Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Հայաստանին է հատկացնելու 20 հազար տուփ «տամիֆլյու» դեղ: Այս դեղը նախատեսված է «խոզի գրիպի» բուժման համար: Հաշվի առնելով այն, որ «տամիֆլյուի» գինը ամբողջ աշխարհում գնալով բարձրանում է, մեր դեղատներում էլ այն վաճառվում է 18-20 հազար դրամով, ԱՀԿ-ն որոշել է այդ դեղամիջոցի անվճար հատկացումներ անել: Առողջապահության նախարարությունից մեզ հավաստիացրին, որ այս դեղամիջոցը հիվանդներին է հատկացվելու բոլորովին անվճար: Իսկ կանխարգելման համար նախատեսված պատվաստանյութը ԱՀԿ-ից մեզ դեռ չեն տրամադրում: Նախնական պայմանավորվածությամբ, A գրիպի դեմ արվող պատվաստանյութը Հայաստան կհասնի միայն հունվար ամսին:
Նշենք, որ «տամիֆլյուն» Հայաստան են ներկրում «Նատալիֆարմ» եւ «Ալֆաֆարմ» դեղագործական ընկերությունները:
Երեկ հայտնի դարձավ, որ խոզի գրիպով վարակվել է մի ամբողջ ընտանիք եւ մեկ տաքսու վարորդ: Այս տեղեկատվությունը հաստատել են նաեւ Առողջապահության նախարարության պատասխանատուները: Ըստ նույն աղբյուրի, ընտանիքում վարակը տարածել է հայրը, որը վիրուսի տարածումից 3 օր առաջ է վերադարձել Օմսկից։
Նշենք, որ վիրուսի պատճառով Հունաստանում մոտ 150 դպրոց է փակվել, սակայն այդ առումով Հայաստանում իրավիճակը դեռեւս հանգիստ է եւ մեր երկրի առողջապահության ոլորտի պատասխանատուները դպրոցները փակելու հիմքեր դեռ չեն տեսնում: