Լրահոս
Օրվա լրահոսը

«Սլավա-Յապոնչիկը» գիտեր Վարդան Մամիկոնյանին…

Նոյեմբեր 14,2009 00:00

Լեռնիկ Մելքոնյանի հուշերից

Սկիզբը՝

Սեղանի շուրջ նստածները, գրեթե բոլորը, գիտության եւ մշակույթի նշանավոր դեմքեր էին՝ իրենց կանանց հետ: Այդ երեկոյան Սլավիկն իրեն անհամեմատ լավ էր զգում, զրուցում էր ցանկացած թեմայի շուրջ, խոսում էր տարբեր երկրների պատմությունից, իր վարվելաձեւով զարմացնում ներկաներին: Իսկ երբ նա ոտքի կանգնած խմում էր դարերից եկող բարեկամ հայ ժողովրդի կենացը, խոսում հայ ժողովրդի պատմությունից՝ Վարդան Մամիկոնյանից մինչեւ Սարդարապատի ճակատամարտը, ես եւ եղբայրս ապշել էինք հայոց պատմության նրա իմացությամբ: Եղբորս՝ Մանուկի տանը, մեր տանը գրեթե ամեն շաբաթ-կիրակի ճաշկերույթ էր լինում, որին մասնակցում էին գործող գեներալներ, նախարարներ, գիտության եւ արվեստի գործիչներ. զարմանալու բան չունեի: Բայց այդ երեկո «Սոֆիա» ռեստորանում մեզ թվում էր, թե ինչ-որ մեծ երկրի թագավորի սեղանից ենք օգտվում: Այդ էին վկայում սեղանի ճոխությունը, սպասարկման ձեւն ու որակը եւ երաժիշտների անթերի կատարումը:
Մեր հաջորդ հանդիպումը Սլավիկի հետ տեղի ունեցավ ամիսներ անց՝ Երեւանում: Նա եկել էր մասնակցելու Մարատի 40-ամյակին նվիրված խնջույքին: Սլավիկը Երեւանում մնաց երկու օր: Նա ապրում էր «Արմենիա» հյուրանոցում, որն այդ օրերին դարձել էր Սլավիկի «շտաբ-կվարտիրան»: Միշտ նրա հետ էին Ալիկը՝ «Ասաֆը» (Մոսկվայից), Նորիկը՝ «Դքի» (Երեւանից): Այդ ժամանակ էր, որ պայմանավորվեցինք օգոստոսին հանդիպել Սոչիում՝ «Պրիմորսկի» լողափում կամ «Կամելիա» ռեստորանում: Սակայն այդպես չստացվեց: Հանդիպեցինք պատահական: Օգոստոսյան շոգ օրերից մեկն էր, կարծես այդ օրն արեւն ավելի կատաղած էր Երկիր մոլորակի այդ մասի վրա, նրա ճառագայթներն անխնա այրում էին Սոչին, մարդու մաշկը վերնաշապիկի տակ անգամ՝ փողոցում քայլելիս սեւանում էր: Առավոտից սկսած, քաղաքային ռադիոն հաճախակի հաղորդում էր՝ փողոց քիչ դուրս գալ: Արգելվում էր նույնիսկ ծովափ գնալ:
Օգտվելով օրվա տապից, ուզեցի գնալ Գագրա քաղաք, տեղի ավտոտեսչության պետ Գուրամ Շենգելիային եւ դատախազին հյուր: Քանի որ ապրում էի «Մոսկվա» հյուրանոցում, Գագրա գնալու համար միակ ճանապարհն անցնում էր «Մորվոկզալի» մոտով: Ոլորապտույտ ճանապարհով բարձրանալիս՝ աջ կողմում նկատեցի «Գազ-24» սեւ եւ սպիտակ «Վոլգա» մեքենաներ, որոնց շուրջ խմբված էին աչքի ընկնող հաղթանդամ տղաներ: Նրանց մեջ տեսնելով «Յապոնչիկին», հանկարծակիի գալով, բարձր ձայնով վարորդիս ասացի՝ կանգնիր: Նա շփոթվելով կտրուկ արգելակեց մեքենան, եւ անմիջապես լսվեց ետեւից եկող մեքենայի հարվածի ձայնը: Հարվածն այնքան ուժեղ էր, որ գրավեց շրջապատի մարդկանց ուշադրությունը:
Վարորդին թողնելով, որ վթարը կարգավորի, մոտեցա այն խմբին, որտեղ Սլավիկն էր: Տեսնելով ինձ՝ նա նույնպես մոտեցավ: Երբ տղաները մեր ջերմ հանդիպումը տեսան, նրանցից երկուսը անմիջապես մոտեցան վթարի ենթարկված մեքենաներին: Ինչ-որ բան խոսելուց հետո երկու մեքենան էլ ուղարկեցին տեխսպասարկման կայան: Սլավիկը նոր էր իջել Օդեսայից եկող զբոսանավից ու շտապում էր: Մենք պայմանավորվեցինք հաջորդ օրը ժամը հինգին հանդիպել «Պրիմորսկի» լողափում՝ Նեպտունի արձանի մոտ: Տղաներից մեկը ինձ մեքենայով հասցրեց հյուրանոց: Հաջորդ օրը ժամը 5-ին մոտ Սլավիկը դեռ ուշանում էր:
Հանգստացողները կամաց-կամաց գնում էին, պակասում էր երեխաների աղմուկն ու ճիչը, ծովը հանգիստ էր… Այդ չքնաղ տեսարանով տարված, չնկատեցի, թե ինչպես Սլավիկը մոտեցավ: Նա լողազգեստով էր, նրա ոչ բարձրահասակ, պինդ մարմնի կառուցվածքը, մկանների փոքր-ինչ երեւացող հյուսվածքը ցույց էին տալիս, որ այդ մարդը շարունակ զբաղվում է մարմնամարզությամբ եւ տիրապետում է ֆիզիկական մեծ ուժի, որին ականատես եղա հաջորդ օրը՝ «Պրիմորսկի» լողափում: Ավազների վրա պառկած զրուցում էինք: Մեր կողքին էր նաեւ Սլավիկի ընկերը՝ կնոջ եւ երեխայի հետ: Մեզնից քիչ հեռու մի խումբ մարդիկ թղթախաղով էին զբաղված: Նրանցից երկուսը՝ «օրենքով գողեր», երբեմն տաքանալով անվայելուչ արտահայտություններ էին թույլ տալիս: Եղավ մի պահ, երբ սկսեցին անպարկեշտ հայհոյանքներ տալ: Այդ պահին Սլավիկի ընկերոջ երեխան շփոթված մեզ նայեց… Սլավիկը մեղավոր հայացք ձգելով երեխային՝ դանդաղ բարձրացավ տեղից եւ քայլեց դեպի հայհոյողները: Ես հետեւեցի նրան: Նայելով Սլավիկի զայրույթից այլայլված դեմքին՝ վախեցա. ինչ-որ բան կատարվելու էր: Սլավիկը ձեռքի լրագրերը շպրտեց նրանց վրա եւ ցածր, բայց խիստ տոնով ասաց՝ «Դուք մոռացե՞լ եք որտեղ եք գտնվում, չե՞ք ամաչում: Շրջապատում կանայք եւ երեխաներ կան», եւ ավելի զայրացած ավելացրեց. «Ես ուզում եմ, որ դուք ձեր բերանը բացեք միայն ուտելու համար»: Խաղացողներից մեկը փորձեց պատասխանել, բայց հանկարծակի հայտնված ըմբիշի կազմվածքով մի երիտասարդ խոսքերով զսպեց նրան: Համոզվեցի մեկ անգամ եւս, որ հանցաշխարհում կան Սլավիկի նման անհատներ, որոնք վճռական պահին կարող են իրենց այնպես դրսեւորել, որ հազարավոր մարդկանց նախանձը շարժեն: Այդ միջադեպից որոշ ժամանակ անց ես Սլավիկին առաջարկեցի երեկոյան գնալ «Կամելիա» ռեստորան՝ ժամանակ անցկացնելու: Նա խոսքս ընդմիջելով վրա բերեց՝ «պայմանավորվեցինք», եւ մտանք ծով: Ծովում լողալիս մեր շուրջը հավաքվեցին մոտ տասը «օրենքով գողեր»: Հավաքը տեւեց մոտ երեսուն րոպե: Երբ մոտենում էինք ալիքները սանձահարող պատնեշին, մյուսները մեծ ջանքեր գործադրելով, մեկը մյուսին օգնելով մի կերպ բարձրացան պատնեշի վրա, իսկ Սլավիկը՝ ընթացքից դելֆինի նման դուրս պրծավ ծովից եւ կանգնեց պատնեշի վրա: Աչքերիս չհավատացի եւ մինչեւ հիմա էլ չեմ պատկերացնում, թե նա այդ ցատկն ակրոբատիկ ի՞նչ հնարքով եւ ի՞նչ ուժի շնորհիվ կատարեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել