Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԱՌԱՋԵԼ Է ԳԻՉՅԱՆԻՆ

Նոյեմբեր 14,2009 00:00

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 15-ին դատական ակտերի հարկադիր կատարողները խոչընդոտել էին ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Հայրապետյանին՝ մասնագիտական գործունեություն իրականացնել («Ռետինակիրները խոչընդոտել են փաստաբանին», 16.10.2009): Փաստաբանը, որը Հանրապետության հրապարակում գտնվող «Էրեբունի» հյուրանոցի բակում բնակվող, անհատ ձեռներեց Խաչատուր Գիչյանի ներկայացուցիչն է, այդ կապակցությամբ հաղորդմամբ դիմել է ոստիկանության տարածքային բաժին: Մեզ հետ զրույցի ժամանակ փաստաբանը հայտնել էր, որ վեճը ամերիկյան «Յունիտրանս Ինթերնեյշնըլ» ընկերության հետ է, որը Խ. Գիչյանին տարածքից վտարելու հարց է բարձրացրել:
«Յունիտրանս Ինթերնեյշնըլ» ընկերության ներկայացուցիչ Հ. Վարդանյանը «Առավոտին» գրավոր պատասխանել է. «Յունիտրանս Ինթերնեյշնըլ» ընկերությունը, համաձայն Երեւանի քաղաքապետի 25.08.2000թ. որոշման, ստացել է Երեւանի Հանրապետության փողոցում գտնվող հողատարածքի վարձակալության իրավունք: Վարձակալության պայմանագրով նախատեսվել է, որ եթե ՀՀ օրենսդրությունը հետագայում թույլ տա հողատարածքի մասնավորեցում կամ սեփականատիրում, ապա վարձակալ «Յունիտրանս Ինթերնեյշնըլ» ընկերությունը պետք է ունենա հողատարածքը գնելու իրավունք, ընդ որում՝ նախապատվության իրավունք:
Հիմնվելով վերոգրյալի եւ ՀՀ հողային օրենսգրքի 62 եւ 66 հոդվածների վրա՝ հողատարածքի կադաստրային արժեքն ամբողջությամբ վճարելուց հետո ընկերությունը ստացել է հողատարածքի սեփականության իրավունք:
Ընկերությունը ձեռնամուխ է եղել տարածքի ցանկապատման եւ կառուցապատման աշխատանքներին: 2007թ. աշնանը ոմն Խաչատուր Գիչյան (որը պահակություն էր անում ընկերության հողատարածքին հարող շինությունների տարածքում) ընկերության ղեկավարությունից խնդրել է իր շարժական տնակը տեղադրել հիշյալ հողատարածքում՝ տարածքը հսկելու եւ հաջորդ տարվա գարնանն իսկ դուրս բերելու պայմանով: Ընկերությունն ընդառաջել է Գիչյանին՝ վերոգրյալ պայմաններով 2007թ. ձմեռը հողատարածքում մնալու հարցում»:
Ըստ «Յունիտրանս Ինթերնեյշնըլ» ընկերության, 2008թ. գարնանը իրենք դիմել են Գիչյանին՝ տարածքն ազատելու պայմանավորվածությունը կատարելու համար. «Գիչյանը հրաժարվեց խոստումը կատարել եւ ինքնակամ ազատել ուրիշին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքը: Հասկանալով, որ Գիչյանի հետ հնարավոր չէ ընդհանուր հայտարարի գալ (ընկերությունը նույնիսկ այլ հողատարածք է առաջարկել նրան Երեւանի ծայրամասում), 2008թ. ամռանը ընկերությունը, դիմելով դատարան, շուրջ 1,5 տարվա դատական գործընթացների արդյունքում, ի վերջո, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճռի հիման վրա կարողացավ վտարել Խ. Գիչյանին եւ վերջինիս ընտանիքին՝ նշված տարածքից: Այսինքն, Գիչյանների վտարումը կատարվել է դատարանի վճռի հիման վրա, ՀՀ ԴԱՀԿ մարմինների միջոցով եւ որեւէ օրինախախտման կամ շրջանցման մասին խոսք լինել չի կարող»:
Ամերիկյան ընկերությունը փաստաբան Տ.Հայրապետյանի այն հայտարարությանը, թե ընկերությունն առաջարկել է $100 Գիչյանների տնակը աղբարկղ նետելու համար, անհիմն է համարում, նշելով. «Իրականում մենք առաջարկել ենք Գիչյանին մատնացույց անել վերջինիս կողմից օրինական հիմքերով տիրապետվող հողամաս՝ ընկերության միջոցներով նրա տնակը այդ վայր տեղափոխելու եւ տեղադրելու համար: Տվյալ գործողությունների համար ծախսերը կկազմեին 100, 200, թե 1000 դոլար, ամբողջովին կրելու էր «Յունիտրանս Ինթերնեյշնըլ» ընկերությունը: Այդ տարբերակը Գիչյանի համար նույնպես անընդունելի էր»:
«Յունիտրանսը» հավելում է, որ չնայած դատարանի վճռով հողատարածքը իր նախկին տեսքին պետք է բերվեր Գիչյանի միջոցների հաշվին, սակայն ընկերությունն իր վրա է վերցրել այդ խնդրի լուծումը եւս: Ի դեպ, հայտնելով, որ դա իր վրա 400 000 ՀՀ դրամ է նստել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել