հանել այդ կետը: Բայց չէ՞ որ օրենքը դեռ գործում է, որեւէ փոփոխություն չի ներկայացվել, եւ քանի դեռ օրենքի փոփոխությունը չկա, կառավարությունը պարտավոր էր հաշվի առնել այդ կետը: Ես շարունակելու եմ պնդել, որ օրենքի փոփոխությամբ դա գոնե անցումային շրջանի մեջ գրվի, որպեսզի այդ ուսուցիչներն իմանան, որ 2 տարի էլ գոտիները ձգեն, բայց հետո օրենքով 50%-ով ավելի պիտի ստանան: Սա շատ լուրջ, ռազմավարական, պետական անվտանգության խնդիր է: Պետությունը պիտի իր խնամքի, իր պաշտպանության տակ առնի սահմանամերձ շրջանների ուսուցիչներին, այնինչ… Ավելին ասեմ, այդ հեռավոր գյուղերում, որտեղ ժողովրդագրական լուրջ խնդիր կա, երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարաններ են բացում, եւ այդ դասարաններում պարապող ուսուցիչներին 22 կամ 15 րոպեի համար են վճարում, ասում են՝ երկկոմպլեկտ է, ուրեմն դասդ 2 մասի ես բաժանել, 45 րոպեն մեխանիկորեն բաժանում են 2-ի կամ 3-ի: Ես այդ մասին նախարարին հատուկ նամակ եմ գրել եւ նախարարության համապատասխան վարչությունը պատասխանել է, որ մեկ կարգ կա վարձատրության՝ դա դրույքն է, քանի ժամ-դրույք է պարապում այդ ուսուցիչը: Լոռու մարզպետն ինձ բացատրական նամակ էր գրել՝ տիկին Բախշյան, Դուք չեք հասկանում, ինչպե՞ս կարելի է ուսուցչին վճարել լրիվ 45 րոպեի համար, եթե նա պարապում է 5 աշակերտի հետ: Ես իրեն պատասխան նամակ գրել եմ՝ պարոն մարզպետ, ուսպլանով դասապրոցեսի 45 րոպեն աշակերտների թվից կախված չէ, այն տրված է ուսումնական նյութը աշակերտին հասցնելու համար, 45 րոպեում ուսուցիչը պիտի դաս բացատրի, ամրապնդի, հարցեր տա, իրեն հարցեր տան… Ուսուցիչը մեղավոր չէ, որ 5 կամ 3 աշակերտ ունի: Ասեմ, որ բոլոր մարզերի դպրոցների տնօրեններին հատուկ նամակ եմ ուղարկել հատ-հատ, որ իմացեք՝ կարգը սա է, դպրոցի տնօրեն կա, ասում է՝ շնորհակալ եմ, տնօրեն էլ կա, որ վրդովվում է, թե ինչու պիտի 45 րոպեի համար վճարի ուսուցչին, եթե նա 3 հոգու հետ է պարապում»։
«Հանրակրթության մասին» օրենքը կարծես շատ անպատեհ պահի ընդունվեց՝ հաշվի չառնելով ֆինանսական ճգնաժամն ու դրանից բխած՝ կրթության մասով բյուջեի կրճատումը: Նոր օրենքով այնքան բան է նախատեսվում, որ ֆինանսական լուրջ ներդրման կարիք ունի, եւ հիմա այս իրավիճակում խնդիրներ են առաջանում օրենքի կատարման հետ կապված: Այս կապակցությամբ Անահիտ Բախշյանը եւս մի մտահոգություն ունի. «Այդ օրենքից բխող ուսուցիչների ատեստավորումը, որը պիտի սկսվեր 2010 թ. մարտին, ենթադրում է ֆինանսական ներդրում: Եթե մենք ուսուցչին տարակարգով պիտի վճարենք (ճիշտ է, ես չգիտեմ, թե քանի տոկոս կլինի տարակարգերի միջեւ տարբերությունը, բայց ենթադրում եմ, որ առնվազն 20% տարբերություն պիտի ունենան այդ տարակարգերը, որպեսզի ուսուցիչը ձգտում ունենա տարակարգը բարձրացնելու), ապա հիմա դա էլ է հարցականի տակ դրված»: Մեկ այլ խնդիր էլ ավագ դպրոցների հետ է կապված: Համաձայն օրենքի՝ ավագ դպրոցի ուսուցիչները պիտի 20% բարձր վարձատրություն ստանան: Սակայն ինչպես նշում է պատգամավորը՝ «ավագ դպրոցն էլ է ֆինանսավորվում աշակերտ-թվով, եւ ընդամենը բազմապատկվում է 1.1 գործակցով, այսինքն, յուրաքանչյուր աշակերտի համար 105 000-ի փոխարեն այդ գումարը դառնում է 116 500 դրամ: Դա նշանակում է, որ ավագ դպրոցում ֆինանսավորումն ավելացել է 10%-ով, որը նույնիսկ բավարար չէ ուսուցիչների աշխատավարձը  20%-ով բարձրացնելու համար: Այնինչ ավագ դպրոցի ուսպլանով նախատեսված 34 ժամի մի մասն էլ կիսվում է եւ ուսուցիչը պարապում է 50 ժամ: Ստացվում է, որ աշակերտ-թիվ ֆինանսավորումն ավելանում է 10%-ով, դպրոցն ուսուցչին 20% ավելի պիտի վարձատրի, եւ պիտի ունենա ավելի հագեցած տարածք՝ լաբորատորիա, գրադարան եւ այլն»: Ինչպե՞ս պետք է այդ ամենը կարողանա անել ավագ դպրոցի տնօրենը՝ հարց է, ու զարմանալի չէ, որ դպրոցների տնօրեններն ամեն կերպ պայքարում էին, որ իրենց դպրոցն ավագ չդառնա, այնինչ՝ այս խնդիրը լրջորեն դրված է կրթության բարեփոխումների հիմքում եւ ճիշտ ընթացքով գնալու դեպքում մենք կարող է ունենանք կրթության որակի աճ:

Հ. Գ.-Ավագ դպրոցի կայացման ճանապարհին առաջացած մյուս խնդիրների մասին՝ կարդացեք մեր առաջիկա համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել