Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՏԱԶԻԻ ԱՐԽԻՎՆԵՐԸ ՀԵԿՏԱՐՆԵՐՈՎ ԵՆ ՁԳՎԵԼ

Նոյեմբեր 14,2009 00:00

Չնայած, որ այսօր ԳԴՀ-ի ՊԱԿ-ը որպես թանգարան է ծառայում, այնուամենայնիվ, գերմանացիները խոստովանում են, որ այդ կառույցի արխիվները ներկայիս Գերմանիայի համար էլ տեղեկատվության աղբյուր են հանդիսանում:

\"\"
Սրանք Շտազիի գործակալների լսող սարքերն են:

\"\"
Գործակալները լսող սարքերը տեղադրում էին ամենուր,
նույնիսկ ծառերի մեջ:

20 տարի առաջ, երբ փլուզվեց Բեռլինի պատը եւ 2 Գերմանիաները միավորվեցին, ԳԴՀ-ում իր գործունեությունը դադարեցրեց նաեւ Պետական անվտանգության կոմիտեն՝ ՊԱԿ-ը, որն առավել հայտնի է Շտազի անունով: Շտազիի գործակալները ԳԴՀ-ում աշխատել են հօգուտ Խորհրդային Միության:
Ներկայումս այդ վայրում գտնվում է Շտազիի թանգարանը: Մեր այցելությունը Շտազիի թանգարան՝ «Եվրոպական հարեւանության լրագրական ցանց» ծրագրի կազմակերպիչների նախաձեռնությամբ էր: Կովկասի, Միջին Արեւելքի եւ այլ տարածաշրջանների լրատվամիջոցների մի խումբ լրագրողներ նոյեմբերի 7-10-ը մեկնել էին Գերմանիա՝ մասնակցելու Բեռլինի պատի քանդման 20-րդ տարեդարձի առիթով կազմակերպած միջոցառումներին:
Օրական հարյուրավոր այցելու ունեցող այդ թանգարանում պահվում են մի շարք ցուցանմուշներ՝ փաստաթղթեր, ձայներիզներ, տեսաժապավեններ, լսող սարքեր եւ ֆոտոխցիկներ: Թանգարանում մեր խմբի էքսկուրսիան կազմակերպած Բարբարա Թիմը, որը նույնպես ծնվել եւ մեծացել է Գերմանիայի արեւելյան մասում, պատմեց, որ ԳԴՀ-ի այն բնակիչները, որոնք Շտազիի համար անգամ չնչին կասկածի տեղիք են տվել, հայտնվել են գործակալների ուշադրության կենտրոնում: Պատկերացնելու համար, թե 1 մարդու մասին հավաքած տեղեկատվությունն ինչ ծավալ է կազմել, բերենք միայն մեկ օրինակ. Շտազիի արխիվում այսօր պրոֆեսոր, քիմիկոս Ռոբերտ Խադերմանի վերաբերյալ պահպանվում է 55 հազար՝ 66-ական էջից բաղկացած տեղեկատվություն, գործակալների՝ հատորներով կարած գործը զբաղեցրել է մի ամբողջ սենյակ: Պրոֆեսորը հայտնվել է գործակալների թիրախում այն բանի համար, որ ՊԱԿ-ի գործունեության ընթացքում եղել է ընդդիմադիր շարժման մասնակից: Պրոֆեսորի ընտանիքի անդամներն ու ընկերները նույնպես զերծ չեն մնացել լրտեսվելուց. Բարբարա Թիմի տվյալներով, նրա ընտանիքի անդամներին հետեւել է մոտ 200 գործակալ:
Ընդհանրապես, ԳԴՀ-ի ՊԱԿ-ը համարվել է ամենաուժեղ հատուկ ծառայությունը աշխարում: Շտազիի շենքը կառուցված է հատուկ պատրաստված շատ ամուր բետոնից: Նրա աշխատակիցների թիվը հաշվվում էր 70 հազար մարդ, 300 հազարն էլ եղել են արտահաստիքային գործակալները: Ոչ պաշտոնական տվյալներով, ԳԴՀ-ի յուրաքանչյուր 50-րդ բնակիչը եղել է գործակալ:
Արդեն նշեցինք, որ ՊԱԿ-ի արխիվը պարունակել է հսկայական քանակությամբ փաստաթղթեր: Արխիվի ընդհանուր երկարությունը կազմել է 160 կիլոմետր, իսկ այնտեղ պահվող փաստաթղթերը կշռում են մոտ 6 հազար տոննա:
Բարբարա Թիմի խոսքերով, 1990-ին Գերմանիայի իշխանությունները Շտազիի փաստաթղթերի վերաբերյալ օրենք են ընդունել, ըստ որի՝ ԳԴՀ-ի բնակիչներին թույլատրվում է ծանոթանալ, այսպես ասած, իրենց «դոսյեներին»:
Ըստ Բարբարա Թիմի. «Չնայած դրան, Արեւմտյան Գերմանիայի որոշ քաղաքական գործիչներ դեմ էին, որպեսզի մարդիկ ծանոթանան այդ արխիվներին եւ նրանք առաջարկում էին այդ արխիվները 50 տարով փակել ինչ-որ տեղ եւ աստիճանաբար ոչնչացնել: Շատ փաստաթղթեր վերջին պահին արդեն ոչնչացվել էին ՊԱԿ-ի աշխատակիցների կողմից՝ հատուկ սարքերի միջոցով, բայց այդ փաստաթղթերն այնքան շատ են եղել, որ սարքերը չեն դիմացել եւ փչացել են: Նրանք ստիպված են եղել դրանք ձեռքով պատռել եւ լցնել պարկերի մեջ: Պատկերացնո՞ւմ եք՝ պատառոտված փաստաթղթերի մոտ 16 հազար պարկ էր գոյացել»:
Հայտնի է, որ Շտազիի գործակալ է եղել նաեւ ՌԴ ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինը: Նա մյուս գործակալների նման ԳԴՀ-ի բնակավայրերից մեկում իր առանձնատունն է ունեցել: Նշենք, որ Շտազիի՝ հատկապես կարեւոր պաշտոններ զբաղեցնող աշխատակիցները բավականին բարձր են վարձատրվել: Կոմիտեի նախագահի՝ Էրիկ Միլքի աշխատավարձը կազմել է 6 հազար 600 մարկ, այն դեպքում, երբ ԳԴՀ-ում ապրող թոշակառուն ստացել է 370 մարկ:
Բարբարա Թիմի ներկայացմամբ, չնայած, որ արտահաստիքային գործակալները աշխատել են հասարակական հիմունքներով, այնուամենայնիվ ժամանակ առ ժամանակ գումարային պարգեւատրումներ են ստացել՝ մոտ 1000 մարկ:
«Առավոտը» Բարբարա Թիմից հետաքրքրվեց, թե Գերմանիայի ներկայիս անվտանգության մարմինները, անհրաժեշտության դեպքում, օգտվո՞ւմ են, արդյոք, Շտազիի պատմական արխիվների տեղեկատվությունից: Մեր հարցին տիկին Թիմը ժպտալով պատասխանեց՝ այո, անպայման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել